Գիտելիքի ձեռքբերման ներկան ու ապագան կախված են գիտակցումից, թե վերջապես ինչին է ծառայում այդ գիտելիքը։ Հանրակրթական դպրոցներում գուցե առաջին դասը կամ առաջին գիտելիքը միտված լինի դրա խնդիրը, օրինաչափությունն ըմբռնելուն։ Դպրոցը կամ համալսարանը վերջապես էթիկական բուն կանոնակարգեր սերտելու հաստատություն չէ։ Դպրոց չեն գնում միայն նրա համար, որ լավ մարդ դառնան, կամ մյուս կլիշեն՝ որ խելացի մարդ լինեն, հասարակության համար պիտանի, կամ որ հանապազօրյա հաց վաստակելու գաղափարներ ու միջոցներ կուտակեն։ Նաեւ՝ դպրոց կամ համալսարան չեն գնում, որ միայն ու միայն ՀՀԿ-ական դառնան, համալրեն, լրացնեն իշխող կուսակցության որկորը։ Նաեւ՝ դպրոցի կամ համալսարանի տնօրեն չեն դառնում, որ կազմակերպեն եւ հանդես գան որպես պետության համար վճռորոշ ընտրությունների, ընտրարշավների գլխավոր կեղծարարներ։ Ուսումնական կենտրոնը գիտելիք ձեռք բերելու, գիտելիքի հետ հարաբերակցվելու եւ դրա շուրջ մտածելու կեցավայր է, անշուշտ՝ ոչ մեռած, ոչ էլ քարացած։
Գիտելիքի ամբողջականությունը, որով կազմակերպվում է մեր կյանքը, Հայաստանում շրջվում է եւ ձեռքբերողների, եւ ինքն իր դեմ։ Կրթական ոլորտը բարելավելու առնչությամբ եղել են բազմաթիվ հրապարակումներ, բանավեճեր, եղել են առաջարկներ, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվում։ Մենք նույն տեղում ենք։ Իշխանական դիսկուրսում ներկա գիտելիքը, իհարկե, պարարտ վիճակում է, եւ ոլորտում ծավալուն փոփոխությունները կարող են անչափ վտանգավոր հետեւանքներ ունենալ։ Չէ՞ որ նոր գիտելիքը նաեւ նոր մարդու գաղափար է վերարտադրում կամ նոր մարդու պատկերացումների հնարավորություն է։
Մինչդեռ կայուն ու ճանաչելի եղանակը հեշտ վերահսկելի է։ Իշխանությունների համար անիմանալի օդը, նորը, անհարմարը սպառնալիքի գրգիռներ են, ուստի կրթական ոլորտում բարեփոխումները կնշանակեն բարեփոխումներ սեփական գիտակցության մեջ՝ ի շահ հասարակության կամ հասարակական կյանքի։ Կարճ ասած՝ կրթական ոլորտն ունի բարեփոխման մեն մի հնարավորություն՝ դա իշխանափոխության հնարավորությունն է։ Կգնա իշխանությունը, ուզած թե չուզած՝ իր կերպը կփոխի եւ կրթությունը։ Սակայն այդ պարագայում էլ վերջնականապես չենք կարող ասել՝ արդյոք կրթությունը կունենա՞ սեփական, ազատագրված, առանձնակի դեմքը, թե՞ վերստին կկապկի իշխանությանը։ Այս սիստեմը, գիտելիք չստեղծելով, ամեն րոպե վաճառում է գիտելիքի դատարկ տարաները եւ համոզում, որ դրանց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կա, որ ապագայում այդ հուսահատեցնող դատարկությունը գուցե պիտանի լինի։ Եվ կանխատեսումներն իրականանում են։ Ահա, դատարկ տարաների սփոփիչ տեսությունից շարունակաբար ծնվում են ու սերտաճում իշխանության հետնորդներն ու հետեւորդները։
Արամ ՊԱՉՅԱՆ