Քաղաքականություն

Ջարդ՝ առանց կորուստների

Ջարդ՝ առանց կորուստների

Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում վերահաստատվելն իսկապես հասարակության որոշ հատվածների համար հույսի ու լույսի մի նոր առհավատչյա է։ «Դռայվը» վերադառնում է, «դռայվն» իր գործն արեց եւ հիմա վերադառնում է, որ պայծառափայլի եւ վերականգնի կորուստների հիթ-շքերթները: Հիմա ողջ կառավարությունը, աստիճանավորների եւ սպասավորների համակ զորագունդը դողէրոցքի մեջ սպասում է հրամանատարի որոշմանը: Գուցե ոմանք նույնիսկ իրենց երազներում էլ փորձում են մուտք գործել Կարեն Կարապետյանի գիտակցության մութ բավիղներ` իմանալու, հասկանալու, թե վերջապես ինչպես է տրամադրված նա:



Հիմա Կարեն Կարապետյանի հոգին կամեցողության ո՞ր սանդղակի վրա է, արդյոք հաճություն խնդրելը չի՞ կատաղեցնի նրան, կամ արդյոք գոռամտիտ, վեհաշուք պահվածքն ավելի հարմար տարբերակ չէ՞: Հիմնականում մղձավանջային բնույթի այս երազներից տեսականորեն կարող են զերծ մնալ միայն դաշնակները, կարծես թե նրանց ոչինչ չի սպառնում: Դաշնակները փաստաթղթային ու հոգեֆիզիոլոգիական համատեքստում Սերժ Սարգսյանից արդեն իսկ դաբրո ունեն: Պարզ է` Կարեն Կարապետյանը նրանց քնքշորեն չի հպվի եւ քնքշորեն չի նեղացնի: Իսկ թիկունքի թիկունք չունեցողներին, ինչպես երեւում է, լավ օրեր չեն սպասվում: Հերոդոտոսն իր հռչակավոր «Պատմությունում» գրում է. «Պարսից Քսերքսես արքան նայեց իր ահռելի բանակին ու լաց եղավ: Նա ասաց. «Շատ շուտով կոչնչանան հազարավոր կյանքեր»»: 



Այո, այդպես է. զորախմբերի հրամանատարները, առաջնորդները, ֆանատիկներն ու բռնապետերը, ինչ խոսք, հիշատակվել են նաեւ որպես բավականին սենտիմենտալ արարածներ` սկզբում աղի արտասուք են թափել, ապա ակնթարթ հետո ոչնչացրել հազարավոր կյանքեր: Ոչ ոք չգիտի, թե Կարեն Կարապետյանն ում համար կարտասվի կամ արդյո՞ք որեւէ գնացողի ետեւից սիրտը կմղկտա: Համենայնդեպս, կադրային ջարդը, սրի քաշելը, վերափոխելը, թերեւս, իշխանության միմիայն ներքին ռազմավարական հարցն է. ջարդ՝ առանց կորուստների: Սեյրան Օհանյանը, Էդվարդ Նալբանդյանը եւ մյուսները կգնան, նրանց տեղն «այլ» մարդիկ կգան. սա անվանափոխություն է:



Կարգն է այդպիսին, եթե սեղմում ես «դռայվի» կոճակը, ուրեմն պիտի արագություն հավաքես, ճեպով վերահաստատես, օրինավորես որդեգրած սկզբունքներդ: Հոգեբանության մեջ դրան տվել են drive doctrine անվանումը, որ կանխորոշում է որոշակի էմոցիոնալ գրգռվածություն, որին օտար չէ նաեւ կտրուկ անկումը, քանի որ շատ են դեպքերը, երբ դռայվը տեւում է ընդամենը մեկ շաբաթ կամ մի քանի ամիս: Կարեն Կարապետյանի առաջին դռայվը տեւել է 11 ամիս, երկրորդի ճակատագիրը, նկատի ունեմ՝ դռայվի տեւողությունը, գուշակել չենք կարող:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image