Ամերիկացի արձակագիր, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Թոնի Մորիսոնն իր վեպերում բազմիցս անդրադարձել է ԱՄՆ-ում ռասիզմի խնդրին: Նա գրում է. «Ռասիզմի ամենալուրջ գործառույթը շեղելն է: Այն կասեցնում է աշխատանքդ, վերստին ստիպում է արդարացնել գոյությունդ։ Ինչ-որ մեկն ասում է՝ լեզու չունես, եւ քսան տարի է պահանջվում քեզնից, որպեսզի ապացուցես, որ ունես։ Ինչ-որ մեկն ասում է՝ գլուխդ պատշաճ ձեւ չունի, իսկ գիտնականները փաստում են՝ ունի: Ինչ-որ մեկն ասում է՝ արվեստ չունես, իսկ դու ապացուցում ես, որ ունես։ Ինչ-որ մեկն ասում է՝ արքայություններ չունես, իսկ դու ապացուցում ես, որ ունես։ Իհարկե, այս ամենն ապացուցելու կարիքը չկա: Միշտ էլ կգտնվի ապացուցման ենթակա որեւէ մի բան»: Այս պահին ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում արտակարգ իրավիճակ է, սահմանվել է պարետային ժամ, երեք օր անընդմեջ հակառասիստական բողոքի մեծ ցույցեր են ընթանում: Պատճառը ոստիկանի կողմից սեւամորթ քաղաքացու սպանությունն է: Հերթական դեպքը: Ոստիկանը կասկածել է, թե 43-ամյա սեւամորթ Քեյթ Սքոթի ձեռքում զենք կա, թե նա վտանգ է ներկայացնում, եւ կրակել է Սքոթի ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Ավելի ուշ հիվանդանոցում տղամարդը մահացել է: Քեյթ Սքոթի հարազատները պնդում են, որ նա զինված չի եղել։
Կհիշեք՝ ամիսներ առաջ գրեթե նույն սցենարով կրկին սպանվեց սեւ տղամարդ, եւ կրկին բողոքի ալիք բարձրացավ: Այսօրինակ նախադեպերը, որ միշտ եղել են 2014 թվականից ի վեր, բազմապատկվեցին: Դատարանը մեղավոր չճանաչեց տղամարդուն գնդակահարած ոստիկանին՝ բավարար ապացույցներ չկային: Թոնի Մորիսոնը հենց սրա մասին է գրում: Նմանօրինակ յուրաքանչյուր ողբերգական պատահարից հետո արդարություն, օրինականություն եւ լիարժեք դատաքննություն պահանջող մարդիկ, որոնց մեջ կան նաեւ անվանի դեմքեր, ռեժիսորներ, գրողներ, ակտիվիստներ, նույն խնդրի առաջ են կանգնում՝ փորձում են ինչ-որ կերպ, ինչ-որ ձեւով ապացուցել, որ սեւ մարդն ու զենքը՝ դրանք հոմանիշներ չեն, որ ԱՄՆ-ում մինչ օրս վառ ձեւով ներկա է ռասիզմը՝ ուղղակի խտրականությունը, որոշումներ, գործողություններ կամ անգործություն, որն ուղղված է որոշակի հատկանիշներով անձի կամ մի խումբ անձանց իրավունքների ու շահերի սահմանափակմանը, ցանկացած տարբերակմանը, բացառմանը կամ նախապատվությանը, որը նպատակաուղղված է կամ հանգեցնում է կյանքի տարբեր ոլորտներում անձանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը։
Ամենուր մարդասիրություն, արդարադատություն, օրինականություն ու հանդուրժողականություն քարոզող ԱՄՆ-ն այսօր համանման արժեքները վերանայելու եւ վերահաստատելու խիստ կարիք ունի: Սեւ է՝ ուրեմն անպատճառ հանցագործ է, թմրամոլ, զինված... Սեւ է՝ ուրեմն վտանգավոր է, պիտի չեզոքացնել... Նման տրամաբանությամբ արդյոք այս ամենը չի՞ հիշեցնում պատմության կրկնությունը, երբ սեւ մաշկով մարդիկ ստրկությունից ու ռասիզմից ազատագրվել էին փորձում՝ պաշտպանելով իրենց ոտնահարված իրավունքները: Շառլոթ քաղաքի փողոցները ողողած ցուցարարները, «Սեւերի կյանքը կարեւոր է» շարժումը այս պահին նույն պահանջն են ներկայացնում իշխանություններին՝ դադարեցնել ուղղակի եւ գաղտագողի խտրականությունը սեւերի հանդեպ: Չի բացառվում նաեւ, որ ցույցերը գնալով կահագնանան՝ վերածվելով լայնամասշտաբ շարժման:
Արամ ՊԱՉՅԱՆ