Արդեն իսկ անկարեւոր թվացող հարցն այդպես էլ չի կարողանում փնտրել ու գտնել պատասխանը: Հայաստանի պետական ղեկավարման ներքին համակարգում տեղի ունեցող՝ ասում են, թե մասշտաբներով չլսված փոփոխությունների այս հիթ-շքերթն իսկապես ինչու ձեռնարկվեց հենց այս օրերին, երբ խորհրդարանական ընտրություններին մնացել են ուղղակի հաշված ամիսներ: Արդեն շշուկներ են պտտվում, թե դա կարեւոր չէ, կարեւորը՝ մի բան փոխվի: Վարչապետի գործողությունների հանդեպ համընդհանուր խանդավառությունն ու ոգեւորությունը հասկանալի են: Ծայրահեղ հուսալքված ու ուժատված ժողովրդի գիտակցության մեջ անգամ մի դրական ու հիմնավոր արարքն է ի զորու նոր հույսի աներեւույթ հատիկ սերմանել։ Նախագահ Սերժ Սարգսյանն այստեղ-այնտեղ խոսելիս շեշտում, հայտարարում է՝ Հայաստանում փոփոխություններ են ընթանում։ Պնախարար Վիգեն Սարգսյանի համար ազգ-բանակ գաղափարախոսության պաթետիկ տեքստն են շարադրում: Վարչապետ Կարեն Կարապետյանի արդեն իսկ յուրաքանչյուր ժեստն ու բերանից սպրդած եւ մտքում վառվող բառն է համակ ուշադրության արժանանում: Իսկ ժողովուրդը, մարդիկ այս փոփոխությունների կալվածքում որտե՞ղ են, ինչպիսի՞ դիրքն են գրավում, որքա՞ն է ժողովրդի ու մարդկանց մասնակցության չափը: Եթե սրանք այս «հույժ ճակատագրական» պահին անկարեւոր հարցեր են, ուրեմն կարեւորն անկարեւորից տարբերակելու մեծ խնդրի առաջ ենք կանգնած:
Այնպիսի տպավորություն է, որ ժողովուրդը, կինոդահլիճում նստած, մի նոր սերիալի է ականատես լինում, եւ պարզվում է՝ այդ սերիալը հենց իր մասին է, իր կեցության, իր անցյալի, ներկայի ու ապագայի: Սյուժեն է այդպիսին: Տպավորություն է, որ ամեն ինչ գողականով է արվում, բայց այս անգամ ցիվիլ՝ քաղաքակրթված գողականով: Իրենք իրենց միջից մարդկանց են զտում: Անգրագետներին փոխարինելու են գալիս կիսագրագետները: Անլեզու օլիգարխներին փոխարինելու են գալիս լեզվանի օլիգարխները: Մեկը մյուսի ետեւից բացվում են առեւտրի կենտրոնները (վերջապես Հայաստանն ամբողջովին վերածվում է մի մեծ առեւտրի ու չարչիության խնամված կենտրոնի): Ուր որ է՝ մի քանի գրոշով գազի գինը կիջեցնեն: «Այն օրից, ինչ նրանք նստում են աթոռներին եւ ուտում սեղանի առաջ, ավելի զզվելի են դարձել»,- ասում է Էլիաս Կանետին:
Կա մի ստվեր, որը ոչ մի կերպ չի լուսավորվում: Իշխանությունները կերպարանափոխվում են միայն նրա համար, որպեսզի մենք տեսնենք դա, տեսնենք ու հավանություն տանք «նոր բարոյականությանը»: Ասում են, նույնիսկ զայրանում, թե վերջիվերջո, որքա՞ն կարելի քննադատել, հերիք է, որքա՞ն կարելի է լավ բան չտեսնել: Այ, լավ չէ՞, որ կարմիր գծերի փողը գնալու է պետբյուջե, ոչ թե ինչ-որ կազմակերպության գրպանը, կամ՝ լավ չէ՞, որ Հովիկ Աբրահամյանին փոխարինել է Կարեն Կարապետյանը, եւ այսպես շարունակ:
Ինչեւէ, այնուհանդերձ, անչափ հետաքրքիր է՝ այս ամենի մեջ ժողովրդի կամքն ու ցանկությունները տեսնես ո՞ւր մնացին: Սերիալ նայելը դեռ արարք չէ: Այս «տեղատարափ» փոփոխությունների բնույթը սոսկ ունկնդրելով չես բացահայտի:
Փաստորեն, տարիներ էին հարկավոր, ավերի ու ապաշնորհության այնպիսի տարիներ, որոնք հանկարծ իրերի ու իրադարձությունների բերումով իշխանական ողջ վերնախավի աչքեր բացեին եւ նրանց ականջին փոփոխության, սեփական արարքները վերանայելու աղոթքներ շշնջային: Բայց միեւնույն է, եթե պետության վերակերտմանը ժողովուրդն իր գործուն մասնակցությունը չի ցուցաբերում, ուրեմն այս փոփոխությունները ոչ մի կերպ ժողովրդի մասին չեն: Իսկ գործուն մասնակցությունը ձայնն է, քվեն, որը տեղ չի հասնում կամ հասնում է զեղծված՝ Հայաստանում, փաստորեն, առհավետ:
Արամ ՊԱՉՅԱՆ