Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ազգային գրապալատը, առհասարակ՝ մեր պետության գրապահոցները, մեղմ ասած, լավ վիճակում չեն: Համենայնդեպս, պահոցների տանիքներից հոսող ջրերի, մսեղ առնետների ու հավերժական փոշու միֆական պատմությունների մասին շատերն են լսել: Տարիների ընթացքում եղել են հրապարակումներ, ուսումնասիրություններ, ուր ներկայացվել է պահոցների անմխիթար վիճակը:
2016 թվականի սկզբներին «ՍիվիլՆեթը» տեսանյութ էր պատրաստել՝ ցույց տալով, թե որքան լուրջ, գրեթե ոչնչացման սպառնալիքի առաջ է կանգնած 1920 թվականից պահպանվող արժեքավոր նյութը, եւ որ պետական մարմիններից այդպես էլ աջակցություն չստանալով՝ գրապալատի աշխատակիցները եղած ողջ արխիվը սեփական խնայողությունների հաշվին են որոշել փրկել:
Պարզ է, որ մշակույթի ոլորտում շատուշատ անելիքներ կան: Սակայն գրապալատը կենդանացնելու, մյուս պահոցները վերանորոգելու, առկա թանկարժեք, անձեռնմխելի ֆոնդերը ոչնչացումից ու վերջնական աղետից փրկելու համար այս պահին հույժ անհրաժեշտ ու վճռական քայլեր են հարկավոր:
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ, կարծում եմ, անպայման արդեն կատարելապես պիտի ուսումնասիրվեն պահոցների շենքային պայմանները, տանիքների, հատակների, սրահների ներկա վիճակը, սենյակների խոնավության աստիճանը՝ անելով հնարավորինս ամեն ինչ, որպեսզի տպագիր, ձեռագիր ֆոնդերը լինեն համահավաք անվտանգության մեջ, ունենան, եթե ոչ գերազանց, գոնե շատ լավ պայմաններ:
Պիտի հասկանանք՝ որքան էլ պահոցների ֆոնդերում եղած նյութերը թվայնացվեն, միեւնույն է, բնօրինակները հարկավոր է պահպանել հենց բուն կենսունակ եւ առողջ վիճակում:
Արամ ՊԱՉՅԱՆ