Հասարակություն

Քաղաքագրություն. Առաջին հակածխախոտային նյութերը

Քաղաքագրություն. Առաջին հակածխախոտային նյութերը

Դեռ 1884 թվականին «Երեւանի հայտարարություններ» շաբաթաթերթում լույս են տեսնում հակածխախոտային նյութեր, երգիծական պամֆլետներ, անգամ ծխախոտի վնասակարության վերաբերյալ զավեշտալի բանաստեղծություններ: Հեղինակները երեւանցիներին կոչ են անում քիչ ծխել եւ չհարստացնել ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերություններին:



Ստորեւ ներկայացնում եմ այդ նյութերից մեկը:



 



Մեր կյանքը նմանվում է ծխվող սիգարի այրվելուն: Երեխա ժամանակ մենք անհամբերությունից այրվում ենք՝ կամենալով հասակավոր լինել: Երիտասարդության ժամանակ մենք այրվում ենք սիրուց մի որեւէ «հրեշտականմանի» համար: Հասակ առած ժամանակներս մեզանում վառվում է պատվասիրությունը կամ դրամասիրությունը, իսկ ծերության միջոցներում բուռն ցանկության սերը հանգչում է մեր մեջ, եւ մենք սառչում ենք, դառնում ենք ինչպես ծխված, հանգած սիգարի մի կտոր: 



Սերը նմանվում է ծխախոտի, նրան շատ հեշտ է վառել եւ առաջին անգամ վառածը – սերն է, եւ այդ ծխախոտը (սերը) պետք է վառվի մինչեւ վերջ. ընդհատված ու հետո նորից սկսված սերը, ինչպես եւ հանգած, նորից կպցրած ծխախոտը, արդեն ոչ մի համ չունի:
Շատ մարդիկ չեն սիրում, որ իրենց մոտ ծխախոտ ծխեն, բայց սիրում են, որ իրենց առաջ խունկ ծխեն:



Նայելով ծխող մարդու վրա, դժվար չէ գուշակել նրա բնավորությունը: Մռայլ մարդը միշտ ահագին քանակությամբ ծուխ է թողնում բերնից, այնպես, որ ինքը ծխի մեջ չի երեւում: Երգիծաբանները, առհասարակ, թողնում են ծխի ամենաբարակ հոսանքներ, խոլերիկները քթով են ծխում եւ այլն:



Մաքսադրոշ (բանդերոլը) ծխախոտի համար նույնն է, ինչպես եւ անցաթուղթը (պասպորտ) բնակչի համար: Երկուսն էլ իրավունք չունեն գոյություն ունենալ առանց մաքսադրոշի եւ անցաթղթի:



…Իսկապես ամեն մարդ ծխում է, որովհետեւ ամեն ոք աշխատում է ծուխ թողնել մյուսի աչքերին…



…Ծխելը, ինչպես բժիշկները հայտնում են, նարկոտիկական բնավորություն ունի, այսինքն՝ թրմեցնող եւ քնեցնող միջոց է: Երեւի հենց դրա համար է, որ մինչեւ այսօր ամբողջ Եվրոպայում ոչ մի պոլիցիական աստիճանավոր չի փորձել վերջ տալ ծխելուն…



 



«Երեւանի հայտարարություններ», 1884 թվական, 24 նոյեմբեր



 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image