Հասարակություն

Կարոտաբաղձության ախտը

Կարոտաբաղձության ախտը

«Ոսկե ժամանակների» եւ, ավելի կոպիտ՝ «կորուսյալ դրախտի» հիշատակումները կատարելապես ավերակների են վերածել մտքի ներկա ու գալիք աշխատանքի հույսը: Ըստ Ջարոն Լանիրի՝ կարոտաբաղձությունը նոր տեխնոլոգիաներով զինված ժամանակակից աշխարհի, այդ աշխարհում ապրող մարդու գիտակցությունը թակարդած ամենաստորացուցիչ ախտերից մեկն է: Հետարդիականություն-համաճարակը մի դյութիչ կողմ ուներ՝ կարոտաբաղձությունը՝ թիկնել անցյալում ստեղծված հիմունքի կռնակին, վերցնել այն, խաղալ հետը, ձեւափոխել, հեգնել, վերադասավորել ու կեղծել փաստաթղթերը, քանդել-հավաքել իրականությունն ու հորինվածքը, ձեռքի տակ եղած բնանյութը, ապա անցնել հաջորդին, հյուսել հղումների ու վերահղումների մի ցանց, որն ըստ էության երբեք կենդանության նշաններ ցույց չի տալիս, անգամ երբ փորձում ես ինքդ սահմանել դրանց իմաստները: Նոր վեպերում, պատմվածքներում ու բանաստեղծություններում հղումների, ծանոթագրությունների հարցն այլեւս խնդրո առարկա է, քանի որ կա համացանցը: Գուգլ (Google) որոնողական համակարգը մատնանշում է հազարավոր աղբյուրներ, որոնք չեն ավարտվում ոչ տեղեկատվական եւ ոչ էլ իմացաբանական համատեքստերում: 



Հետարդիական վեպը, օրինակ՝ Դեւիդ Ֆոսթեր Ուոլեսի «Անավարտ կատակը», ասես այդ նույն որոնողական համակարգի վիպական մոդելն է, մի մանվածքը, որի թելերը համանման բաղադրությունից են եւ բոլորն էլ կապված են միմյանց, սակայն, դրանով հանդերձ, անջատ են, ունեն առանձնակի կաղապարներ: Հետարդիական վեպը, որքան էլ ասկետական է, խաղացկուն ու հեգնային, միեւնույն է՝ դատապարտված է ինքնապաշտպանության, այն ուրիշ տարբերակ չունի, քան պնդել ինքն իրեն՝ համոզելով, թե իբր ամբողջական է, կամ վերջնականապես տարածվել ու փոշիանալ համացանցի անպարագրության մեջ: Սա խոսակցության այլ, ըստ իս, հույժ օրակարգային նյութ է: Անգամ անեփ, անշահեկան նախամիտք ստեղծելու վախը մերօրյա այդ նույն կարոտաբաղձության գլխավոր ախտանշաններից մեկն է դարձել, երբ քաղքենիացված ինտելեկտը բարդութավորում է, խլացնում սեփական մտքի վերարտադրման ձայնը:
Արդյոք ստրկացնող կարոտաբաղձությունից չէ՞ գրավոր տեքստերում միլիոնավոր մեջբերումների, քաղվածքների ու հիշատակումների ի հայտ գալը: Այսօր ոչ միայն նոր ակնթարթային հագուստն է նորաձեւ, անպայման նոր ակնթարթային սելֆին, նոր ակնթարթային գիրքը, այլեւ ակնթարթային ինտելեկտը՝ իհարկե, ուժգնության տարբեր աստիճանների վրա: Նոբելյան մրցանակը տալիս են Բոբ Դիլանին եւ չորս կողմից հազարավոր ախուվախեր են ցայտում: Եվ մի զգալի մասը՝ անպայման կարոտաբաղձության ճնշման ներքո. «Ի՜նչ ժամանակներ էին, ի՜նչ ըմբոստ, տաղանդավոր երգիչներ կային, իսկ հիմա…»: Կամ ողբում են Մուհամեդ Ալիի, Լեոնարդ Քոհենի մահը. «Մեծերը հեռանում են, ի՜նչ ամուլ ժամանակներում ենք ապրում…»:



Այս գարշելի նվնվոցը, այս ուժատող ողբն ավարտ չունի, ընդհակառակը՝ այն գնալով ահագնանում է, գրավում նորանոր տարածքներ: Ամեն օր համոզում է, հավատացնում, նույնիսկ հուսադրում երիտասարդ մարդկանց, որ իբր ոսկե, անգամ լավ ժամանակները վաղուց ավարտվել են, որ դրանք ետ չեն գալու, որ հնարավոր չէ այլեւս հետաքրքիր լինել, նոր միտք ստեղծել, նոր աշխարհներ, նոր երազներ:



Այս շարունակական աղետը կործանել է պետք, հիմնահատակ քարուքանդ անել, ընդվզել, չենթարկվել դրա մահաբեր, կեղծ կանոններին:



Կարոտաբաղձությունն ու մահը նույն բանակից են: Նրանք, ովքեր միայն հին օրերի երգն են երգում, ովքեր խոսում են միայն անցյալի լեզվով եւ անցյալի անունից, պոպուլիստական ելույթներով փառաբանում «նախկին արժեքները», մահ են քարոզում:



Նրանք մահվան դեսպաններն են:



Մերժել, գրողի ծոցն ուղարկել անցյալի ուսերին ծանրացած բոլոր տզրուկներին, բոլորին անխտիր, եւ «Թող մեռածները թաղեն իրենց մեռելներին»:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image