Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Իսկապես հայաստանյան, ավելի ճիշտ՝ համահայկական մեծ քաղաքական անդաստանն առանց նրա մի տեսակ դժգույն տեսք ուներ եւ, շատերի կարծիքով, բավականին լճացել էր: Եվ իսկապես՝ առանց Գագիկ Ծառուկյանի շատ տխուր էր, առանց նրա ընդդիմական, ժողովրդական ելույթների՝ միշտ ժողովրդի հետ, միշտ ժողովրդի համար… առանց նրա կտրուկ քայլերի, կտրուկ վերելքների եւ նույնքան կտրուկ վայրէջքների վերջալույսը սառն էր, հուսահատ:
Սակայն այստեղ մի նուրբ պահ կա: Այս անգամ ոչ թե Գագիկ Ծառուկյանն է վերադառնում հայաստանյան մեծ՝ շատ մեծ քաղաքականություն, այլ նրան վերադարձնում են եւ ասում են՝ բերողի առաքելությունն իր վրա է վերցրել «ժողովուրդը»: Արդեն մեկ անգամ չէ, որ «ժողովուրդը» նրա տան շեմն է հասնում, կանգնում է նրա պատշգամբի առջեւ եւ խնդրում, նաեւ պահանջում՝ վերադարձիր, վերադարձիր հանուն երկրի բարօրության, քո կարիքը շատ ունենք: Հիրավի նուրբ ակնթարթ է: Չէ՞ որ Ծառուկյանի վերադարձը խնդրող, նաեւ պահանջող ժողովուրդը եւս հունցված է նուրբ նյութից, որին մերժելը, որի ձայնը չլսելը, մեղմ ասած, անպարկեշտություն, անսրտություն կդիտվի: Ուստիեւ Գագիկ Ծառուկյանը, ունկ դնելով «ժողովրդի» ձայնին, ամեն ինչ մի կողմ դնելով… ահա, մի կողմ դնելով իրեն հասցեագրված բոլոր վիրավորանքները, նախատինքները, համաճարակի պես բռնկված ձեռառնոցին, նաեւ մի կողմ դնելով իր իսկ ձախողությունները, մեծ՝ շատ մեծ քաղաքականության մեջ արված բացթողումները, լրջագույն սխալները… մի կողմ դնելով նաեւ ապագան, որը գուշակելու համար առնվազն մոգ պիտի լինես կամ զիլ բաժակ նայող… ամեն բան մի կողմ դրած, զոհողությունների գնով նա վերադառնում է, եւ ոչ ոք չի կարող կասեցնել այդ փառահեղ վերադարձի հուժկու անիվը: Ասում են՝ Սերժ Սարգսյանը, որ ժամանակին վիրավորվել էր Գագիկ Ծառուկյանից եւ իր թիմով մինչեւ վերջ ցույց տվել այդ վիրավորանքի չափը, տեղյակ չէ, թե ինչու է վերադառնում գործարարը, տեղյակ չէ, թե այս անգամ ինչ դավադրական (այսինքն՝ ընդդիմադիր) նպատակներ է մտմտացել, կամ գուցե նպատակներն այդքան էլ դավադրական չեն, այլ կատարելապես ուղղված են պետականաշինության, ժողովրդավարության, Սահմանադրության, բուն հիմքերն ամրապնդելուն: Ո՞վ իմանա, ամեն ինչ հնարավոր է:
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է Հայաստանի կառավարման սիստեմի վերաբերյալ պատմական նշանակություն ունեցող ընտրությունների նախօրեին: Սա լուրջ քաղաքական գործչի լուրջ քայլ է: Սրանով Ծառուկյանը տեղն է դնում բոլորին՝ վերստին ապացուցելով, որ գործարարն ու սպորտսմենը լոկ զեղչումներ են, որ ինքն ավելին է, քան պարզ գործարարն ու պարզ սպորտսմենը: Եվ ավելին է, քանի որ ուզում են, պահանջարկ կա, որ ավելին լինի, մի տեսակ անցնի ինքն իրեն, ավելի մեծ բարձունքներ գրավի, երկիրը վերակերտելու գործում ավելի ծանրակշիռ դերակատարություն ունենա: Բայց չպետք է մոռանալ, թե ով է ուզում՝ «ժողովուրդը»: Եվ ոչ մի վայրկյան չպետք է մոռանալ, որ Սերժ Սարգսյանն «անգամ գաղափար չունի», թե ինչու է վերադառնում գործարարը:
Արամ ՊԱՉՅԱՆ