Մեր պատմության հանդեպ բարբարոսի վերաբերմունքը, չիմացության ճղճիմությունը, որի համար հատուցելու ենք մինչեւ վերջ: Ինչո՞ւ է միշտ այսպես: Ո՞ւմ փորձառությանն է պատկանում Դվինի երկրաշարժը: 1319 թվի Անիի երկրաշարժը: 1679 թվի հունիսի 4-ի Երեւանի 8-9 բալանոց կործանիչ երկրաշարժը, որի արդյունքում քաղաքը հողին հավասարվեց: Ավերվեցին բոլոր եկեղեցիները, մզկիթները, բերդը, տները, խանի ապարանքները, բաղնիքները, այգիները, կամուրջները: Երեւանը 7 հազար 600 մարդկային զոհ տվեց: Ըստ պատմագիր Զաքարիա Սարկավագի` «Արարատյան աշխարհը ճոճվում էր, որպես նավն ալեկոծության ժամանակ»: Վաճառական, ժամանակագիր Զաքարիա Ագուլեցին վկայում է. «Երկրաշարժից հետո Երեւանում սաստիկ սով սկսվեց: Մարդիկ անասունի պես կանաչի էին արածում, աթար ու հող ուտում»: 1840 թվի հունիսի 20-ի Մասիսների շրջակայքի երկրաշարժը, որ ցեխի ու սառցախյուսի հսկայական զանգվածի տակ ամբողջովին թաղեց Ակոռի գյուղն իր բնակիչներով: Երեւանի 1846 թվի հոկտեմբերի 19-ի երկրաշարժը: Երեւանի 1937 թվի հունվարի 6-ի երկրաշարժը: Երեւանի 1965-66 թվերի առավել թույլ ցնցումներով երկրաշարժերը: 1988 թվի Սպիտակի երկրաշարժը:
Ո՞ւմ են պատկանում այս աղետները: Ո՞ւմ մասին է այս պատմությունը, երբ օր օրի խարխլվում է քաղաքի ընդերքը, որտեղ պատահի՝ իրար ետեւից սերտաճում են բարձրահարկ շենքերը, համալրվում վթարայինները: Հայաստանում իշխանությունն ապրում է բանականության տիրույթից դուրս: Նրա բնազդները միայն կենդանական են: Իշխանությունը սթափվելու, կանգ առնելու գիտակցություն այլեւս չունի: Իսկ մենք աղետից փախչել չենք կարող: Մեկ է՝ ինչքան արագ լինի վազքը, մի օր մեր ուսին երկարելու է նրա ձեռքը:
Հենց այս պահին կարող եք մի որեւէ բարձր կետից հայացք նետել քաղաքի ուղղությամբ՝ կենտրոնում իրար գլխի լցված, իրար մեջ մտած-ելած նորակառույց բարձրահարկերի մի այնպիսի մանվածք է, որ մեծ երկրաշարժի դեպքում այլեւս անհնար է լինելու անգամ չնչին օգնության հնարավորությունը:
Սպիտակի մեծ երկրաշարժը գլխովին, կատարելապես պիտի փոխեր քաղաքաշինության տրամաբանությունը, կառուցապատման եղանակները, գաղափարներն ու մոտեցումները, սակայն տարիները ցույց տվեցին, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը մեզ համար պարզապես դժբախտ պատահար է եղել, ինչպես մյուս բոլոր դժբախտ ավարտով սովորական, շատ սովորական պատահարները:
Արամ ՊԱՉՅԱՆ