Պաշտոնապես ուժի մեջ մտավ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ հրադադարի պայմանավորվածությունը, որով չափազանց փխրուն խաղաղություն հաստատվեց։ Նախօրեին Իսրայելը շարունակեց հարվածներ հասցնել Գազայի սեկտորում։ Հարվածների տակ հայտնվեց ալ-Ջաբալիա փախստականների ճամբարը, ինդոնեզական հիվանդանոցն եւ Աբու ալ-Հուսեյն դպրոցը, որտեղ ըստ պաղեստինցիների տվյալների զոհվել էր քսանյոթ մարդ։ Համաձայն հրադադարի պայմանների, իսրայելական զորքը չպետք է առաջ շարժվի Գազայի թաղամասերով եւ հարվածներ հասցնի։ «ՀԱՄԱՍ»-ն էլ իր հերթին չպետք է հարձակվի իսրայելական զինուժի վրա եւ ազատի տասներեք հոգուց բաղկացած պատանդների առաջին խմբին։ Եթե ամեն բան նորմալ ընթանա, ապա հրադադարը կարող է երկարաձգվել, սակայն նվազագույն ժամկետը չորս օրն է։
Այդ ընթացքում պետք է իրականացվի պատանդների փոխանակություն։ Հիսուն իսրայելցի՝ հարյուր հիսուն պաղեստինցու դիմաց։ Հետո արդեն պատերազմը կվերսկսվի։ Իսրայելի Պնախարարն արդեն իսկ հայտարարել է, որ պատերազմական գործողություններն առնվազն երկու ամիս կշարունակվեն։ Զարմանալի է, որ կոնկրետ ժամանակահատվածներ է նշվում։ Միջազգային հանրության համար լավ հնարավորություն է ստեղծվել միջազգային ջանքեր գործադրել՝ հասնելու համար նրան, որ հրադադարը վերածվի խաղաղության։
Կկարողանան արդյոք նման առաջընթացի հասնել, դժվար է ասել։ Սակայն իսրայելական կառավարությունում արդեն իսկ սկսվել են ճնշումները։ Կառավարության աջակողմյան նախարարները հայտարարել են, որ եթե Նեթանյահուն չշարունակի պատերազմը, իրենք դուրս կգան կառավարությունից։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական կոալիցիան կփլուզվի եւ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա։ Իսկ դա Նեթանյահուին բացարձակապես ձեռնտու չէ, քանի որ գիտի, որ ամենայն հավանականությամբ կպարտվի։ Միջազգային կազմակերպությունները հրադադարի առիթը օգտագործում են, որպեսզի իրականացնեն խաղաղ բնակչության տարհանում եւ անկլավին հասցնեն հումանիտար օգնություն։