Մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, մեծ էկրան բարձրացավ «Վազգեն․ վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Սցենարի հեղինակները Լեւոն Գալստյանն ու Արամ Կարապետյանն են (Արամիս Տատու), որը նաեւ բեմադրող ռեժիսորն է։ Իրական փաստերի հիման վրա նկարահանված ֆիլմում ներկայացվում են Վազգեն Սարգսյանի կյանքի գրեթե բոլոր փուլերը։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը։ Ֆիլմի պրեմիերայից հետո լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց՝ հորեղբայրը շատ կզայրանար, որ իր մասին ֆիլմ է նկարահանվել, ասում է՝ չէր սիրում, երբ իրեն նվիրված կենացներ էին խմում, իրեն նվիրված երգեր էին երգում։ Վազգեն Սարգսյանին ֆիլմում մարմնավորում է դերասան Խորեն Լեւոնյանը։ Խոսելով իր եւ Սպարապետի արտաքին նմանության մասին՝ դերասանը նշել է, որ փորձել է չկրկնօրինակել Վազգեն Սարգսյանին։ «Փորձել եմ նյարդը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել հանդիսատեսին»,- ասել է նա։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը տպավորված է Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմով, որին անձնապես ճանաչել է թե՛ կյանքում եւ թե՛ արդեն տեսել էկրանին։ «Վազգենը ներկայացվել էր, Նժդեհի խոսքով ասած՝ վճռական մենակի կերպարով։ Վազգենը հենց վճռական մենակն էր ու այդպես էլ կար կյանքում։ Վազգենի կերպարը ներկայացնող ոչ մի կեղծ նոտա չկար ֆիլմում․ պակաս կար, բայց ավելին չկար, ոչինչ չէր վերագրված Վազգենին, որը Վազգենը չէր, ընդհակառակը՝ պակաս կար՝ շատ բան կարելի էր ավելացնել, բայց դե, ֆիլմը մնում է ֆիլմ՝ իր չափն ունի՝ ժամուկես»,- ասում է ու անդրադառնում Վազգեն Սարգսյանին ֆիլմում մարմնավորած դերասան Խորեն Լեւոնյանի խաղին։
«Խորենը փայլուն էր խաղում, նա մտել էր Վազգենի դերի մեջ, եւ տեղ-տեղ կար, որ ինձ թվում էր՝ Վազգենն է էկրանին, այդ աստիճանի մարմնավորել էր նրա ժեստերը, շարժուձեւը, խոսելու տոնայնությունը։ Տարօրինակորեն եւ հրաշալի ձեւով տղան մտել էր Վազգենի կերպարի մեջ ու ինքը Վազգեն էր պարզապես։ Մի դրվագ կար ֆիլմում` Վազգենը զինվորին հարցնում է՝ ամուսնացա՞ծ ես, պատասխանում է՝ չէ, ասում է՝ ես էլ չէ, գիտես․․․ այնքան պարզ ու սիրուն է այդ դրվագը, դա մաքուր վազգենական ձեւակերպում էր, բռավո սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանին, ես համոզված եմ, որ Վազգենն այդպես կասեր, եւ որ եղել է հենց այդ զրույցը,- ասում է գրողն ու ընդգծում, որ արվել է փայլուն սցենարական եւ ռեժիսորական աշխատանք։- Ես չեմ ճանաչում ռեժիսորին, բայց բռավո նաեւ իրեն, կարծում եմ՝ այս ֆիլմը երկար ժամանակ դեռ չի իջնի էկրաններից»։
Մ․ Տեր-Գուլանյանի կարծիքով, ճիշտ էր մտածված այն մոտեցումը, որ Վազգենի կերպարը չէին քաղաքականացրել՝ ներկայացնելով սոսկ քաղաքական գործչի։ «Պատահական չէ նաեւ, որ ֆիլմի վերնագիրը կոչվում է՝ Վազգենը, եւ ներկայացված էր, թե ինչպես է Վազգեն տղան դառնում պետական գործիչ, ինչպես է տղան մեծանում, առնչվում բանակին, դառնում բանակի հրամանատար ու դառնում պետական գործիչ։ Այնպես որ՝ ասել, թե ֆիլմում քաղաքական բան չկար, այնքան էլ ճշմարիտ չէ․․․, ամեն ինչն էլ կար, օրինակ՝ մեր այն ժամանակների հացի հերթերը, Վազգենի՝ զոռով բանակ տանելը, որից սկզբնական շրջանում տղաները փախնում էին, Արցախի ազատագրումը, Շուշիի գրավումը, «Հարսանիք լեռներումը», դրանք բոլորը քաղաքական էին, վերջին հաշվով, եւ դրանք բոլորը կային։ Միայնակ տղայի այդ կերպարը շատ էր ազդել ինձ վրա․․․ հավատացեք՝ լաց եմ եղել։ Դահլիճում չեղավ մի մարդ, որի աչքերը չխոնավացան, եւ լաց չեղավ։ Ես թոռնիկիս ու կնոջս հետ էի գնացել, ու մենք բանաստեղծ Արմեն Դավթյանի հետ շատ մոտ էինք նստած, վերջում նայեցի նրան ու հասկացա, որ ինքն էլ է հուզված, նույն հոգեբանական վիճակում, ինչ՝ ես, որովհետեւ նա էլ է Վազգենի հետ աշխատել «Գարուն»-ում»,- ասում է Մ․ Տեր-Գուլանյանն ու նկատում, որ շատ քիչ մարդ կա, որ Վազգենին ճանաչում էր այնպես, ինչպես՝ ինքը։
«Պատահական չէ նաեւ, որ ֆիլմում մի քանի րոպե «Գարուն»-ի մասին խոսակցություն է գնում, այսինքն՝ էկրանին մենք տեսանք նաեւ գրող Վազգեն Սարգսյանին։ Ի դեպ, իմ կերպարն էլ կար ֆիլմում, բայց անունս, որպես այդպիսին, չի հնչում, սակայն նկարագրված է, թե ինչպես եմ սրճարանում Վազգենին գտնում եւ ասում՝ այ տղա, քեզ փնտրում եմ, ո՛չ հեռախոս ես թողել, ո՛չ բան, պատմվածքներդ կարդացել եմ, վաղն առավոտյան կգաս գործի․․․․ մի քաչալ դերասան է, բայց գոնե գլխին մի ցիլո դնեին՝ իմ կերպարին համահունչ,- կատակում է Տեր-Գուլանյանն ու նկատում։- Երբ ֆիլմում Վազգենի աշխատասենյակի դարակը բացում են, ու մեջն ամբողջությամբ փամփուշտներ են, այդ փամփուշտները ես էի բերել Ջավախքից։ Ես ստեպ-ստեպ գնում էի, մի անգամ էլ Պարգեւ սրբազանի ու Վարդգես Պետրոսյանի հետ եմ գնացել բերել այդ զենք-զինամթերքները»։
Գրողն անդրադառնում է նաեւ ֆիլմում մյուս դերասանների խաղին, որոնք տպավորել են իրեն․ «Հրաշալի էր խաղում Գրետա մայրիկի դերակատար Մարջան Ավետիսյանը․ ուղղակի փայլուն, մենակ ափսոսում եմ, որ այնպես չերգեց, ինչպես Գրետա մայրիկն էր երգում, որովհետեւ Վազգենը շատ սիրում էր մոր հետ երգել, իսկ մորը Սոֆի էր ասում, կատակով ասում էին՝ իբր Սոֆի Լորենին շատ էր սիրում, դրա համար էլ ասում էր Սոֆի։ Հրանտ Մաթեւոսյանն ու ես շատ ենք եղել իրենց տանը։ Շատ լավ էր խաղում սպանված զինվորի մորը՝ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Շատերը կարող են ասել՝ ինչո՞ւ ժամանակի քաղաքական, պետական գործիչները ֆիլմում չկային․․․ շատ նորմալ է դա։ Կարեն Դեմիրճյանից բացի, որեւէ մեկի անունը չի հիշատակվում ֆիլմում, այն էլ նրա սպանության ժամանակ է հնչում անունը»։
Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով, այսպիսի ֆիլմեր այսօր մեզ շատ են պետք, ավելին՝ այս ֆիլմը մեր այսօրվա մասին է, ինչքան էլ որ տարօրինակ լինի․ «Այն, ինչ Վազգենը խոսում եւ անում է, այսօրվա մասին է, թե ինչպես փրկվենք այսօրվանից, ֆիլմի կարեւոր ուղերձը սա է, մեզ այսօր Վազգեններ են պետք, որ Վազգենը չմնա մեր վերջին սպարապետը։ Վերջին հաշվով, հայոց արգանդը չի չորացել։ Ցնցող էր ֆիլմի ֆինալը, երբ իր եղբոր երեխաներին Վազգենը հավաքում է ու ասում՝ եկեք երգենք «ամպի տակից ջուր է գալիս․․․», ու այդպես երգում են միասին։ Հիմա սա պատմում եմ ու նորից արտասվում․․․ այդ պահին շուռ եկա, տիկնոջս ասեցի՝ այս կադրից հետո Վազգենին խփելու են, այդպես էլ եղավ»։