Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը Եվրամիության և եվրոպական հետախուզական գործակալությունների ուշադրության կենտրոնում են, որոնք ձգտում են ոչնչացնել նրանց պետականությունը։
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին՝ մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ֆոնին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները։
Պատգամավորի խոսքով՝ Եվրամիությունը ցանկացած հետխորհրդային պետություն դիտարկում է որպես ավանդական արժեքների և պատմական հիմքերի ոչնչացման գործիք։
«Նրանց նպատակն է կազմաքանդել հետխորհրդային տարածքում գտնվող ցանկացած պետություն։
Հետևաբար, Հայաստանն ու Ադրբեջանը կենթարկվեն նույն գործողություններին, որոնք ժամանակին Ուկրաինային ստիպեցին փլուզվել», - ասել է Վոդոլացկին։
Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը նմանատիպ քաղաքականություն է վարում «արտաքին դեգերումների» մեջ գտնվող այլ երկրների նկատմամբ։
Պատգամավորի պնդմամբ, Ուկրաինայի իրադարձությունները դարձել են հստակ օրինակ տարածաշրջանի պետությունների համար։