Մշակույթ

Պահանջում եմ մամլո ասուլիս Լեւոն Տեր-Պետրոսյանից, Սերժ Սարգսյանից, Գագիկ Հարությունյանից

Պահանջում եմ մամլո ասուլիս Լեւոն Տեր-Պետրոսյանից, Սերժ Սարգսյանից, Գագիկ Հարությունյանից

Հարցազրույց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հետ

- Պարոն Տեր-Գուլանյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 14 կետից բաղկացած «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը», որտեղ հենց առաջին կետում առաջ քաշեց համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը։ Ավելին՝ վարչապետը հայտարարել է նաեւ, որ պատրաստվում է այն քննարկել տարբեր խմբերի հետ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ողջ գործընթացը։

- Հանրային տրամադրությունները ստուգելու խնդիր է դրված, ես չեմ կարծում, որ այն ամեն ինչը, որ ինքն ասում է, իրականանալու է, կարող է իրենց կուսակցությունից որոշ խմբերի հետ հանդիպի, ու վերջ։ Իմ ամենամեծ մտահոգությունն այսօր մեր սահմանադրությունը փոխելու խնդիրն է։ Սահմանադրությունը պետությունն է, Հայաստանն է, հայրենիքն է։ Այն սահմանադրությունը, որով մենք այսքան երկար ժամանակ ապրել ենք, այդ սահմանադրությունը չի մոռացել նաեւ մեր կորուստները։ Այդ սահմանադրության մեջ է նաեւ Արցախի պահպանության հարցը, որի թիկունքն ու երաշխավորը Հայաստանն էր։ Ուստի, ես առաջարկում եմ մի այսպիսի ձեւաչափ, որը թող սկսվի Լեւոն Տեր-Պետրոսյանից, որը սահմանադրության հայրն է, եւ ինքս եմ տեսել, թե ինչպես էր սահմանադրությունը ստեղծվում, քննարկվում, որը գրեթե 2 տարի տեւեց։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, գրող, առաջարկում եմ՝ պահանջելու հորդորով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մամուլի ասուլիս հրավիրի՝ սահմանադրությունը փոխելու առիթով, խոսի, բացատրի ժողովրդին, թե ինչու են փոխում սահմանադրությունը, եւ ինչ է մտածում ինքն այդ մասին։ Ժողովրդին բացատրի, թե ինչու չի կարելի փոխել այս սահմանադրությունը։ Մամլո ասուլիս պետք է տա նաեւ Սերժ Սարգսյանը, որը 10 տարի նախագահ է աշխատել եւ մինչեւ այդ էլ լուրջ պաշտոններ է ղեկավարել, ու այդ ողջ ընթացքում ինքն աշխատել է այս սահմանադրության տված հնարավորություններով։ Ասուլիսով պետք է հանդես գա նաեւ Հովիկ Աբրահամյանը, որը եղել է ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ։ Մամլո ասուլիս պետք է տա Գագիկ Հարությունյանը, որը ՍԴ-ի հիմնադիր նախագահն էր, ո՞ւր է հիմա ինքը, ինչո՞ւ ձայն չի հանում, երբ սահմանադրությունը մի քանի անգամ ոտնատակ տվեցին․․․:

- Մեղվաբուծությամբ է զբաղված․․․

- Մեղվաբուծությունը չի խանգարի, ինքը դեռ էն ժամանակից է մեղուներ պահում, ես տեսել եմ դա, թող շարունակի, մեկը մյուսին չի խանգարում, բա սահմանադրությունը, պետությունը, հայրենիքը մի հատ մեղվաբուծարան չարժե՞ն․․․․։ Մամլո ասուլիս պետք է տա նաեւ Դաշնակցությունն ու բացատրի, թե ինչն է պատճառը, որ ուզում են սահմանադրությունը փոխել, ու դա՝ այն դեպքում, որ սահմանադրությունը երրորդական կարգի օրենք չէ, որ փոխես, ընդ որում՝ ուզում են ոչ թե լրացումներ անեն կամ փոփոխություններ մտցնեն, այլ ընդհանրապես փոխեն։ Պետք է խոսի նաեւ Արթուր Վանեցյանը, որը խելոք մարդ է եւ առաջինն էր, որ թուղթը դրեց ու ասեց՝ կանգ առեք։ Հիմա ինչո՞ւ է ինքը լռում, ինքն այս սահմանադրությամբ աշխատել է ու բավականին լուրջ պաշտոն է վարել։ Մամլո ասուլիսով պետք է հանդես գա նաեւ Հրանտ Բագրատյանը եւ ժողովրդին բացատրի դրա փոխել-չփոխելու ռիսկերը։ Պետք է խոսեն մյուս նախկին վարչապետները, օրինակ` Խոսրով Հարությունյանը... Մարդիկ, ովքեր աշխատել են այս սահմանադրությամբ, եւ, ուրեմն, ի՞նչն է խանգարում այսօր այս սահմանադրությամբ աշխատել, եւ ինչո՞ւ պետք է այն փոխել։ Եվ եթե փոխել՝ ի՞նչը․․․։ Կրկնում եմ՝ լրիվ այլ բան է սահմանադրության մեջ ինչ-որ կետ, մի հոդված փոխել կամ դնել հանրաքվեի, բայց որ սահմանադրությունն ամբողջությամբ փոխել՝ չլսված բան է, ինչո՞ւ․․․․

- Կարծես բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչու կամ ում կողմից է դրված սահմանադրությունը փոխելու պահանջը, Ադրբեջանը բազմիցս է նման պահանջ ներկայացրել․․․․

- Ակնհայտը՝ ակնհայտ է, բայց այդ «ակնհայտին» դիմադրող է պետք, լրջագույն մարդիկ, ովքեր պետություն են ղեկավարել։ Ինչո՞ւ են հիմա մի կողմ քաշվել, անտեր թողնել սահմանադրությունը՝ նշանակում է անտեր թողնել պետությունը, այսինքն՝ ով ինչ ուզենա, անի՞ սահմանադրության հետ․․․ Եկեք, տղերք ջան, սիրելիներ, եկեք պաշտպանեք սահմանադրությունը, իսկ պաշտպանելով այն, պաշտպանում ես Հայաստանի Հանրապետությունը։ Ցանկացած ճանապարհով պետք է ժողովրդին հասցնել այն գիտակցումը, որ չի կարելի փոխել սահմանադրությունը, եւ այն, որ ասում են՝ սահմանադրությունը փոխվում է թուրքերի ու Ադրբեջանի պահանջով, ես ոչ միայն չեմ բացառում, այլեւ վստահ եմ, որ հենց այդպես էլ կա․․․ հիմա ի՞նչ․․․, մարդիկ կային, որ հայտարարում էին` ավելի լավ է թուրքի շուն լինել, քան թե ռուսի բարեկամ․․, այդ նույն մարդիկ հիմա ժողովրդին Եվրոպա են տանում, երբ Եվրոպան՝ ինքը, այսօր պաշտպանության խնդիր ունի, հիմա դուք ո՞նց եք փորձում իրենց տանել դեպի Եվրոպա, այդ նույն մարդիկ սահմանադրության մեջ պիտի փոփոխեն ու մտցնեն նաեւ Եվրամիության անդամ դառնալու հանգամանքը․․․ զարմանալի բան է, մարդիկ, ովքեր ուզում էին թուրքի շուն դառնալ, հիմա ինչպիսի թռիչք արեցին դեպի Եվրամիություն․․․․ թող չասեն եվրոպական արժեքներ եւ այլն, որովհետեւ եվրոպական արժեք գոյություն չունի, կա եվրոպական տեսակետ, ամեն ազգ իր արժեքներն ունի։ «Եվրոպական արժեք» հասկացությունը մեծագույն սխալ է, կա հայկական, վրացական, ռուսական արժեք․․․ օրինակ՝ ռուսական արժեքի մեջ ես ինչն եմ գնահատում․ ռուսական գրականության, մշակույթի մեջ ռասիզմ չկա, իսկ անգլիական կամ մյուս գրականությունների մեջ ստրկատիրության ու ռասիզմի բովանդակությունն է գերիշխում, որով մինչեւ այսօր դաստիարակվում է Եվրոպան․․․

- Վարչապետի կինն էլ օրերս նորից Խորենացի էր կարդում իր «ունկնդիրների» համար, որից հետո հայտարարեց, որ մենք երբեք չենք ունեցել լուսավորության դարաշրջան, եւ առաջարկեց սկսել «լուսավորվել» ու «կրթվել» հենց այսօր՝ 21-րդ դարում։

- Ես սովորաբար կանանց հետ չեմ վիճում, քանի որ կնամեծար մարդ եմ, բայց պետք է ասեմ, որ տիկինը Խորենացի չի կարդացել, այլ կարդացել է միայն Խորենացու ողբը, որը վերաբերում է հենց իրենց՝ այսօրվա իշխանությանը։ Ի՞նչ է նշանակում լուսավորության դարաշրջան․․․, մենք լուսավորության դարաշրջան ե՛ւ 5-րդ դարում ենք ունեցել, ե՛ւ 10-12-րդ դարերում՝ Բագրատունյաց թագավորության օրոք։ Մենք հզոր մշակույթ ենք ստեղծել պատմության ընթացքում, հիմա ի՞նչ է նշանակում՝ լուսավորության դարաշրջան պետք է թեւակոխենք, կարո՞ղ է նկատի ունի՝ խավարի դարաշրջան ենք մտնելու․․․․ իսկ ինչ վերաբերում է Խորենացու ողբին, ապա դա այսօրվա մեր վիճակի մասին է ու հավերժական է։ Եղիշեն դեռ 5-րդ դարում խոսում է խղճի ազատության մասին, իսկ Եվրոպայում խղճի ազատության մասին օրենքը 100 տարի առաջ են ընդունել... ինչի՞ մասին ենք մենք խոսում, եթե լուսավորության դար եք ուզում, գնացեք 5-րդ դար եւ կարդացեք, թե ինչի մասին է խոսում Եղիշեն, ինչ է նշանակում մտքի, խոսքի, խղճի ազատություն, ինչը Եվրոպան միայն 100 տարի առաջ է ընդունել։ Ու ի՞նչ է ստացվում, որ մեր նախնիները մեզնից առաջ են, մենք պիտի գնանք դեպի իրենց, որոնց միտքն այդքան լուսավոր էր, եւ պատահական չէ, որ 1500-1600 տարի այդ մտքերն ապրում են, այնպես որ՝ իրենց ասածը ոչ թե լուսավորության, այլ խավարի մասին է։

- Որպես մարդ ու մտավորական, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող ենք հակազդել այս կործանարար ընթացքին․․․ ի՞նչ ակունքներից է Ձեր լավատեսությունը սնվում։

- Ես հիմա էլ եմ լավատես․․․, բոլոր ժողովուրդներն էլ սխալվում են, չի կարելի հիմա ժողովրդին մեղադրել, դատափետել․․․, ժամանակին սխալվեցին Գերմանիան, Ճապոնիան եւ այլ երկրներ եւս, որ ընտրեցին նման առաջնորդներ, սխալվեցինք նաեւ մենք, ու հիմա դրա համար եմ ասում, որ բոլոր այն մարդիկ, որոնց ձեռքին եղել է մեր երկրի ղեկը, պետք է մամլո ասուլիս անեն ու ժողովրդի հետ խոսեն, բացատրեն իրականությունը, որ ինչու այսօր չի կարելի փոխել այս սահմանադրությունը։ Ժողովուրդն ինքը պետք է զգա իր սխալը, ավելին՝ ժողովուրդն արդեն գիտակցել է իր սխալը, մնում է արթնանա ու համազգային ռետինով ջնջի իր սխալները եւ գնա իսկապես լուսավոր ճանապարհով, ինչի մասին Եղիշեն ու Խորենացին գրել են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image