Հարցազրույց

ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմով փոխարինելը կասկածելի հաճույք է

ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմով փոխարինելը կասկածելի հաճույք է

«Հրապարակի» զրուցակիցը վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն է:

- Հաշված օրեր անց՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:  Իշխող՝ «Վրացական երազանք»-ի հետ լուրջ տարաձայնություններ ունեցող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դրանք գոյաբանական է անվանել՝ համարելով ընտրություն Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Դուք ի՞նչ բնորոշում կտաք առաջիկա ընտրություններին:

- Այս ընտրությունները մեծապես որոշիչ են ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Եթե իշխանության մեջ գտնվող կուսակցությունը հաղթի, եւ ընդդիմությանը մաքրելու խոստումը կատարվի, Վրաստանը գրեթե ինքնաբերաբար կհայտնվի Ռուսաստանի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական էկոհամակարգի մեջ, ինչը, ի վերջո, նշանակում է Ռուսաստանի ամբողջական վերադարձ Հարավային Կովկաս։ Նայեք աշխարհագրական քարտեզին եւ կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։

- «Վրացական երազանքն» ընտրություններից հետո «նյուրնբերգյան դատավարություն» է խոստանում՝ հայտարարելով, որ 2008-ին տեղի ունեցած պատերազմի մեղավորը Միխայիլ Սահակաշվիլու ռեժիմն է, եւ մեղավորները պետք է պատժվեն: Մտադիր են Վրաստանում արգելել նախկին նախագահի կուսակցության գործունեությունը, իսկ ընտրություններից հետո իմպիչմենտի միջոցով հեռացնել գործող նախագահին:   

-  «Վրացական երազանք»-ը խոստանում է ոչ միայն Սահակաշվիլու կուսակցության դեմ դատավարություն, այլ նաեւ հայտարարում է, որ ամբողջ ընդդիմությունն «ազգայնական» է, ինչը նշանակում է, որ մենք քաղաքականապես մտել ենք ՌԴ-ի էկոհամակարգ։

- Այս ընթացքում ուշագրավ հայտարարություններ հնչեցին նաեւ 2008-ի դեպքերի վերաբերյալ: Թբիլիսին հայտարարեց երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ պատմական հաշտեցման հեռանկարի մասին: Մոսկվայի արձագանքն էլ դրական էր. ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ պատրաստ են նպաստել երեք երկրների հարաբերությունների կարգավորմանը: 

- Լավրովի հայտարարությունը նշանակում է, որ Մոսկվան չի պատրաստվում որեւէ պարտավորություն ստանձնել օկուպացված տարածքների հետ կապված։ Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը թուլություն դրսեւորեց, եւ հիմա մեզ վրա ճնշում են գործադրելու՝ ճանաչելու Աբխազիան եւ, այսպես կոչված, Հարավային Օսիան:

- Սուխումի եւ Ցխինվալի արձագանքը սպասելի էր. Վրաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն բացառապես իրենց՝ ինքնիշխան պետության կարգավիճակի ճանաչման դիրքերից: Այս քառանկյան մեջ Մոսկվայի «խաղադրույքը» նախընտրակա՞ն է, որքանո՞վ է դա ձեռնտու առանց այն էլ ռուսամետության մեջ մեղադրվող «Վրացական երազանք»-ին:

- Սուխումում եւ Ցխինվալում իրենք իրենց հարցերն են լուծում, եւ դրանք տարբեր են։ Ցխինվալը մեկ ռուսական ռազմաբազա է՝ ծառայողական անձնակազմով, այստեղ ամեն ինչ պարզ է։ Սուխումում իրենք իրենց (աբխազներին) որպես ազգ պահպանելու հուսահատ փորձեր են անում, ինչը վերջին շրջանում ավելի ու ավելի դժվար է դառնում։ Այս հարաբերություններում «Վրացական երազանքն» ընդհանրապես սուբյեկտ չէ:

- ՌԴ նախագահն օրերս հեշտացրեց առանց վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, որոնք Ռուսաստան են մտնում աշխատանքի կամ ավելի քան 90 օր ժամկետով։ ՌԴ-ում վրացական սփյուռքի ղեկավար Ցեցխլաձեն շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ վրացիներին ազգային տոն պարգեւելու եւ պատմական որոշում կայացնելու համար: Դուք կիսո՞ւմ եք այս ուրախությունը:

 - Ամբողջությամբ Ռուսաստանի էկոհամակարգ մտնելիս Վրաստանը կորցնում է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը. դա Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմով փոխարինելը չափազանց կասկածելի հաճույք է։

- Վրաստանի իշխող կուսակցությանը քննադատում են ուկրաինական պատերազմի թեման շահարկելու մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է վրացական «Ֆորմուլա», «Մտաբարի արխի» եւ «TV Փիրվելի» հեռուստաալիքներին՝ «Վրացական երազանք»-ի նախընտրական տեսանյութը ցուցադրելուց հրաժարվելու համար: Դրանցում օգտագործվել են Ուկրաինայում պատերազմի ավերածությունների կադրեր, որոնց հակադրվել են խաղաղ Վրաստանի կադրերը։

- Այդ տեսահոլովակներում ցուցադրել են պատերազմի սարսափները եւ սպառնացել, որ նույնը մեզ հետ կլինի, եթե ընդդիմությունը հաղթի: Դա ստորություն է, եւ հեռուստաընկերությունները չեն համաձայնել նման ստորությանը ու ճիշտ են վարվել:

- Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին օրերս ազդարարեց Եվրամիությանն անդամակցելու հարցով Բրյուսել-Թբիլիսի երկխոսության կասեցման մասին: Նրա պնդմամբ՝ ներկայիս իշխանությունների օրոք երկիրը, որին նախորդ տարեվերջին թեկնածուի կարգավիճակ է շնորհվել, երբեք չի դառնա ԵՄ անդամ, մինչդեռ «Վրացական երազանք»-ը դա միջամտություն է համարում ընտրություններին:

- «Վրացական երազանքը» կարող է ինչ ասես համարել. Գերչինսկին պարզապես հաստատեց այն փաստը, որ եթե «Վրացական երազանքը» հաղթի, ապա նախկին հարաբերությունները ԵՄ-ի հետ չեն լինի։ Անհնար է հակաեվրոպական օրենքներ ընդունել, գտնվել Ռուսաստանի տնտեսական, իսկ այժմ՝ քաղաքական էկոհամակարգում եւ միաժամանակ զբաղվել եվրաինտեգրմամբ։

- Եկող շաբաթ Վրաստանին լուրջ «քննություն» է սպասվում. հոկտեմբերի 14-ին նախատեսված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը, որում Վրաստանը պաշտոնապես ներառված է ընթացիկ հարցերի օրակարգում։ Առաջիկայում կհրապարակվի Վրաստանի ընդլայնման վերաբերյալ զեկույցը, իսկ հոկտեմբերի 17-ին եւ 18-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նիստը, որին նախագահ Շառլ Միշելը կհրավիրի ԵՄ 27 երկրների վարչապետներին եւ նախագահներին՝ քննարկելու Վրաստանի հարցը։ Ի՞նչ սպասել:

- Հոկտեմբերի 14-ին ոչինչ չի լինելու, բոլորը սպասում են ընտրություններին: Ես ա՛յս համոզմանն եմ...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image