Սամվել Կարապետյանի հարցը դարձավ հայոց հարցը։ Ողջ աշխարհն ասում է, որ այդպես չպետք է լինի, բայց բուն մեղավորն ասում է՝ ինչպես ես եմ ուզում, այդպես էլ պետք է լինի։ Փաստորեն մեկ անձի քմահաճույքից է կախված մարդու տարիների վաստակը։ Մեկ անձի։ Դատական պրոցեսներին ուշադիր հետևում եմ, տեսնում փաստաբանների անխոնջ աշխատանքը, քննիչների ներկայացրած «իրավական փաստերի ամբողջությունը» և մի բանում համոզվում՝ որ նմանօրինակ քննությունը ավելի շատ դատաստանի է նման։ Այն էլ՝ գյուղական դատաստանի։ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ ասաց, որ «Կարող էին կարդալ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», ավելի հետաքրքիր կլիներ»․ դիպուկ էր այն առումով , որ Գոշի «Դատաստանագիրքը» միջնադարյան Հայաստանի ֆեոդալական (ավատատիրական) իրավունքի հավաքածու է , որը հեղինակը կազմել է 12-րդ դարի վերջում։
Փաստորեն ոչինչ չի փոխվել։ Գործում է ճորտատիրության, ավատիրության , ստրկության իրավունքը։ Իրեն ճորտատեր համարողը՝ իր գործիքներով ճորտի հետ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է։ Սա է բացատրությունը։ Նույնիսկ ճորտերը չհամակերպվեցին իրենց վիճակին և ճորտատիրության շղթաներից ազատվեցին․ ո՞նց եք համակերպվում այս իրավիճակի հետ։ Անգամ Փաշինյանն է խնդում՝ չեք ուզում ինձ, հեղափոխություն արեք։ Այլ բան է, որ նա հանրությանն այնքան է մասնատել, պառակտել որ պակասում է։ միասնությունը ու գրեթե վստահ է, որ «մածունը չի մերվելու»։ Ի՞նչ է մնում անելու ճորտերիս։ Պաշտպանել նրանց, ովքեր ավատիրության դեմ դրոշ են բարձրացրել։ Փորձել համախմբվել, հանրային ձայն բարձրացնել և հասկացնել, որ մենք ճորտ չենք, իսկ իշխանությունը ճորտատեր։ Երեկ «Մեր ձևով» շարժման համակարգողն ասում է․ «Այսօրվա որոշումից է կախված, կհավաքվենք վաղը, թե՝ ոչ․․․ »։
Անկեղծ ասած, էլ ոչինչ չեմ հասկանում։ Եթե Սամվել Կարապետյանին ազատ արձակեն, էլ չե՞ք հավաքվելու, ձեզդաբավարարու՞մ է։ Մեր Սրբազանները, մյուս քաղաքական բանտարկյալները, մեր երկրի օրհասական վիճակը, գերիները, նվաստացումը հե՞չ․․․ Դուք Ազատության հրախպարակում վաղուց պիտի լինեիք։ Առավել ևս, որ ինքներդ էլ համոզված եք, որ մեծ բարերարին ազատ արձակելու հույսը գրեթե չնչին է։ Ազատության հրապարակը վաղուց ձեզ է սպասում։ Եթե Ազատության հրապարակը լեզու ունենար կգոռար՝ եկե՜ք, ես ձե՛զ եմ սպասում․․․