Այլ

«Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն». Բաքվի աչքը Հայաստանի վրա է

«Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն». Բաքվի աչքը Հայաստանի վրա է

Հայտնի է, որ Ալիևն ու իր ռեժիմի տարբեր տրամաչափի պաշտոնյաններն ու արբանյակները շարունակում են անթաքույց պահանջներ ունենալ Հայաստանից, մասնավորաբար՝ կապված ԽՍՀՄ-ի օրոք մեր հանրապետությունում ապրող ադրբեջանցի վերադարձի հետ:

Մինչ պաշտոնական ու պատմական բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ադրբեջանցիները, իբրև ԽՍՀՄ քաղաքացիներ, հայտնի իրադարձությունների հետևանքով ինքնակամ լքել են Հայաստանի տարածքը, Բաքուն խեղաթյուրելով այդ ամենը՝ ոչ միայն հայտարարում է, որ «ադրբեջանցիներն 80-ականների վերջին արտաքսվել են իրենց հայրենի հողերից, այլ կոնկրետ պահանջ ու վերջնագիր է առաջադրում ՀՀ իշխանություններին՝ հընթացս սպառնալով «հերթական գործողությունն» իրականացնել:

Այդ մասին օրերս խոսեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Երևանին ու հայերին ուղղված սպառնալիքները միախառնելով լավատեսությամբ, թե «գալու է այն օրը, երբ ադրբեջանցիները կվերադառնան իրենց ծննդավայր և կապրեն Հայաստանում»:

Ալիևի՝ ՀՀ իշխանություններին ուղղված հերթական պահանջին միսուարյուն տալու համար այդ երկրում ստեղծվել է նույնիսկ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող արհեստածին կազմակերպությունը, որը վերջին շրջանում բավականին ակտիվացել է: Բաքվում, սակայն, ավելի հեռուն են գնացել:

Այդ երկրի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է օրերս անցկացված հարցման արդյունքները՝ «Դուք աջակցո՞ւմ եք Արևմտյան Ադրբեջանի արտագաղթյալ /վտարանդի/ կառավարության ստեղծմանը» թեմայով, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: 

Մասնավորապես, ըստ Minval-ի, հետազոտության համաձայն՝ հարցվածների 85,5%-ը տվյալ հարցին դրական է պատասխանել, 4,4%-ը՝ բացասական, իսկ 10,1%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցումն անցկացվել է Ադրբեջանի քաղաքացիների շրջանում 2024 թվականի սեպտեմբերին, որին մասնակցել են 18 տարեկանից բարձր 388 հարցվածներ երկրի տարբեր տնտեսական շրջաններից։

Պաշտոնական Երևանն առայժմ լռում է այս թեմայով. լուրջ մտավախություն կա, որ խոսքը հայտնի ասացվածքի մասին է, թե լռությունը համաձայնության նշան է: 

Փաշինյանի ռեժիմի օրոք դա, ցավոք, այլևս զարմանալի չէ, ավելի՛ն՝ ցավոտ իրականություն և օրինաչափություն է, եթե ոչ՝ կոնկրետ հայակործան ծրագիր:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image