Մշակույթ

«Խենթանալիք» բաներ եմ տեսնում՝ ամեն անգամ գալով Հայաստան

«Խենթանալիք» բաներ եմ տեսնում՝ ամեն անգամ գալով Հայաստան

Ֆրանսահայ բժիշկ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, Փարիզի համալսարանական պետական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Հովհաննես Էքերյանն այս օրերին Հայաստանում է։ Բժիշկ Էքերյանն արդեն 36 տարի, տարին մի քանի անգամ գալիս է Հայաստան, իսկ նախկինում նաեւ Արցախ էր մեկնում, ասում է՝ ամենաշատը նախընտրում էր աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում, որի հատկապես ռեանիմացիայի վիրաբույժների մակարդակը շատ բարձր էր։ «Հայաստանի բժիշկների միջին մակարդակից շատ ավելի բարձր մակարդակ էր, իսկ Երեւանի մեջ «Էրեբունի» հիվանդանոցն է, որ 89թ․-ից ի վեր կգնամ «Էրեբունի» ու պարբերաբար վիրահատությունների կմասնակցեմ կամ լեկցիաներ կկարդամ»,-ասում է «Հրապարակի» խմբագրություն այցելած վիրաբույժը։

Թե՛ Երեւանում, թե՛ ՀՀ մարզերում բժիշկ Էքերյանի մոտ գրանցվելու, վիրահատություններ իրականացնելու համար պացիենտները նախապես հերթագրվում են, ասում է՝ մարզերում իր այցելությունները հիմնականում գյուղապետերն են կազմակերպում ու համակարգում այդ պրոցեսը։ Էքերյանը, սակայն, միայնակ չի գալիս Հայաստան։ «Տարին 3 անգամ գալիս եմ բժիշկների մեծ խմբով, անցած անգամ 9 հոգի էինք, հիմա 6 հոգով ենք, մեր խումբը շատ անգամ կկիսվի, անցած անգամ 3 խմբի բաժանվեցինք, մի մասը՝ Վանաձոր էր, մի մասը՝ Գավառ, մյուս մասը՝ Տաշիր»,- ասում է զրուցակիցս։

Բժիշկ Էքերյանն ասում է՝ չի կարելի, որ մարդու կյանքը վտանգվի փողի պատճառով․ «Կա՛մ պետք է վիրաբույժները նվազեցնեն իրենց գները, կա՛մ պետությունը շնորհքով պետպատվերներ իջեցնի, որպեսզի շտապ վիրահատությունների ժամանակ չսպասեն վճարին՝ մարդու կյանքը վտանգելով․ սա խայտառակություն է: Լինում են շտապ վիրահատություններ, որոնց, սակայն, չեն վիրահատում, մինչեւ դրամ չտաս, երեկ նման մի դեպքի մասին լսել եմ ու հետո նաեւ տեսել այդ մարդուն, որը բանվոր էր, ու որի վիրահատության համար ողջ գյուղն էր համերաշխորեն գումար հավաքել․․․»։

Առողջությունը երկրի եւ մարդու կյանքում ամենակարեւորն է, ինչը, ըստ նրա, պետք է առողջապահության նախարարությունը հաշվի առնի․ «Խնդիրն այն է, որ ամեն բան չպետք է փողով լուծվի, կարելի բան չէ, պետք է ուղեղով ու սրտով լուծվի, հատկապես բժիշկը, որ ժողովրդի ծառան է, նախ հոգատար պետք է լինի, հետո նոր բուժի։ Իսկ այդպես գործելու համար բժիշկը պետք է լրջորեն վերապատրաստված լինի»։

Իր այցելությունների ժամանակ ֆրանսահայ բժիշկը ֆիքսել է, որ բոլոր պացիենտները գրեթե նույն բանն են ասում․ «Շատ քիչ են այն բախտավորները, որ հանդիպում են ճիշտ բժշկի, որը խելոք է եւ հոգատար, մեծամասնությունը, ցավոք, ասում է, որ մենք կգանք, ու մեզ անմիջապես կտանեն ԿՏ-ի, ՄՌՏ-ի, մեզի քննության եւ այլն, փոխարենը նախ մեզ լսեն, ստուգեն, մենք էլ, ստիպված, այդ գումարը պետք է մուծվենք, այլապես չենք կարող հետազոտվել ու վերադառնալ բժշկի մոտ, որն ախտորոշի հիվանդությունն ու նշանակի բուժում։ Այս գանգատները ես պարբերաբար լսում եմ հիվանդներից»։ Զրուցակիցս կարեւորում է կրթության դերը մասնագիտական բուհերում, որը պետք է արվի «ժամանակակից մեթոդներով»։

Նա ընդգծում է՝ կրթությունը լավ հիմքերի վրա պետք է լինի, ըստ այդմ, վերջում բժիշկն էլ կլինի բարեսիրտ․ «Գոնե այդ բարեսիրտները լավ կրթված կլինեն, որովհետեւ հետագայում այդ վերապատրաստումներն ավելի ժամանակատար ու ծախսատար են, երբ հերթով սկսենք 1, 2, 3 հոգու վերապատրաստել, որովհետեւ վերապատրաստված բժիշկը նաեւ շատ հազվադեպ է, որ հետո կվերադառնա Հայաստան»։

Բժիշկ Էքերյանն իր այցելությունների ժամանակ պարբերաբար դասախոսություններով է հանդես գալիս տարբեր բժշկական հաստատություններում, հիվանդանոցներում, որտեղ հիմնականում վիրաբույժներ, բժիշկներ են ներկա լինում․ «Ամոթ չէ չգիտնալը, ամոթ է չուզել գիտնալը, 2-րդը՝ արդյոք ներկա պայմաններով կարո՞ղ ենք լավ աշխատել, թե՞ ոչ, որովհետեւ շատ դյուրին է ասել՝ սարքի կամ փողի խնդիր է․․․, մինչդեռ մենք աղքատ երկիր ենք, Հայաստանը 15 տարի է, որ բնավ աղքատ երկիր չէ, միայն թե հարստությունը լավ բաժանված չէ, եւ ապօրինի ձեւով ամեն տարի հսկայական գումարներ դուրս կգան Հայաստանից»։

Էքերյանն անդրադառնում է նաեւ առողջապահության նախարարի մասնագետ՝ բժիշկ չլինելուն, ինչը, ըստ նրա, խնդրահարույց է։ «Քանի որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է, ստիպված՝ պետք է իր շուրջն ունենա մասնագետ փորձագետների, բայց այդ փորձագետներն ի՞նչ չափանիշներով են ընտրվել, ես, օրինակ, համոզված չեմ նրանց լավ կամ վատ լինելու մեջ, այդ փորձագետների ընտրությունը շատ կասկածելի է, եւ ես արդեն տեսել եմ նման փորձագետների կառավարությունից, որոնց մեծ մասը բոլորովին անկարող են, ես գոնե 5 հոգու հետ շփվել եմ եւ համոզվել եմ դրանում, քանի որ իրենց տված եզրակացություններն եմ կարդացել։ Դրա համար եմ ասում, որ նախարարը գոնե բժիշկ պետք է լինի, որ կարողանա բարձր գիտակցությամբ ճիշտ փորձագետներ ընտրել։ Փորձագետ ընտրելը լոտո խաղալ չէ։ Հետո՝ Հայաստանում ամեն տարի շատ բժիշկներ կպատրաստենք, մոտավորապես հազար բժիշկ կավարտեն, բայց կարիք ունենք 200-ի։ Ավելի լավ է պատրաստել 400-500 բժիշկ, բայց ճիշտ այնքան, որ չթողնեն հեռանան` աշխատանք չլինելու պատճառով։ Արդեն ուժեղ մրցակցություն կա, եւ հեռուստաեթերներով բժշկական կենտրոններն ագրեսիվ գովազդ են տանում, ասելով, որ իրենք ավելի լավ կաշխատեն, ու իրենց առաջարկած բժշկությունն ավելի լավ է»,- նկատում է զրուցակիցս։

Ժան-Միշել Հովհաննես Էքերյանն ասում է․ «խենթանալիք բաներ է» տեսնում՝ ամեն անգամ գալով Հայաստան ու բախվելով առողջապահական համակարգի խնդիրների հետ․ «Հոս արգանդ կհեռացնեն 2-3 մլն դրամով, բայց չի կարելի իզուր տեղը արգանդ հեռացնել, այստեղ բժիշկները շատ լավ կհամոզեն հիվանդներին ու այդ առումով լավ դերասաններ են։ Կհամոզեն, որ այս պոլիպը, որ կա արգանդիդ մեջ, չի կարելի հանել, ու հիմա եթե բարորակ է, կարող է դառնալ չարորակ, ու դրա համար անպայման պետք է արգանդդ հեռացնեմ՝ կյանքդ փրկելու համար։ Հետո ես գալիս տեսնում եմ, որ դրա կարիքը բոլորովին չկար, եւ միայն պոլիպը հեռացնելը լրիվ բավարար կլիներ։ Ու, ցավոք, երբ հիվանդի հետ խոսում ես, նա համոզված է, որ այդ բժիշկը հոյակապ մասնագետ է, քանի որ իր կյանքը փրկել է։ Այսպիսի դեպքեր շատ կպատահեն Հայաստանում, սա նաեւ էթիկայի խնդիր է։ Հսկողությունը նման հարցերում շատ վատ է իրականացվում, որովհետեւ փորձագետներն այդքան կիրթ չեն եւ ի վիճակի չեն իրավիճակն ու վիրաբույժներին ճիշտ գնահատելու»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image