Հարցազրույց

«Հրապարակ». Փաշինյանը չի ներել գյումրեցիներին՝ քաղաքական կամք դրսեւորելու համար

«Հրապարակ». Փաշինյանը չի ներել գյումրեցիներին՝ քաղաքական կամք դրսեւորելու համար

«Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես (Գյումրու) 58 թաղամասում կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպել: Մի քանի հարց ուղղեցինք Շիրակի մարզից «Հայաստան» խմբակցության պատգամավոր ընտրված Մհեր Մելքոնյանին:

- Այս ընտրությունների արդյունքները դեռ չամփոփված, Փաշինյանը խոսում է Գյումրիում արտահերթ ընտրությունների մասին:

- Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը փաստացի ազդարարեց նոր քաղաքական արշավի սկիզբը, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության լիարժեք վերահսկողության հաստատումն է։ Քաղաքական գործընթացներին հետեւող յուրաքանչյուր մարդու ակնհայտ է, որ իշխանությունը սպասելու է՝ ավարտվեն հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված բոլոր իրավական ընթացակարգերը, ներառյալ Սահմանադրական դատարանում հնարավոր քննությունները եւ վերջնական որոշումները։ Իսկ դրանից հետո, ըստ ամենայնի, գործի են դրվելու պետական եւ կուսակցական ողջ ռեսուրսները՝ Գյումրիում ցանկալի քաղաքական արդյունք ապահովելու համար։ Խնդիրը միայն Գյումրին չէ, շատ ավելի խորն է։ Խնդիրը գործող իշխանության քաղաքական մտածողությունն է, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է դրսեւորվում մեկ վտանգավոր սկզբունքի տեսքով․ այն ամենը, ինչ չի գտնվում իշխանության վերահսկողության ներքո, պետք է ենթարկվի, իսկ այն, ինչ չի ենթարկվում, պետք է վերափոխվի կամ վերացվի քաղաքական դաշտից։ Գյումրիում 2025 թ. մարտի 30-ին տեղի ունեցած ընտրությունները քաղաքական սովորական իրադարձություն չէին։ Դրանք դարձան կարեւոր քաղաքական ուղերձ՝ գործող իշխանությանը, եւ ցույց տվեցին, որ նույնիսկ իշխանական հսկայական ռեսուրսների, պետական քարոզչամեքենայի եւ վարչական լծակների պայմաններում հասարակությունը կարող է կայացնել իշխանության համար անցանկալի որոշում։ Սակայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս մեկ կարեւոր առանձնահատկություն․ նա չի ընդունում քաղաքական անհաջողությունները, որպես ժողովրդավարական գործընթացի բնական արդյունք։ Վերջին 8 տարիներին մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է ցանկացած քաղաքական դիմադրություն, ցանկացած ինքնուրույն կարծիք, ցանկացած ընդդիմադիր կենտրոն հայտնվել իշխանության թիրախում։ Հենց այդ պատճառով այսօր դժվար է չտեսնել ակնհայտը։

- Կարծում եք` չի՞ հաշտվել այն մտքի հետ, որ Գյումրին մերժել է ՔՊ-ին:

- Հանրապետության երկրորդ քաղաքի նկատմամբ իշխանության ցուցաբերած բացառիկ հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն տեղական ինքնակառավարման խնդիրներով։ Պայմանավորված է քաղաքական ռեւանշի ձգտումով։ Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը չի ներել գյումրեցիներին՝ քաղաքական կամք դրսեւորելու համար, եւ այժմ պատրաստվում է վերադառնալ՝ փոխելու այն արդյունքը, որը չհամապատասխանեց իր սպասումներին։ Ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքն այն է, որ իշխանությունը պետք է հարգի ընտրության արդյունքը, անկախ նրանից՝ այն ձեռնտու է իրեն, թե՝ ոչ։ Հակառակ դեպքում, ընտրությունները վերածվում են ոչ թե ժողովրդավարական մեխանիզմի, այլ՝ իշխանության համար ցանկալի արդյունք ստանալու գործիքի։ Վերջին տարիներին Հայաստանում ձեւավորվել է վտանգավոր քաղաքական միտում։ Իշխանությունը փորձում է աստիճանաբար վերացնել քաղաքական բազմակարծության եւ ինքնուրույնության բոլոր օջախները՝ դրանք փոխարինելով մեկ քաղաքական կենտրոնից կառավարվող համակարգով։ Այս տրամաբանության մեջ համայնքներն այլեւս չեն դիտարկվում որպես ինքնուրույն կառավարման միավորներ, դիտարկվում են որպես կուսակցական ազդեցության տարածքներ։ Հետեւաբար, այս պայքարը ոչ թե համայնքի զարգացման, այլ քաղաքական վերահսկողության համար է։ Իշխանության համար կարեւոր չէ միայն հաղթելը։ Կարեւոր է ցույց տալ, որ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ որեւէ խոշոր քաղաքական կենտրոն, որը չի գտնվում ՔՊ-ի ազդեցության ներքո։ Սա արդեն ոչ թե ընտրական, այլ համակարգային խնդիր է։ Ժողովրդավարական պետությունում իշխանությունը մրցակցում է այլ քաղաքական ուժերի հետ։ Այստեղ առաջանում է սկզբունքային հարց․ արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ծառայեն համայնքի շահերին, թե՞ վերածվեն իշխող կուսակցության քաղաքական ազդեցության գործիքների։ Սակայն ամենավտանգավորը նույնիսկ արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացումը չէ, այլ իշխանության վերաբերմունքը երկրի առջեւ կանգնած իրական մարտահրավերների նկատմամբ։ Հայաստանը շարունակում է ապրել ծանր անվտանգային միջավայրում։ Սահմանների անվտանգությունը շարունակում է մնալ խիստ խոցելի։ Տնտեսությունը կանգնած է լուրջ կառուցվածքային խնդիրների առջեւ։ Ժողովրդագրական պատկերը գնալով վատթարանում է։ Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը հայտնվել է աննախադեպ անորոշությունների պայմաններում։ Ոտնահարված է ժողովրդավարությունը. վկան` վերջին ընտրությունները: Սակայն իշխանության վարքագիծը ստեղծում է մի վտանգավոր տպավորություն, թե երկրում ամեն ինչ բնականոն է, որեւէ լուրջ խնդիր գոյություն չունի, առաջնային հարցը Գյումրիում քաղաքական վերահսկողության հաստատումն է։ Երբ պետությունը բախվում է գոյաբանական մարտահրավերների, իսկ իշխանությունը կենտրոնանում է ներքաղաքական հաշվեհարդարների եւ քաղաքական ազդեցության ընդլայնման վրա, առաջանում է պետական կառավարման առաջնահերթությունների խոր ճգնաժամ։

- Ի՞նչ կասեք այս ընտրությունների մասին:

- Այսօր Հայաստանի առջեւ ծառացած է ոչ միայն քաղաքական, այլեւ արժեքային ընտրություն։ Մենք պետք է հստակ հասկանանք՝ ուզո՞ւմ ենք կառուցել պետություն, որտեղ իշխանությունը հարգում է ժողովրդի կամքը, թե՞ համակարգ, որտեղ ժողովրդի կամքն ընդունելի է միայն այն դեպքում, երբ համընկնում է իշխանության շահերի հետ։ Ժողովրդավարության իրական չափանիշը հաղթանակի պահին պահվածքը չէ, այլ՝ պարտության նկատմամբ վերաբերմունքը: Եթե իշխանությունը չի հարգում այն ընտրությունը, որը կատարել է ժողովուրդը, ապա որքան էլ բարձր հայտարարեն ժողովրդավարության մասին, դրանք կորցնում են իրենց բովանդակությունը։ Վերջին ընտրությունների շուրջ ծավալվող զարգացումները հենց այդ հարցն են դնում Հայաստանի քաղաքական օրակարգի կենտրոնում․ արդյո՞ք մեր երկրում ժողովրդավարությունը շարունակում է մնալ արժեք, թե՞ աստիճանաբար վերածվում է քաղաքական կարգախոսի։ Պետք է հստակ արձանագրել մի սկզբունքային հանգամանք․ գյումրեցին արդեն կատարել է իր ընտրությունը։ Նա իր քվեով ձեւավորել է տեղական իշխանություն եւ արտահայտել է իր քաղաքական կամքը։ Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունքն է, որը չի կարող վերանայվել քաղաքական նպատակահարմարության կամ իշխանական ցանկությունների հիման վրա։ Հետեւաբար, ցանկացած գործընթաց, որը դուրս կգա օրենքի, ժողովրդավարական նորմերի եւ քաղաքական բարեվարքության շրջանակներից ու կդիտարկվի որպես Գյումրիում ձեւավորված իշխանությունը քաղաքական կամ վարչական ճնշումների միջոցով փոխելու կամ զավթելու փորձ, պետք է ստանա ոչ միայն իրավական, այլեւ հստակ քաղաքական գնահատական։ Որեւէ իշխանություն իրավունք չունի կասկածի տակ դնել ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքները՝ միայն այն պատճառով, որ դրանք չեն համապատասխանում իր քաղաքական շահերին:

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image