«Համախմբում շարժման» անդամ Ավետիք Չալաբյանի քրեական գործի կապակցությամբ Hraparak.am-ը զրուցել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ։
«Երեկ դատարանը մերժեց մեր միջնորդությունը կապված Ավետիք Չալաբյանի կալանավորումը այլ խափանման միջոցով փոխելու վերաբերյալ։ Դատախազի որոշումը, որով մերժվել էին Ազգային Ժողովի պատգամավորների երաշխավորությունները՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, այդ որոշումը բողոքարկել ենք դատարան, երեկ ենք բողոքը մուտք արել։ Այս պահին դատավարական գործողություններից միայն դա ունենք, որ սպասում ենք։ Նաև երեկվա որոշումն ենք անպայման բողոքարկելու Վերաքննիչ քրեական դատարան։ Ենթադրում եմ, որ եթե վաղը չհասցնենք, ապա երկուշաբթի օրը բողոքը մուտք կանենք Վերաքննիչ քրեական դատարան։ Ասեմ, որ բազմաթիվ միջնորդութուններ ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ քննիչին՝ կապված քրեական գործի ընթացքի հետ։ Այսինքն՝ ոնց որ մենք ստիպում ենք, որ քննչական գործողություններ արվեն, որովհետև, ըստ էության, քննչական գործողություններ չեն արվում»-ասաց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ նպատակ ունեն Ավետիք Չալաբյանին պարզապես անազատության մեջ պահել։
«Վարույթի քննության արդյունավետության ապահովման նպատակը, որը հորջորջվում է քննիչի և դատախազի տարատեսակ առարկություններում՝ ի պատասխան մեր բողոքների, թե իբր քննություն է ընթանում, քննության արդյունավետությունից ելնելով կալանքի հիմքերն ու պայմանները պահպանվում են, ասեմ, որ ոչ մի քննություն էլ չի իրականացվում»,-ասաց փաստաբանը։ Մենք նաև հետաքրքրվեցին Ավետիք Չալաբյանի առողջական վիճակով․ «Առողջական վիճակը նորմալ է, ինքն իրեն վատ չի զգում։ Բնականաբար ազատությունից զրկված անձին հատուկ անհարմարություններ և դժվարություններ են պատճառվում։ Թոռնիկ Ալիյանը՝ Ավետիք Չալաբյանի հետ առերես հարցաքննության ժամանակ չի պնդել, հակառակը՝ հերքել է, որ Ավետիք Չալաբյանը որևէ բան է առաջարկել, որևէ նյութական շահագրգռություն՝ ինչ-որ հավաքի մասնակցելու նպատակով։ Քրեական գործում չունենք գեթ մեկ ապացույց, որը բավարար չափով վկայի Ավետիք Չալաբյանի առնչությունը այդ արարքին։ Էլ չեմ ասում, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը մեղսագրել է որակյալ հանցակազմի նկատմամբ նյութական շահագրգռությունը։ Այս մասով ընդհանրապես ծիծաղելի իրավիճակում է հայտնվել վարույթը, որովհետև՝ չկա գեթ մեկ տվյալ, որը բացի Թոռնիկ Ալիյան անուն- ազգանունից՝ լինի մեկ այլ անուն, ազգանուն, որը ենթադրաբար եղել է այդ հավանական, ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատերը։
Մեր հարցերին ի պատասխան, դատական նիստերի ժամանակ, թե՝ կարո՞ղ եք արդյոք ասել, թե ով է այդ երկրորդ, երրորդ անձը, եթե որակյալ հանցակազմ եք դրել, ցինիկաբար պատասխանում են, որ խոսքը 2000 հոգու մասին է։ Այս ամենն, իհարկե, իրենց վարկածի շրջանակների մեջ է։ Բնականաբար այդպիսի բան չի եղել։ Պարզապես իրենք այդ վարկածն են առաջ տանում։ Թոռնիկ Ալիյանը, եթե պետք է վերցնի գումարը, իսկ մնացածին համոզելով կամ հարկադրաբար ուղարկի հանրահավաքի՝ դա եղավ, որ նյութական շահագրգռության հասցեատերը մի հոգի է։ Իրենց որակյալ հանցակազմը չէին կարող մեղսագրեին Չալաբյանին։ Իրենց թաքնված նպատակը, այնպես էլ թաքնված չի՝ ակնհայտ է։ Որպեսզի կարողանային կալանքի միջնորդություն ներկայացնեին, ստիպված այդ որակյալ հանցակազմն են դրել, որի պատիժը 3 տարի է, որ ֆորմալ առումով կալանավորումը հնարավոր դառնա։ Այ, այսպիսի պրիմիտիվ ապօրինություններով է ընթանում Չալաբյանի քրեական գործը»։
Հիշեցնենք, որ «Համախմբում շարժման» անդամ, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն դա անտեսվել է և Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: