Հասարակություն

Ամուլսարի բաժնեմասը չի հանձնվել, շահագործումը չի սկսվել. ո՞րն է պատճառը

Ամուլսարի բաժնեմասը չի հանձնվել, շահագործումը չի սկսվել. ո՞րն է պատճառը

«Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12․5 տոկոսը կառավարությանը չի փոխանցվել, ու թե երբ այն կփոխանցվի՝ անորոշ է։ Որեւէ գործընթաց տեղի չի ունենում նաեւ Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն առհասարակ այս թեմայով խոսել չի ցանկանում։ «Հրապարակ»-ի հարցին, թե երբ է հանքը շահագործվելու, ինչու ընկերության բաժնեմասն այդպես էլ կառավարությանը չփոխանցվեց, Հայկ Ալոյանն ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել, իսկ նրա աշխատակիցներից մեկը, որ ներկայացավ որպես մամուլի պատասխանատու, հավելեց` «տեխնիկական պատճառներ կան, երբ շահագործվի, հանրությունը կիմանա»։ Իրականում հանքի շահագործման դեմ տեւական ժամանակ տարվող պայքարն իր «արդյունքը» տվել է` սեփականատերեր են փոխվել, ներդրումները սառեցվել են, այս իշխանությունն էլ տարիներ շարունակ ո՛չ «այո» է ասել, ո՛չ «ոչ», եւ նախագիծը մի տեսակ վարկաբեկվել է ու հեղինակազրկվել:

Լուրեր են շրջանառվում, որ հանքը չի շահագործվում, քանի որ ներդրողները փոշմանել են, հրաժարվում են ֆինանսավորել այս նախագիծը։ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը։ «Կան աշխարհաքաղաքական խնդիրներ, եւ այն ուղղությունը, որտեղից որ պետք է ֆինանսավորում լիներ, չի եղել, խնդիրներ են առաջացել, ֆինանսավորման ուղղությունը փոխվում է»,- ասաց նա։

Մեզ բացատրեցին, որ ոչ թե ֆինանսավորումն են սառեցրել, այլ «Լիդիանը», մասնագիտական տերմինով ասած` ապացուցակվել է Տորոնտոյի բորսայից դեռեւս 2019 թվականին, այսինքն՝ նրա բաժնետոմսերն այլեւս ազատ վաճառքում չկան, իսկ բաժնեմասերը պատկանում են մի քանի ամերիկյան-կանադական ֆոնդերի, որոնք «Լիդիանի» պարտատերերն են: Դա է պատճառը, որ «Լիդիան Արմենիան» բորսաներում կորցրել է իր գինը: Փոխնախարարը չհերքեց այս տեղեկությունը եւս, ասաց, որ ինքը դրա մասնագետը չէ, բայց. «Մի բան գիտեմ, որ այն կազմակերպությունները, որոնք փաստացի զբաղվում են ոսկու եւ այլ մետաղների, ընդերքի օգտագործմամբ, հանքարդյունաբերությամբ, նրանց գները բավականին բարձր են։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ծրագիրը կանգնած է, թերեւս դա է պատճառը, որ բորսաներում այդպես է գնահատվում, գուցե հետո պատկերը փոխվի»։ 

Թե երբ բաժնեմասը կփոխանցվի կառավարությանը, փոխնախարարն ասաց՝ պարզ չէ։ Բայց դրա մեջ էլ քաղաքական կոմպոնենտ կա: Առհասարակ` բաժնետոմսերի կամ բաժնեմասի փոխանցումն արվում է այն պայմանով, որ իշխանությունը նպաստում է տվյալ ձեռնարկության բնականոն աշխատանքին, եւ, այսպես ասած` փոխշահավետ գործարք է կնքվում: Ակնհայտ է, որ այդ պայմանավորվածությունն այս պարագայում չի ստացվել:

Ադրբեջանն այս տարեսկզբին երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ Էներգետիկ խարտիայի եւ Կենսաբազմազանության պաշտպանության Բերնի կոնվենցիայի հիման վրա՝ ֆինանսական փոխհատուցում պահանջելով 1991-2020 թթ. ընթացքում իբր իր տարածքում էներգետիկ օբյեկտներն օգտագործելու, ֆաունան եւ ֆլորան վնասելու համար: Ադրբեջանի ներկայացրած այդ հայցերի հիմքում քաղաքական ենթատեքստ կա, պահանջում են դադարեցնել հանքերի շահագործումը՝ հարվածելով Հայաստանի բյուջեն սնուցող տնտեսական կարեւոր ուղղություններից մեկին։ Փոխնախարարն առաջարկում է դա այլ տեսանկյունից դիտարկել, օրինակ՝ տնտեսական շուկայում մրցակցության։ 

«Այդ հայցերով զբաղվողներ կան, մենք ներկայացուցիչներ ունենք միջազգային դատարաններում։ Պրոցես է ընթանում, եւ ոչ բոլոր գործընթացներն են հրապարակման ենթակա։ Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է եւ ինքն է իր տնտեսության պատասխանատուն։ Ինչ վերաբերում է այլ երկրների ցանկություններին, ապա չեմ պատրաստվում մեկնաբանել, առավել եւս՝ Ադրբեջանի։ Դա իրենց իրավունքն է, ցանկությունը։ Աշխարհում բոլոր երկրներն իրենց տնտեսությամբ մրցակցում են, եւ այդ հարցերը կարելի է նաեւ այդ մրցակցության տեսակետից նայել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 18-ին կառավարության նիստում հաստատվեց «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու մասին նախագիծը։ «Ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ի դեմս կառավարության, մասնակցություն եւ բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ, եւ, տվյալ դեպքում, բաժնետոմսերի 12,5 տոկոսը պետք է անցնի Հայաստանի կառավարությանը, այսինքն՝ Հայաստանի ժողովրդին»,- նշել էր Փաշինյանը, շեշտելով՝ բացի օրենսդրությամբ սահմանված վճարումներից, ամեն տարի ազդակիր համայնքների բյուջե լրացուցիչ 7 մլն դրամ կվճարվի։ Բաժնետոմսերի հանձնման օրն արդեն մի քանի անգամ փոխվել է՝ առանց կոնկրետ հիմնավորումների, նշվել է միայն՝ տեխնիկական պատճառներով։

Ամուլսարի ոդիսականի մեջ այլ` ավելի կարեւոր հարց էլ կա` երկրի հանդեպ վստահության հարցը։ Մասնագետներն ասում են, որ ոսկու համաշխարհային գինը հասել է պատմական մաքսիմումի` ուղիղ երկուսուկես անգամ ավելի թանկ է, քան 2018-ին, երբ Ամուլսարը պատրաստվում էին հանձնել շահագործման։ Այսինքն՝ եթե պրոյեկտի համար, անգամ ոսկու գնի նմանօրինակ բարձրարժեք լինելու պայմաններում, դժվարանում են ֆինանսավորող գտնել եւ հանքի կառուցումն ավարտել, կամ` ֆինանսավորումը ձգձգվում է, դա վկայում է երկրի հանդեպ վստահության, Հայաստանում ներդրումներ անելու անիմաստության մասին։ Հանքարդյունաբերության ոլորտի մասնագետներն ասում են. «Ճամփա փակող հայ ակտիվիստներն ու ադրբեջանցիներն ամեն ինչ արեցին, որ մենք` ոսկու վրա նստած, չկարողանանք պատմական ամենաբարձր գնի պայմաններում ոսկի արդյունահանել եւ վաճառել։ Եթե 2018-ին այս իշխանությունը պոպուլիզմով չզբաղվեր եւ հիմար փորձաքննությունների վրա փողեր ու ժամանակ չծախսեր, մենք արդեն մի 3 տարի պատմական ամենաբարձր գնով ոսկի վաճառելուց կլինեինք»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image