Հասարակություն

«Հրապարակ». Իշխանությունը քաղաքացիներին կաշառելու ձեւը գտել է` առջեւում ընտրություններ են

«Հրապարակ». Իշխանությունը քաղաքացիներին կաշառելու ձեւը գտել է` առջեւում ընտրություններ են

Հայաստանի համայնքներում հիմա մասնակցային բյուջետավորման գործընթաց է սկսվել, որը թույլ է տալիս քաղաքացիներին՝ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մասնակցել հանրային ռեսուրսների բաշխմանը եւ բյուջետային գործընթացներում կայացվող որոշումներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն իրենց կյանքի վրա։ Ինչ է դա իրենից ներկայացնում:

Մասնակցային բյուջետավորման առաջարկ-հայտ կարող է ներկայացնել տվյալ համայնքի 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ։ Այդ գործընթացում ներկայացված առաջարկ-նախագծերը քննարկում եւ համապատասխան որոշում է կայացնում համայնքապետի ստեղծած հանձնաժողովը, որն առաջնորդվում է համայնքի ավագանու  սահմանած չափանիշներով։ Քաղաքացիների  հայտ-առաջարկների վերաբերյալ իրականացվում է էլեկտրոնային քվեարկություն։  Քվեարկելու իրավունք ունեն ՏԻՄ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի չափանիշին համապատասխանող տվյալ համայնքի բնակիչները։ Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկ-նախագծի օգտին։ Քվեարկության ընթացքը եւ արդյունքները հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում։ 
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում հունվարի 20-22-ը` 3 օր շարունակ, իրար հաջորդող 3 տեղեկատվական նյութ է տեղադրվել մասնակցային բյոււջետավորման գործընթացի վերաբերյալ։ Բերդի համայնքապետարանի ինտերնետային կայքում փետրվարի 6-ին զետեղվել է տեղեկատվություն, որ փետրվարի 5-ին համայնքապետարանում կայացել է մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի չորրորդ նիստը: Հանձնաժողովը գնահատել է քաղաքացիների կողմից ներկայացված հայտ-առաջարկների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, ապա սկսվել է հանրային քննարկումների եւ լսումների փուլը։ Հանրային քննարկում անցած առաջարկների քվեարկության փուլը կմեկնարկի փետրվարի 16-ին եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 20-ը: 

Նոյեմբերյանի համայնքապետարանի ինտերնետային  կայքը հայտնում  է, որ հունվարի 30-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում կազմակերպված հանրային քննարկում:  Ներկայացվել է 19 ծրագիր-գաղափար, որոնցից 12-ն անցել է քվեարկության փուլ, 7 առաջարկ մերժվել է ծրագրային չափորոշիչներին չհամապատասխանելու հիմքով։ Նախագծերի էլեկտրոնային  քվեարկությունը սկսվել է փետրվարի 2-ին, կավարտվի փետրվարի 9-ին։ Ակնհայտ է, որ մասնակցային բյուջետավորման հետ կապված բնակիչների այս ակտիվությունը հրահրվել է  իշխանության կողմից, իբր թե որպես ժողովրդավարության դրսեւորում եւ իրենց համայնքի բյուջեի ծախսերին քաղաքացիների մասնակցություն։ 

Իրենց հուզող հարցը լուծելու համար առաջարկն անցկացնելու  նպատակով  առաջարկի հեղինակներն իրենց բարեկամների, ծանոթների շրջանում քարոզչություն են անում, խնդրում, համոզում` քվեարկել իրենց առաջարկի օգտին։ Հայտարարում են, որ մասնակցային բյուջետավորումը հարթակ է՝ համայնքի բնակիչների նախաձեռնողականությունը խթանելու, գաղափարները լսելի դարձնելու եւ դրանք գործնական քայլերի վերածելու համար: Սակայն քաղաքացիները մասնակցային բյուջետավորմամբ մասնակից են դառնում համայնքի բյուջեի մի փոքր մասի ծախսերին, մի քանի տասնյակ միլիոն դրամով իրականացվող հրատապ ծրագրերին։ Սակայն քաղաքացիներն ինչո՞ւ տեր չեն կանգնում իրենց համայնքի ողջ  բյուջեին, ՀՀ պետական բյուջեին։ Պետբյուջեից միլիարդավոր դրամների պարգեւավճարներ են բաժանվում ոչ արդյունավետ աշխատող պաշտնյաներին, նույն համայնքների բյուջեից պարգեւավճարներ են տրվում։ 

Եթե սահմանվեին ԱԺ պատգամավորներին, համայնքի ավագանու անդամներին ընտրողների կողմից հետկանչի իրավական մեխանիզմներ, ապա պատգամավորները, ավագանու անդամներն ավելի շատ հաշվետու կլինեին ընտրողներին, որպեսզի պետական, համայնքի բյուջեն ծախսվեր  նպատակային, հանրապետության եւ համայնքների կարեւոր հիմնահարցերը լուծելու համար։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image