Մայիսի 21-ին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոխվեց։ Դատարանը գտավ, որ տեսանյութն առգրավված է, այն փոփոխել հնարավոր չէ, հետևաբար վկաների վրա ազդեցություն գործելու վտանգ չկա, չկա մտավախություն տեսագրությունները թաքցնելու առումով, ուստի պետք է խափանման միջոցը փոխել։ «Միակ վտանգը, որ դատարանը տեսնում է, ենթադրյալ նոր «հանցանքի» կատարումը կարող է լինել, ուստի խափանման միջոց վարչական վերահսկողությանը զուգահեռ դատարանը 3 ամսով Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին արգելեց հեղինակային փոդքասթ վարել»:
Հիշեցնենք, որ Նարեկն ու Վազգենը կալանավորվել էին իրենց հեղինակային փոդքասթի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար: Շաբաթ օրը տեղեկացանք, որ մեղադրողը միջնորդություն է ներկայացրել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորելու պահանջով, քանի որ «խախտվել է» խափանման միջոցը փոխելու պայմանը: Եւ քիչ անց այդ դատական նիստն է կայանալու, որտեղ քննվելու է նորից կալանք կիրառելու միջնորդությունը։ «Հրապարակը» զրուցել է Վազգեն Սաղաթելյանի հետ:
- Ինչո՞ւ է մեղադրողը ձեզ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել:
- Իմ ու Նարեկի մասով առանձին-առանձին` պարզաբանման նման ինչ- որ բան են ներկայացրել միջնորդության մեջ: Խնդիրն այն է, որ մենք լայվեր ենք արել: Դատարանում հարցրել էինք՝ արդյո՞ք դատարանը սահմանափակում է առհասարակ մեր գործունեությունը, թե՞ ոչ, իսկ դատարանը մեզ պատասխանել էր` ոչ, սահմանափակվում է միայն հաղորդում վարելը և որպեսզի մենք այլ հնարք չգտնենք, ավելացրել են, որ չենք կարող նաև համանման հաղորդում վարել, որպեսզի այլ անվանումով նույնաբովանդակ այլ հաղորդում չվարենք: Այժմ մենք ամեն մեկս մեր համար` առանձին-առանձին, տարբերի օրեր լայվեր ենք արել, հանրային մեղադրողը դա համարել է հաղորդում վարել, ինչը սխալ է: Վիզուալ երևույթներից հավանաբար մտածել են, որ սա էլ համանման մի բան է, մենք չենք գնացել նոր բազմոց գնելու (լայվերը վարել են նույն բազմոցին նստած՝ ինչ Իմնեմնիմին՝ Հ․Գ․), հավանաբար դա են համարում համանման: Իմ մասով գրել են, որ ես լայվի ընթացքում անպարկեշտ արտահայտություններ եմ արել, ես բացառում եմ, որ կա նման բան, ես հետևել եմ իմ լեքսիկոնին ու այնտեղ ոչ մի անպարկեշտ խոսք չի եղել, այստեղ էլ կարևոր է հասկանալ, ինչ ասել է անպարկեշտ: Անպարկեշտ ասվածը պետք է մեր գործին վերաբերելի լինի, այսինքն` նորմատիվ լեքսիկայից` ցենզուրայից դուրս խոսքը կարող է իմ պարագայում համարվել անպարկեշտ, այլ ոչ թե ինչ-որ մեկի ականջների համար տհաճ իրողությունը: Ես ոչ մի անպարկեշտ արտահայտություն, հայհոյանք չեմ տվել: Նարեկի պարագայում ընդհանրապես աբսուրդ է: Նրա մասով էլ գրել են, որ արատավորել է ինչ-որ մեկի համբավը, եթե անգամ ընդունենք, որ Նարեկը կարող է արատավորել ինչ-որ մեկի համբավը, դա չի նշանակում, որ հանրային մեղադրողը պետք է այդտեղ խնդիր տեսնի:
- Դատավորը նո՞ւյնն է:
- Այո, Արման Հովհաննիսյանը: Նա ինձ օբյեկտիվ է թվում, բայց եթե հանրային մեղադրողը նույնիսկ ամենաաբսուրդ ձևակերպումներով դիմում է դատարան` պահանջելով նշանակել նիստ, ապա նիստը պետք է նշանակվի:
- Իսկ տեղյա՞կ եք՝ ո՞վ է այդ հանրային մեղադրողը:
- Կարծեմ անունը Հայկ է: Ակնհայտ է, որ բողոքարկելու հիմք չի եղել: Հաստատ իմանալով, որ բողոքարկման որևէ հիմք չկա, մտածված՝ փորձում են մարդկանց սթրեսի մեջ գցել: Եթե սա ինձ ու Նարեկի համար սթրեսային չէ, որովհետև շատ ենք անցել նման բաների միջով, սակայն մեր ծնողների` բարեկամների, հարազատների համար սա սթրես է: Ինձ շաբաթ օրվանից զանգահարում են հարազատներս, ընկերներս, շատ անհանգիստ, մայրս է շատ անհանգիստ, որ կարող է ինձ երեք ամիս չտեսնել: Սա իմ ընկալմամբ անբարոյականություն է: Ես համոզված եմ, որ մեր գործունեությունը ոչ մի օբյեկտիվ հիմք չի առաջացրել նման միջնորդության: Հույս ունեմ, որ դատարանը նորից օբյեկտիվ կգտնվի, բայց չեմ էլ բացառում, որ հետագայում նույնպես ինչ-որ մի լայվի, կամ հարցազրույցի ժամանակ գտնեն մի բառ, որ դատարանն ինձ չի արգելել, բայց ինչ-որ մեկին դուր չի եկել ու նորից նիստ կհրավիրեն ու փորձ կանեն մարդկանց անդադար սթրեսի մեջ պահել: Տեսնենք ինչ կլինի, բայց հաջորդիվ պետք է հասկանալ, թե որտե՞ղ է իրավունքի չարաշահումը: Այս ամենի նպատակը մեր գործունեությունը չթույլատրելու, Նիկոլի անվան շուրջ հայհոյանք չտեսնելու համար է: Ազատ խոսքի դեմ հերթական քայլն է: