Հասարակություն

Независимая газета? не смешите мои тапочки 

Независимая газета? не смешите мои тапочки 

Զավեշտի ու մառազմի մեր ժամանակներում, երբ գրեթե բոլորս կորցրել ենք զարմանալու եւ ծիծաղելու ունակությունը, կան բաներ, որոնք դեռ շարունակում են զվարճացնել մեզ, օրինակ, բարձրաձայն ասեք՝ «Ռուսաստանում գործող ազատ լրատվամիջոց» եւ ողջ աշխարհը ծիծաղից կուշաթափվի։ Բայց, պարզվում է, Ռուսաստանում հենց նման անվանումով մի լրատվամիջոց է գործում, որն իբրեւ թե լուրջ լրատվամիջոցի համարում ունի, բայց զբաղված է ոչ թե իր երկրում տեղի ունեցող բյուր խնդիրների լուսաբանմամբ, այլ հայկական իրականության սուբյեկտիվ ու կողմնակալ վերլուծությամբ։ Այդ լրատվամիջոցի անունը «Նեզավիսիմայա գազետա» է՝ պրոիշխանական մի լրատվամիջոց (թեեւ Ռուսաստանում ոչ պրոիշխանական ոչինչ չի մնացել առհասարակ) եւ այս թերթի ազատության ու անկախության ամենավառ դրսեւորումն այն է, որ «Հրապարակի» հասցեին մի տգեղ պամֆլետ է հրապարակել՝ կասկածի տակ դնելով մեր տեղեկացվածությունը եւ հեղինակությունը։ 

Ինչո՞ւ է եւ ինչո՞վ է այս «անկախ» թերթին եւ նրա մեկնաբանին զայրացրել «Հրապարակը»։ Մենք մարտի 5-ին մի հոդված էինք հրապարակել․ «Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ամենաուշը մինչեւ աշուն պետք է դիմել ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար» վերնագրով։ Ահա այս հրապարակումը զայրացրել է «Նեզավիսիմայա գազետային» եւ նրանք մեր հասցեին էլ դեղին մամուլ, էլ անարժանահավատ տեղեկատվություն որակումներն են օգտագործել։ Բայց ամենաուշագրավն այն է, որ մեզ «դեղին լրատվամիջոց» անվանող լրատվականը իր հրապարակումը վերնագրել է դեղին մամուլի «հին, բարի ավանդույթների» համաձայն․ «Խորհրդարանի ղեկավարի զոքանչը պատմել է Հայաստանի եվրոինտեգրման մասին»։ 

Հատուկ սույն հրապարակման տգետ հեղինակի համար ասենք, որ «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ՀՀ լրատվադաշտի հնաբնակներից է՝ այս դաշտում աշխատում է 30 եւ ավելի տարիներ, նրա գործունեությունը երբեք պայմանավորված չի եղել իր ազգակցական կապերով եւ «Հրապարակը», որը հիմնադրվել է 2008 թվականին, մինչեւ 2018 թվականը քննադատել է նախկին իշխանություններին, իսկ 2018-ի մայիսից սկսած՝ ՔՊ-ական իշխանություններին, գուցե նույնիսկ ՔՊ-ին ավելի խիստ, որովհետեւ մեր երկիրը նրանց օրոք է անչափելի կորուստներ ունեցել։ Այնպես որ նման վերնագրերով դժվար թե հաջողվի «Հրապարակը» դասել պրոիշխանական քարոզչամիջոցների թվին, եթե նման նպատակ եք ձեր առաջ դրել։

Հիմա գանք բուն հրապարակմանը։ Մեր հոդվածում մասնավորապես գրել էինք.․

«Նիկոլ Փաշինյանը լայն կազմով հանդիպում է ունեցել ԱԺ-ում։ Չնայած դրանից օրեր առաջ արդեն իսկ հանդիպել էր ու ներկայացրել մյունխենյան եւ փարիզյան հանդիպումների արդյունքները, սակայն օրեր անց թիմին հաղորդել էր, որ նոր հանդիպման անհրաժեշտություն է առաջացել։ Հանդիպման օրակարգում եղել են ՀՀ-ի կողմից Եվրամիության անդամի թեկնածու դառնալու գործընթաց սկսելուն առնչվող հարցերը։ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ Արեւմուտքը պահանջում է գործնական քայլեր՝ Ռուսաստանից անջատվելու, Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանին ստեղծված իրավիճակում այլ բան չի մնում, քան կատարել Արեւմուտքի պահանջները, քանի որ ՌԴ-ն վաղուց երես է թեքել մեզնից։ Մեզ պատմեցին, որ Փաշինյանը, մինչ լայն կազմով հավաքը, նեղ «կռուգում» է քննարկել հարցը: Պատահական չէ, որ անցած հինգշաբթի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թեման «անոնսեց» լրագրողների հետ ճեպազրույցում՝ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն, եւ կրկին հակառուսական հայտարարություններ արեց։ Խորհրդարանում ընդլայնված կազմով փակ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին առաջարկել է դիրքորոշումներ, կարծիքներ հայտնել այդ կապակցությամբ: Իսկ ինքն իր դիրքորոշումը ներկայացրել է այն համատեքստում, թե իբր մեր պետության անվտանգային շահն է պահանջում ԵՄ անդամության թեկնածու դառնալ, եթե ոչ ռազմական առումով, ապա գոնե՝ տնտեսական, ինչը թույլ կտա Հայաստանին ուժեղանալ։ Փաշինյանը նաեւ ներկայացրել է, թե ինչ ժամկետներում է պատկերացնում հայտի ներկայացումը` ամենաուշը մինչեւ աշուն Հայաստանը պետք է դիմի։ Սակայն թիմում մեծ մասը դեմ է եղել շտապողականությանը, բացառությամբ ԱԺ նախագահի եւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, որոնք Ռուսաստանի դեմ հոխորտալից ելույթներով փորձել են հիմնավորել, որ ԵՄ թեկնածության հայտի համար պետք է դիմել հնարավորինս շուտ՝ այդպիսով գուցե խելքի բերեն նաեւ Ռուսաստանին»։

Ըստ էության, ոչ մի նոր բան չենք գրել, որը հաստատված չէ եւ այս տեղեկատվությունը կասկածի տակ կարող է դնել միայն այն անձը, որն առաջին անգամ է հետաքրքրվում հայաստանյան իրականությամբ եւ ընդամենը մեկ հրապարակում է ընթերցել` վերը նշված հոդվածը: Իրենք` իշխանության ներկայացուցիչները բազմիցս խոսել են այս մասին, մեկը` շատ, մյուսը` քիչ: Փաշինյանը օրեր առաջ հայտարարել է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու, հետագայում` դադարեցնելու մասին: Խոսել են ԵՄ-ին այնքան մոտ լինելու` «որքան ԵՄ-ն թույլ կտա», «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին: Ավելի վաղ` Արցախը հանձնելու մեջ ռուսներին են մեղադրել, այն էլ` բազմիցս: Եւրոպա են գնում, Ռուսաստան գնալուց են հրաժարվում: Իրենց խոսափողներն են հայտարարություններ անում, հարցազրույցներ տալիս եւ այլն: Այսինքն, այն, որ Հայաստանի իշխանությունը երես է թեքել Ռուսաստանից եւ դեպի Եւրոպա է սլանում, «Հրապարակը» չի ասում, պետք է ուղղակի կույր լինես, որ դա չտեսնես: 

Եթե խոսքը վերաբերում է մինչեւ աշուն անդամության հայտ ներկայացնելուն, ապա դա էլ է ակնհայտ: Բայց ենթադրենք, որ ռուսների համար դա անսպասելի է եղել եւ այս հրապարակումից են իմացել, քանի որ ջայլամի նման գլուխները մտցրել են ավազի մեջ եւ չեն ուզում տեսնել իրականությունը, այս հրապարակումից մեկ օր անց մեր լրագրողը ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ է հարցազրույց արել, ով հաստատել է աշնանը դիմելու պարագան: Սա էլ որպես նվեր` «Նեզավիսիմայա» կախյալ թերթին:

Մենք հասկանում ենք, որ ռուսական լրատվամիջոցներն ու իշխանական խոսափողները վախենում են, գուցե` զգուշանում են Նիկոլ Փաշինյանին ուղիղ քննադատելու, որեւէ թթու խոսք ասելուց եւ փորձում են «Հրապարակին» «քլնգելով», ըստ էության, պատասխանել ՀՀ-ի ԵՄ գնալու քայլերին: Մոտավորապես` կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր տարբերակով: Կամ գուցե` փորձում են իրենց դեմ հայտարարություններ անող Ալեն Սիմոնյանին խայթել, ինչ որ բան հասկացնել: 

Հասկանում ենք նաեւ, որ շատ ենք «երես տվել» ռուսական տարբեր շրջանակների, որոնց թվացել է, թե «Հրապարակը» պետք է պրոռուսական դիրքորոշում հայտնի եւ իրենց շահերը պաշտպանի տարածաշրջանում` շարունակ գրելով դեպի Եւրոպա գնալու եւ վաղեմի դաշնակցին փոխելու վտանգների մասին: 

Հասկանում ենք նաեւ, որ իրական անկախության, խոսքի լիարժեք ազատության մասին ռուս լրագրողներն ու խմբագիրները չեն կարող անգամ հեռավոր պատկերացումներ ունենալ եւ իրենց դառը ճակատագրի պրիզմայով են դատում հայկական իրականության մասին: Միաժամանակ փորձում են վարկաբեկել, կեղտոտել, արժեզրկել «Հրապարակի» խոսքը: Նման փորձեր շատ են արվել այս տարիներին` տարբեր իշխանավորների ու օլիգարխների, քաղաքական ու ապաքաղաքական շրջանակների կողմից: Չի ստացվել ու չի ստացվելու: Զուր ջանքեր մի գործադրեք:  

ՀԳ. Ինչ վերաբերում է թերթի «փորձագետներին», որոնցից հետաքրքրվել են «Հրապարակի» մասին և որոնց մենք շատ լավ ենք ճանաչում, իրական անկախ, ազատ ԶԼՄ-ն շատ քիչ բարեկամներ է ունենում, մանավանդ քաղաքական, պետական ու այս կամ այն բևեռից կախյալ «փորձագիտական» շրջանակներում, լուրջ լրատվամիջոցը իրեն թույլ չէր տա մեզնից «վառված» տարբեր շրջանակներից կարծիքներ հարցնել: Եթե իհարկե, հարցրել են, ոչ թե հորինել:

Հրապարակ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image