Այլ

Մոսկվան եւ Թբիլիսին «պատմական» գործարքի՞ են գնում. աղմուկը մեծ է, խաղադրույքը՝ եւս

Մոսկվան եւ Թբիլիսին «պատմական» գործարքի՞ են գնում. աղմուկը մեծ է, խաղադրույքը՝ եւս

Օրերս պաշտոնական Մոսկվան հանդես եկավ բավականին ուշագրավ հայտարարությամբ, որը կարող է անդրադառնալ կովկասյան տարածաշրջանի զարգացումների վրա: 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի նստաշրջանից հետո հրավիրած մամուլի ասուլիսում ուշադրություն հրավիրեց Կովկասում «պատմական հաշտեցման» վրա եւ նշեց, որ կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչ ձեւով են հաշտվելու, իսկ Ռուսաստանը պատրաստ է օգնել «չհարձակման համաձայնագրերի ապահովմանը»։ Մոսկվայի անկեղծությանը չհավատալու պատճառներ չկան: Նախ, Ուկրաինայում շարունակվող հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Թբիլիսին որդեգրել է չեզոք, ինչ-որ առումով Կիեւի ռեժիմի դժգոհությունը հարուցող մոտեցում, քանի որ Վրաստանը պատշաճ գնահատական չի տալիս, չի դատապարտում «ռուսական ագրեսիան», մինչդեռ Վրաստանում իշխող «Վրացական երազանքի» առաջնորդները պնդում են, որ երկիրը գործում է սեփական երկրի անվտանգային շահերը հաշվի առնելոով: «Չենք ցանկանում ռուս-ուկրաինական պատերազմում երրորդ ճակատ դառնալ»․ սա է Թբիլիսիի դիրքորոշումը:

Առհասարակ, «Վրացական երազանքը» երկրի ընդդիմադիր հատվածի եւ արեւմտյան շրջանակների համար ընկալվում է որպես ռուսամետ կուսակցություն՝ հաշվի առնելով դրա հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու ռուսաստանյան գործունեությունը, ինչպես նաեւ՝ իշխանական վերնախավի վերաբերմունքը ռուս-ուկրաինական պատերազմում: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, օրինակ, բազմիցս մեղադրանքներ է հնչեցրել կառավարության եւ իշխող կուսակցության քաղաքական գծի առնչությամբ: Վրաստանի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գործընկերները նույնպես դժգոհ են: Եվ հոկտեմբերին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի է խորանում ներքաղաքական ճգնաժամը, որի շրջանակում վրացական իշխանությունների ընդդիմախոսները Թբիլիսիին մեղադրում են «ռուսամետության» եւ եվրաատլանտյան գծից շեղվելու մեջ:

Լավրովի հայտարարությունը կարող է ընկալվել այս տրամաբանության մեջ, սակայն որոշակի նրբերանգներով: Այն է՝ Մոսկվային ձեռնտու է «Վրացական երազանքի» վերարտադրությունը, մանավանդ, որ իշխող կուսակցությունը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում հակասահմանադրական է ճանաչելու նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ու նրա արբանյակներին: Իշխանությունները նրանց են համարում 2008 թ. վրաց-հարավօսական 5-օրյա պատերազմի սանձազերծման մեղավոր: Պատկերավոր ասած, «բանտում Սահակաշվիլուն փակելուց հետո» իշխանությունները մտադիր են փակել նաեւ նրա «քաղաքական հենարանն ու օդերը»: Իսկ սա չի կարող նախկին նախագահի «վաղեմի ախոյան Ռուսաստանի սրտով չլինել»: 
Ակնհայտ է, որ այստեղ Մոսկվայի եւ Թբիլիսիի շահերը համընկնում են, եւ բացառված չէ, որ կողմերը գործարքի են գնալու: Չնայած, պարզ է նաեւ, որ Ռուսաստանի համար Աբխազիան եւ Հարավային Օսիան պարզապես տեղանուներ չեն, այլ ունեն հատուկ կարգավիճակ եւ ռազմավարական-դաշնակցական նշանակություն: Հետեւաբար, Լավրովի խոսքերը կարող են «Վրացական երազանքի» երազանքներն ու ինքնասիրությունը շոյող արտահայտություններ լինել՝ կարճաժամկետ մարտավարական առումով: 

Մինչդեռ Վրաստանում բավականին լուրջ են ընդունել ՌԴ ԱԳ ղեկավարի հայտարարությունները եւ շտապել են նոր նշաձող սահմանել: Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում Լավրովի հայտարարությունը` իրենց պատրաստակամության մասին՝ օգնելու Թբիլիսիին հաշտեցնել Աբխազիային եւ Հարավային Օսիային (տարածաշրջաններ, որոնք անջատվել են Վրաստանից), ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, հաղորդում է Mtavari-ն. «Այն, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը եւ կնպաստի դրան, անշուշտ, դրական է։ Սակայն ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել»։ Այս գործընթացի շրջանակներում նա առաջարկել է սկսել Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրի մշակումը։ Եվ ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի «իր օս եղբայրների եւ քույրերի հետ» հաշտվելու համար. «Միայն խաղաղության եւ փոխադարձ ներման միջոցով մենք կկարողանանք վերականգնել տարածքային ամբողջականությունն ու համակեցությունը»։

Սուխումիի արձագանքը չի ուշացել: Աբխազիայի Հանրապետության ԱԳՆ-ն Վրաստանին խորհուրդ է տալիս դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ «Ցանկանում ենք վրաց քաղաքական գործիչներին հիշեցնել, որ Վրաստանը՝ ինքը, պետք է կարգավորի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ի վերջո, ինչպես գիտեք, ներկայում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան։ Ուստի, նախընտրական մրցավազքում «Վրաստանի տարածքային ամբողջականության» եւ այլ առասպելական տերմինների մասին իրականությանը չհամապատասխանող կարծրատիպեր շահարկելու փոխարեն, վրացի քաղաքական գործիչները պետք է սկսեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց»,- ԱԳՆ-ի մեկնաբանությունը մեջբերում է «Էխո Կովկասա»-ն։ Սուխումին նշել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան «ռազմավարական դաշնակիցներ են», «աբխազա-ռուսական միջպետական հարաբերությունները հիմնված են փոխշահավետ միջպետական պայմանագրերի եւ համաձայնագրերի վրա, ներառյալ՝ Աբխազիայում ռուսական ռազմակայանի առկայությունը եւ Աբխազիայի Հանրապետության պետական սահմանի համատեղ պաշտպանությունը»։ «Ինչ վերաբերում է ապագայում հարեւան Վրաստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությանը, մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Վրաստանը պետք է ճանաչի Աբխազիայի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան եւ անկախ պետություն եւ ստորագրի ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ»,- ասված է հայտարարության մեջ։

Ցխինվալը եւս արձագանքել է Լավրովի հայտարարությանը: «Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Օսիայի նկատմամբ անփոփոխ է մնացել 2008 թ. օգոստոսից»,- ասել է Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավար Ահսար Ջիոեւը՝ պատասխանելով «ՌԵՍ» լրատվականի հարցին՝ կապված Լավրովի վերջին հայտարարության հետ: Հիշեցնենք․ Լավրովը խոսել էր Վրաստանի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի միջեւ հնարավոր պայմանավորվածությունների մասին: Ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանին` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների հետ հաշտեցման հարցում։ «Իսկ թե ինչ ձեւով կարող է տեղի ունենալ այդ հաշտեցումը, պետք է որոշեն երկրները՝ ե՛ւ Աբխազիան, ե՛ւ Հարավային Օսիան: Նրանք Վրաստանի հետ հարեւաններ են, եւ որոշ շփումներ այնտեղ դեռեւս անխուսափելի են։ Եթե կողմերը շահագրգռված լինեն, մենք պատրաստ կլինենք օգնել»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի 79-րդ նստաշրջանի ավարտին կայացած ասուլիսում։

«Ռուս գործընկերներն ամեն ինչ անում են Ժնեւի քննարկումների ձեւաչափով բանակցային գործընթացին նպաստելու ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Հարավային Օսիայի, ե՛ւ Աբխազիայի միջեւ համաձայնությունների ձեռքբերմանը, այդ թվում՝ ուժի չկիրառման մասին փաստաթղթի ստորագրման առումով։ Փաստորեն, նախարար Լավրովը կրկին շեշտել է դա»,- մեկնաբանել է Ջիոեւը։ Ինչ վերաբերում է ապագայում հարեւան Վրաստանի հետ հարաբերություններ կառուցելու հնարավորությանը, ապա, ըստ նախարարի, Հարավային Օսիայի դիրքորոշումը հայտնի է եւ բազմիցս հնչեցվել է. «Մենք ելնում ենք ճանաչված պետության առկա կարգավիճակից»:

Հետաքրքիր իրավիճակ է ստացվում. Մոսկվան հայտնում է աջակցության եւ պատմական հաշտեցման մասին, Թբիլիսին ողջունում եւ իրեն ձեռնտու լույսի ներքո է ընկալում դա՝ «խոսքից գործի անցնելու» առաջարկ հնչեցնելով, իսկ Ռուսաստանի բարեկամներ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունները ոգեւորության ալիքն ընկալում են բոլորովին այլ հեռանկարի համատեքստում: Մնում է հասկանալ՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ «ինչո՞ւ է աղմկում ռուսական գետը», եւ որտե՞ղ է տանելու ռեգիոնալ-քաղաքական այս նոր ալեկոծությունը...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image