Քաղաքականություն

Փաշինյա՞նը հասկացավ, թե՞ աշխարհը գիտակցեց

Փաշինյա՞նը հասկացավ, թե՞ աշխարհը գիտակցեց

Երեկ եւ այսօր Հայաստանի պետական սահմանը խախտած ադրբեջանական զինուժի դուրսբերման խնդրի հանգուցալուծումը դեռ չի գտնվել։ Եղան որոշ դրական զարգացումներ․

Առաջին. ՀՀ պաշտպանության նախարարության անունից տարածված հաղորդագրության մեջ հայտարարվեց որ «բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահովման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ»։ Մնում է միայն ցանկանալ, որ հայտարարությունը համապատասխանի իրականությանը։

Երկրորդ․ Ադրբեջանի իշխանությունները հարցի միջազգայնացումից զգուշացած սկսեցին ԱԳ մակարդակով, Սահմանապահ ծառայության մակարդակով, չգիտես էլ որ մակարդակով հայտարարել, որ իրենք ընդամենը Հայաստանի հետ սահմանների շուրջ բանակցություններ են վարում, բառացիորեն․ «Սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ»։ Սա Բայրամովի բացատրությունն է, տրված ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալին։

Երրորդը եւ ամենաէականը՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը Հայաստանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության մասին՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո։ Հայաստանը, կամ ավելի ճիշտ Փաշինյանը երեւի հետահայաց գիտակցել է, թե ինչ մեծագույն սխալ գործեց 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, երբ ԼՂ-ի դեմ կիրառված ագրեսիայի հարցը պաշտոնապես ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի ընձեռած իրավունքների շրջանակում չբարձրացրեց Անվտանգության խորհրդի առջեւ։

Իհարկե, հարցը ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնելը չէր նշանակում, թե խաղաղապահները անմիջապես կտեղափոխվեին-կտեղակայվեին ռազմական թատերաբեմում, բայց դրանով Ադրբեջանը միջազգայնորեն կճանաչվեր որպես ագրեսոր՝ դրանից բխող պատժամիջոցներով։ ՄԱԿ ԱԽ-ում հարցի պաշտոնական քննարկումը հնարավորություն կտար պահանջել, որ Ադրբեջանի դեմ տնտեսական ճնշումներ գործադրվեն, ռազմական մատակարարումները դադարեցվեն եւ այլն։ Իսկ ամենակարեւորը՝ հարցը ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնելը եւ Ադրբեջանին որպես ագրեսոր ճանաչելը կկանխեր երեւէ ռազմական փոփոխություն դիվանագիտական հարթությունում ամրագրելը, այդքանով էլ անհնար կդարձներ Հայաստանին Ալիեւ-Պուտին-Փաշինյան խուժանապետության նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտադրելը։

Այս մասին առաջիկայում ավելի մանրամասն կգրենք, քանի որ միջազգային մեխանիզմների գործարկմամբ պաշտպանվելու թեման, դժբախտաբար, նորից առաջնաբեմ է եկել, բայց հուսադրող է տեսնել, որ նույն սխալները այս անգամ կարծես չեն կրկնվում։

Իհարկե, Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին թեկուզ ձեւականության համար դիմել անհրաժեշտ էր, եւ ճիշտ է, որ դիմել են հենց ռազմական օժանդակության խնդրով, որ վերջիններիս ուղիղ պարտականությունն է, եւ որը չկատարելը ՀԱՊԿ-ին բարոյապես (իսկ գուցե ոչ միայն բարոյապես) կհարվածի միջազգային հարթությունում։ Ավելի էականն այն է, որ Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմի գլխավոր դասը կարծես սերտել են՝ չի կարելի միջազգային կառույցները, իրավունքն ու դերակատարներին թողած ռուս-թուրքական արատավոր շրջանի եւ սարդոստայնի մեջ ընկնել։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ԼՂ-ի դեմ սանձազերծված վայրագ ագրեսիայի հարցը այդպես էլ ԱԽ ֆորմալ նիստերում չլսվեց, միայն ոչ-ֆորմալ քննարկումներում, այլ հարցերի թվում։ Այժմ ի հակադրություն դրա, դժվար է կռահել Հայաստանի իշխանություննե՞րն են գործած հանցավոր սխալներից դաս քաղել, թե՞ Եվրոպայում են 44-օրյա պատերազմի փորձով համոզվել, որ ժամանակին չմիջամտելիս ոչ միայն առաջնաբեմում գործող Ադրբեջանը, այլեւ նրա թիկունքում Ռուսաստանն ու Թուրքիան են երախները բացած դերակատարություն ունենում Հարավային Կովկասում, այս անգամ միջազգային իրավունքի կարգի ու բարոյականության հերթական խախտումները թույլ չտալու ամենաուղիղ ճանապարհն ընտրված է։

Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի սահմանների դեմ ոտնձգության հարցը ԱԽ ֆորմալ նիստի օրակարգ մտցնել։ Հայաստանին մնում է անել իրենից կախված ամեն ինչ, որ կամ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի մանդատի ներքո Ֆրանսիան կամ ֆրանս-գերմանական դիտորդները, ապա խաղաղապահ ուժեր տեղակայվեն Սյունիքի երկու կողմերում, թե Նախիջեւանի հետ սահմանին, թե Զանգելան-Կուբաթլուի։ Այ դա լիովին շուռ կտա խաղատախտակը Հարավային Կովկասում՝ իրենց տեղը ցույց տալով, թե Ադրբեջանին, թե ռուս-թուրքական խաղերի մեջ ներգրավված մյուս պետություններին։ Ի վերջո որքան շատ երկրներից եւ բազմազգ խաղաղապահներ բերվեն տարածաշրջան, ապա տեղափոխվեն Արցախ, այնքան եւ Հայաստանը, եւ Արցախը պաշտպանված կլինեն ռուս-թուրքական տանդեմից՝ ներառյալ դրա հարվածային բութ գործիք ծառայող Ադրբեջանից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image