Պուշկին 43 բազմաբնակարան շենքի բնակիչները մի օր առավոտյան անակնկալի եկան, երբ հայտնաբերեցին, որ իրենց հարկի աղբատարը կապարակնքված է։ Բոլոր հարկերում։ Աղբը պետք է այսուհետ դրսում թափեն՝ անկյունում դրված մեծ աղբամանների մեջ։ Հարևանությունը ժամեր անց պարզեց, որ շենքի առաջին հարկում աղբատարի տարածքը տնօրինում են ինչ-որ անձինք, և որ այն անմիջական հարևանությամբ է օրերս բացված ռեստորանի հետ։
Տրամաբանական է, որ ողջ շենքի աղբատարի հոտը կարող է դուր չգալ նույն շենքի առաջին հարկում բացված ռեստորանի տիրոջը։ Աղբատարի մոտ ինչ-որ աշխատանքներ անող անձինք հայտարարել են, թե աղբատարի կապարակնքումը քաղաքապետի հրամանն է։
Շենքի բնակիչները ստորագրահավաք են սկսել աղբատարի փակման դեմ։
Ի դեպ, փողոցի աղբամանների հետ կապված։ Այն ժամանակին գտնվում էր մի քանի տասնյակ մետր հեռու՝ Փարպեցում գտնվող «հոսթելի» մոտ։ Սակայն մի գեղեցիկ օր անիվավոր աղբի ամանները «քշվել» էին Փարպեցուց Պուշկին 51 հասցե։ Կենտրոնի այն ժամանակվա թաղապետ Վիկտոր Մնացականյանը եղել էր տեղում, լսել շենքի բնակիչների բողոքները, խոստացել, որ հարցով կզբաղվի, սակայն օրեր անց հրաժարական տվեց։