«Հրապարակ»-ի զրուցակիցը արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։
-Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին։ Սա աննախադեպ է, միջազգային հարաբերություններում, հիշու՞մ եք երբեւէ նման միջադեպ որեւէ երկրի դեսպանի հետ։
- Դա բացառիկ իրավիճակ է, ցանկացած երկրի դիվանագիտական ներկայացուցիչ պետք է պատշաճ ներկայացնի իրեն եւ իր երկիրը եւ, իհարկե, նման պահվածքը հարիր չէ դիվանագետի բարձր կոչմանը, բայց հաշվի առնելով, թե որ երկրի մասին է խոսքը եւ թե այդ երկրի նախագահի շուրթերից մշտապես ինչ ամբարտավան հայտարարություններ են հնչում, ես չեմ բացառում, որ այդ երկրի դեսպանը եւս իրեն թույլ է տվել նման վարքագիծ, որը համահունչ է իրենց ծագումնաբանական առանձնահատկություններին եւ հարցերը լուծելու այն մեթոդին, որը, ցավոք սրտի, աշխարհաքաղաքական տարբեր նկրտումների պատճառով դեռեւս անպատիժ է մնացել։ Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված իրենց վարքագիծը։ Ենթադրում եմ, որ Բելգիայի ԱԳ նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի դեսպանի այդ հավակնությունները, իսկ ոստիկանական ծառայություններն էլ իրենց կողմից համապատասխան գրանցումներ կանեն։ Տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներ գոյություն ունեն, օրինակ, Նիդերլանդներում կար դիվանագիտական ոստիկանություն, որը զբաղվում էր դիվանագետների հարցերով՝ հաշվի առնելով Վիեննայի կոնվենցիայով ամրագրված անձեռնմելիության խնդիրը։ Ենթադրում եմ, որ համապատասխան արձանագրումներ, զգուշացումներ կարվեն այդ դեսպանի նկատմամբ, կարող է նաեւ հարց բարձրացվել այդ դեսպանին վերադարձնելու իր երկիր եւ փոխարինելու, եթե նա այլ թերացումներ էլ է թույլ տվել։
-Եղելությունը, եթե դիտարկենք Հայաստան-Ադրբեջան ներկա հարաբերությունների համատեքստում, հատկապես, նկատի առնելով ՀՀ իշխանությունների կեղծ խաղաղասիրական ակնկալիքներն ու կեցվածքը, ի՞նչ արձանագրումներ պետք է անենք։ Սա ահազա՞նգ է։
-Սա ցուցիչն է այն մոտեցումների եւ վերաբերմունքի, որը մենք այսօր տեսնում ենք կառավարության ղեկին նստած անձի եւ նրա վարած քաղաքականության նկատմամբ, ինչը երկիրը եւ ժողովրդին բերել է ստորացված վիճակի եւ դրանից բխում է համապատասխան վերաբերմունքը։
-Այսինքն, մեր դեսպանները պաշտպանվա՞ծ չեն։
-Իհարկե՝ ոչ, երբ երկիրն ինքը թուլացած է եւ հարվածի տակ, նույն վիճակում անուղղակիորեն հայտնվում են դեսպանությունները եւ դիվանագիտական ներկայացուցչությունները։ Պետության ղեկավարության հեղինակությունը, պետության ղեկավարի նկատմամբ վստահությունը ուղղակիորեն անդրադարձ ունի նույն դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վրա եւ սա աներկբա փաստ է։ Կարող է դեսպանն այնքան հմտություն ունենալ, որ որոշակիորեն կարողանա շրջանցել ստեղծված իրավիճակը, բայց միեւնույն է, պետության ղեկին նստած անձանց նկատմամբ վերաբերմունքն ուղղակի անդրադարձ է ունենում դիվանագետների վրա։
-Տիկի՛ն Աղաջանյան, դեսպան Բալայանի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել Բրյուսելում Թուրքիայի ազգային տոնի առիթով հրավիրված միջոցառման ընթացքում, ասել է թե, Ադրբեջանի դեսպանը թուրքական տանիքի ներքո էր սպառնացել ՀՀ դեսպանին։ Սա եւ՞ս ցուցիչ է։
-Ենթադրում եմ, որ Ադրբեջանի դեսպանն իր մեծ եղբոր տանն իրեն զգացել է, ինչպես սեփական տանը եւ նման հոխորտալից ձեւով դրսեւորել իրեն։ Այն, որ մեր դեսպանը մասնակցել է Թուրքիայի ազգային տոնի առիթով միջոցառմանը, զարմանալի չէ եւ բնակնաբար դա չէր կարող լինել առանց ԱԳ նախարարության ցուցման։ Եթե կառավարության ղեկին նստած անձը մեծ սիրով մասնակցում է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը եւ հանդուրժում է իր հանդեպ շատ անհարգալից վերաբերմունքը՝ զետեղվելով Ալիեւի հետեւում, ես չեմ կարող այլ բան ենթադրել, քան հրահանգը, որ մեր դեսպանները փորձեն լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչների եւ ընդհանրապես դիվանագիտական կորպուսի հետ։ Իհարկե, բացառություն չէ երբ պետությունների ներկայացուցիչները, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, մասնակցում եմ միմյանց տոներին, բայց դա տեղի է ունենում փոխադարձության սկզբունքով։ Ես՝ ինքս, նման դրվագներ ունեցել եմ, բայց դա միշտ եղել է երկկողմանի։ Այս պարագայում, չեմ կարծում, որ դա երկկողմանիություն է ենթադրում։
-Այս միջադեպը ի՞նչ պետք է հուշի մեր դիվանագետներին, բոլոր այն դեսպաններին, որոնք այսօր մի կողմ են դրել հայ ժողովրդի ազգային պետական շահերը՝ նույն Արցախի խնդիրը, Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը եւ քաղաքական իշխանության պատվերն են կատարում՝ իրենց կարծիքով՝ գուցե ստիպված։ Նույն, Տիգրան Բալայանն, ի դեպ, ԱԳՆ խոսնակ եղած ժամանակ, մեր ազգային -պետական շահից բխող տեսակետները աշխարհին ներկայացնողներից էր։
- Ես չէի ցանկանա ուրիշների համար պատասխանել, յուրաքանչյուրն իր համար է որոշում կայացնում։ Դա բարդ ընտրություն է՝ նաեւ իրենց բնավորությունից եւ սկզբունքայնությունից ելնելով։ Իմ պարագայում, հայրենիքի եւ պետության կործանմանը լծված իշխանության հետ աշխատանքներ տանելն անընդունելի է եղել։ Կդժվարանամ ավելի խորքային վերլուծել, թե կոնկրետ տեղերում ինչ է անում մեր դեսպաններից յուրաքանչյուրը, գուցե նաեւ մեղմելու այն վնասը, որը պետությունը ստանում է այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում, ինչի մասին հանրայնորեն մենք, բնականաբար, չենք լսում: Այս առումով, ես իսկապես հուսով եմ, որ նման աշխատանք տարվում է, այլապես, մենք ավելի ծանր վիճակում կգտնվեինք՝ թե՛ տարբեր բանաձեւերի, թե՛ ամենատարբեր խնդիրների առումով։ Հաճախ, այդ մասին չենք իմանում եւ եթե այդ մարդիկ, գիտակցելով ու հասկանալով, թե ինչ իշխանոթյան ներքո են աշխատում, իրենց մեջ ուժ են գտնում ներքին արգելակներն օգտագործել՝ վնասը մեղմելու կամ չեզոքացնելու համար, գուցե ինչ-որ մի տեղ դա արդարացում լինի, որովհետեւ ամեն պարագայում պետությունն ամբողջովին մերկացնելը դիվանագիտական հմուտ կարողություններ ունեցող մարդկանցից, կարող է ավելի կործանարար լինել։
-Եվ, վերջին հարցը, Հայաստանի՝ որպես պետության արձագանքը բավարա՞ր էր, թե ԱԳՆ-ն կարող էր ավելի կոշտ արձագանքել՝ պաշտապանելու համար իր դիվանագետին։
-Կան որոշակի սահմանված իրավական արարողակարգեր, որոնց դեսպանությունները եւ դիվանագիտական ծառայությունները պետք է հետեւեն։ Ես վստահ եմ, որ մեր ԱԳՆ-ն եւ Բելգիայում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը համապատասխան գործիքակազմն օգտագործել է իր բողոքը հայտնելու բելգիական իշխանություններին։ Այն, որ այս միջադեպն արդեն հանրայնացվել է, ցույց է տալիս, որ որոշակի սահմաններ արդեն անցել են որովհետեւ, սովորաբար, նմանատիպ միջադեպերը փորձ է արվում երկխոսության կամ դիվանագիտական խողովակներով կարգավորել։ Հանրայնացումը նշանակում է, որ ադրբեջանական կողմից շահարկման կամ այլ խնդիրներ կարող են առաջացած լինել, որին դիմակայելու նպատակով հանրայնացվել է միջադեպը։