Հասարակություն

Արցախի հանրությունը տեղյակ էլ չէր, որ ՀՀ նախագահին չեն հրավիրել

Արցախի հանրությունը տեղյակ էլ չէր, որ ՀՀ նախագահին չեն հրավիրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն անմիջապես հաջորդեց Արցախում Հայաստանի եւ Արցախի  Անվտանգության խորհուրդների հրավիրած եւ ժամեր շարունակ ձգվող  համատեղ նիստը, որի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդես եկան ելույթներով։ 

Այդ նիստին ակնդետ հետեւող քաղաքական- հասարակական շրջանակներից արձագանքներ եղան, որ այդ նիստն ուղերձ է արտաքին աշխարհին՝ ցույց տալու, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, որ Արցախն անպայման պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ 
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշում է, որ դա առաջին համատեղ խորհրդակցությունն է՝ երկու հայկական պետություների անվտանգության խորհուրդների համատեղ մասնակցությամբ։ 

«Որեւէ արտառոց բան չկա, պարզապես համագործակցության մի նոր մշակույթ է, մի նոր ձեւ է, եւ  Անվտանգության խորհուրդների ներկայացուցիչները՝ երկրների ղեկավարների նախագահությամբ անցկացրել են նիստ, որի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր։ Դա  թե՛ ՀՀ-ի եւ Արցախի համագործակցությանը վերաբերող, թե՛ Ղարաբաղյան հակամարտությանը կարգավորող հարցեր են, նաեւ՝ տնտեսական փոխգործակցության, արտաքին եւ ներքին խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ է ընդգրկում։ Դա,  կարծում եմ, լավ մշակույթ կարող է ձեւավորել այդպիսի նիստերը համատեղ անցկացնելու համար»,- նշում է Դավիթ Բաբայանը։
Հարցին, թե ինչպես արձագանքեցին Արցախում այն փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուշ էին հրավեր ուղարկել, եւ նա չմասնակցեց ԱԽ համատեղ նիստին, Դավիթ Բաբայանն արձագանքեց․ «Ընդհանրապես Արցախի հանրությունը տեղյակ էլ չէր, որ այդպիսի բան է եղել, ես էլ եմ Ձեզնից տեղեկանում։ Չեմ կարծում, որ կա հատուկ քաղաքականություն, պարզապես այդ նիստը հրավիրվել է ՀՀ-ի կողմից, Անվտանգության խորհրդի անդամների ցանկն էլ որոշում է պաշտոնական Երեւանը»։

Հետաքրքրվեցինք, թե Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կա՞ն տարաձայնություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների մասին։
«Չեմ կարծում, որ կան տարաձայնություններ։ Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը բացառիկ արժեքներ են։ Երկրորդը՝ ձեւաչափի առումով պետք է վերականգնվի պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, պետք է լինի խաղաղ կարգավորում։ Այս գաղափարների շուրջ միասնական են»,- ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանը, արձագանքելով մեր հարցին, նշեց, որ Արցախում չկա մտահոգություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ, քանի որ նման հայտարարություններ հնչում են հաճախակի։ Եվ, ըստ նրա, եթե հասկանանք տողատակերից, ապա պարզ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հասկանում են, որ ներկա դրությամբ ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելը պարզապես անիրատեսական է, եւ հիմնական շեշտը պետք է դրվի խաղաղության պահպանման վրա։ 

«Կողմերն ունեն տարբեր, իրարամերժ մոտեցումներ, Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը։ Այս պարագայում պետք է հիմնական շեշտը պետք է դրվի խաղաղության եւ կայունության պահպանման վրա»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image