Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայմանը՝ նշելով, որ փոփոխությունները կապված են գնաճի ճշգրտումների հետ, իսկ հարկի բարձրացումը կազմելու է շուրջ 3 տոկոս։
Նախարարի խոսքով՝ ակցիզային հարկերի փոփոխությունների գործող ծրագիրն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, ուստի կառավարությունը պետք է ներկայացնի նոր ծրագիր, որը կգործի 2027 թվականից հետո։
Միաժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ որոշ ապրանքատեսակների դեպքում ակցիզային հարկը կնվազի։ Որպես օրինակ նա մատնանշել է մրգօղիներն ու կոնյակը։
Սակայն փաստ է, որ կառավարության նախաձեռնության արդյունքում մի շարք ապրանքների նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձրանան։ Մասնավորապես, փոփոխությունները կվերաբերեն ծխախոտային արտադրանքին, ալկոհոլային խմիչքներին, բենզինին և դիզվառելիքին, ինչը կարող է հանգեցնել այդ ապրանքների թանկացման։