Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Կասկադի Վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպության անունը, որն իրականացնելու է ներդրումային ծրագիրը։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման երկու նախագիծ էր ներկայացրել՝ մշակված ամերիկյան և ֆրանսիական ճարտարապետական ընկերությունների կողմից։ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկող երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էին ֆրանսիական նախագծին։
«Կասկադ» համալիրի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը։ Համաձայն հեղինակային իրավունքը պաշտպանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Ջիմ Թորոսյանի հեղինակային իրավունքը նրա ժառանգների համար գործում է մինչև 2084 թվականը, Սարգիս Գուրզադյանի ժառանգների համար՝ մինչև 2085 թվականը, իսկ Ասլան Մխիթարյանը ներկայումս ստեղծագործող ճարտարապետ է, ով լինելով Կասկադի համահեղինակներից, դուրս էր մղվել այս գործընթացից եւ հայտնվել դիտորդի կարգավիճակում, ավելին՝ իրեն ո՛չ դիմել են, ո՛չ տեղեկացրել, որ պատրաստվում են Կասկադն արդիականացնել։
#SaveCascade հեշթեգի ներքո նախօրեին գրառում էր արել նաեւ «Կասկադ» համալիրի հեղինակներից Սարգիս Գուրզադյանի ժառանգ Մարիամ Գուրզադյանը, ով մասնավորապես գրել էր․ «Որպես «Կասկադ» համալիրի հեղինակներից Սարգիս Գուրզադյանի ժառանգ և հիմք ընդունելով ամենուրեք և անվերապահորեն ոտնահարվող, բայց թերևս գոյություն ունեցող «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների» օրենքը՝ ոչ մի պարագայում չեմ տալիս իմ և ընտանիքիս համաձայնությունը «Կասկադի Վերակառուցման» հորինված և տվյալ հուշարձանի հետ որևէ գաղափարային կապ չունեցող անիրատեսական ծրագրի իրականացմանը։ Հրաշալի գիտակցում եմ, որ տվյալ աբսուրդ աշխարհաքաղաքական իրականության մեջ Երևանի քաղաքաշինական և պատմամշակութային մսխված ու բռնաբարված ժառանգության դարդերը մեր հասարակության համար ոչ մի պարագայում չեն կարող առաջնայնություն լինել, շատերի համար էլ սույն նախագիծը վստահաբար ընտիր գաղափար ա, քանի որ վերջապես էդ անմխիթար հատվածը կարգի կբերվի, թքած, թե ինչի կվերածվի դրանից հետո (նորաձևության ցուցադրությունները հայ բռնադատված զոհերի հուշարձանում անցկացնելը դրա վառ օրինակ)։ Բայց դե մի մտեք էլի ձեր տգետ ու կեղտոտ էությամբ ուրիշների ստեղծած արժեքների մեջ։ Ինչին կպաք, ***մեջ արեցիք, Երիտասարդական պալատից սկսած Հյուսիսայինով, Հին Երևանով, Ֆիրդուսով, շուտով նաև Կոնդով վերջացրած»։
Կասկադ համալիրի վերակառուցման ծրագրի վերաբերյալ օրեր առաջ էլ մի բաց նամակ էր հրապարակել Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուրդը, որտեղ մասնավորապես նշված էր․ «Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը առաջարկում է ժամանակավորապես կասեցնել «Կասկադի Վերակառուցման» ծրագրի իրականացումը և կառույցի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանին ընդգրկել նախագծային գործընթացում: Միաժամանակ հայտնում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևանի քաղաքապետարանին՝ «Կասկադի Վերակառուցման» ծրագիրը գործող օրենսդրության և մասնագիտական անհրաժեշտ մակարդակով իրականացնելու հարցում»։
Սակայն, ինչպես արդարացիորեն նշել էր ճարտարապետներից մեկը` նամակը թիրախավորված չէ և չունի հասցեատեր․ «Ինչու ենթադրությունների տեղիք տալ։ Սա նման է օդ կրակելուն, միայն թե կրակոցի ձայն լսվի, իսկ թե արդյունքում երկնքից ինչ կընկնի՝ դա արդեն պարզ է՝ ոչ մի լավ բան։ Կարծում եմ, խնդիրը հարկավոր է դուրս բերել զգայական կոնտեքստից և հասցեավորված գործնական առաջարկություն ձևավորել՝ ելնելով բացառապես մասնագիտական և քաղաքացիական էթիկայի և բարոյականության նորմերի պահանջներից։ Դրա համար հարկավոր է վերանձնական սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել, քանզի խնդիրը համազգային է՝ վերաբերում է ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։ Իսկ դա առանց սրտացավության, համախոհության, մասնագիտական և քաղաքացիական խիզախության որակների դրսևորման՝ հնարավոր չէ իրականացնել։ Մենք բարդ ժամանակներ ենք ապրում։ Սա նաև լուրջ քննություն է Պալատի համար»։