Կլիներ ցավալի

Կլիներ ցավալի

Վերջին օրերի հայ քաղաքական իրականության ամենաանսպասելի և արտառոց երևույթը դարձավ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը՝ կապված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության այցի հետ՝ ԱՀ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան-Արթուր Վանեցյան նախապես պլանավորված հանդիպումը չի կայացել Հայաստանից հնչած հրահանգի պատճառով, ըստ որի՝ արգելվել է երկրի առաջին դեմքի հետ հանդիպման մակարդակի կարևորություն տալ Ա. Վանեցյանին և նրա պատվիրակությանը: Հրապարակումների համաձայն՝ դա եղել է անձամբ վարչապետ Փաշինյանի հրահանգը, որի կատարումը ստուգելու նպատակով Արցախ են գործուղվել նույնիսկ որոշ կարևոր պաշտոնյաներ: 

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նախ մեկնաբանել էր չկայացած հանդիպման պատճառը՝ վկայակոչելով նախագահի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը, սակայն կարճ ժամանակ անց, հավանաբար գրաֆիկի ծանրաբեռնվածության պատրվակը համարելով քիչ, իսկ ավելի ստույգ՝ տեսնելով, որ դրանով հանդիպման հնարավորությունը կարծես բաց է մնում («որ գրաֆիկը թույլ տար՝ կհանդիպեր» տարընթերցմամբ), նույն պաշտոնյան հետգրությամբ հրապարակել էր ձախավեր մի  մեկնաբանություն, թե՝ «նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»:
Խնդրին բնականաբար արագ և խիստ որակումներով անդրադարձան քաղաքական ուժերը, գործիչները, քաղաքագետները՝ պահանջելով մամուլի խոսնակի հրաժարականը:

Բայց դա ամենահեշտ բանն է, որ կարելի է պահանջել: Քաղաքական գործիչներից մի քանիսը նույնիսկ հորդորեցին «սրբագրել» կամ «խմբագրել» արդեն հրապարակվածը՝ մոռանալով, որ խոսքը թռչուն է, թռավ՝ ետ չես բերի, և երկրորդ՝ խնդիրն այստեղ ամենևին էլ անհաջող խոսքը չէ, այլ այն ահաբեկված պահվածքն ու ստրկամտությունը, որը ծնել է այդ խոսքը, և որը ո՛չ խմբագրել կարելի է, ո՛չ սրբագրել: 

ԱՀ նախագահն առ այս պահը հրապարակավ չի տարանջատվել իր մամուլի խոսնակի ձևակերպումից, թեև հանրությունը շարունակում է հուսալ, որ նրա լռությունը այնուամենայնիվ համաձայնություն չէ:

Հակառակը կլիներ ցավալի և նվաստացուցիչ: