Էլիտան ու ամբոխը

Էլիտան ու ամբոխը

2018-ի իրադարձությունների ամենավտանգավոր եւ վնասակար հետեւանքն այն էր, որ որոշումներ կայացնելու, երկրի ճակատագիրը որոշելու իրավունքը տրվեց կրթական ցածր ցենզ, ցածր կենսամակարդակ ունեցող անապահով խավին։ Ճիշտ է՝ դեմոկրատիայի պարզ կանոնը դա է, որ մեծամասնությունն է որոշում փոքրամասնության ճակատագիրը, եւ ընտրություններն էլ հիմնված են այդ սկզբունքի վրա, սակայն զարգացած երկրներում շատ ավելի մեծ է գրագետ, բարձր իրավագիտակցությամբ մարդկանց քանակը, եւ ցածր ինքնագիտակցություն ունեցողները չեն որոշում երկրի ճակատագիրը։ Իսկ եթե անգամ այդպես չէ, ապա տարբեր մեխանիզմներ ու միջոցներ են մտածում, որով երկրում որոշումների կայացումն իր ձեռքն է վերցնում էլիտան։ Հենց ամերիկյան էլիտան որոշեց, որ Թրամփը, անգամ 71 միլիոն՝ աննախադեպ քանակի ձայներ ստանալով, չպետք է վերընտրվի, քանի որ նրա պաշտոնավարումը վնաս է Ամերիկային։

Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Թրամփն ու նրա կողմնակիցները որոշեին չնահանջել՝ այնպես, ինչպես այսօր անում է Նիկոլ Փաշինյանը՝ իր սակավաթիվ կողմնակիցներով, ինչ կարող էր տեղի ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Բայց ամերիկյան կառույցները, իշխող վերնախավը, մտածող մարդիկ, կարճ ասած՝ էլիտան, որոշում կայացրեց եւ պարտադրեց իր որոշումը ողջ հասարակությանը։ Մենք, ցավոք, շատ հեռու ենք ամերիկյան ե՛ւ դեմոկրատիայի, ե՛ւ հանրային գիտակցության ու օրինապաշտության  մակարդակից։ Մեր էլիտան տկար է, չունի հստակ ծրագիր, չի կարողանում պարտադրել իր կամքը։ Դրան չեն նպաստում նաեւ մեր պետական կառույցները՝ դատարան-դատախազություն-պառլամենտ։ Իսկ մտավորականությունը, որը, թվում է, պետք է մեզանում փոփոխությունների լոկոմոտիվը լիներ, մի մասով ծախված է, մյուս մասով՝ վախկոտ, երրորդ մասով՝ հոգնած ու պայքարի անընդունակ։