Զելենսկու ճանապարհով
Իլհամ Ալիեւը հերթական սպառնալիքներն ու վիրավորանքներն է տեղում մեր հասցեին՝ ցուցադրելով իր գազանային կերպարը եւ վայրահաչելով անգամ իր բանտերում գտնվող հայազգի գործիչների հասցեին, իսկ մեր պետության ղեկավարը Ստրասբուրգում կրկին խոսում է խաղաղության ու հարեւանության մասին։ Ոմանք ասում են՝ ուրիշ ելք չկա․ դրա այլընտրանքը պատերազմն է, իսկ մենք, բնական է, պատերազմ չենք ուզում։ Բայց եթե պատերազմ չես ուզում, պետք է նաեւ տարրական բաներ հասկանաս։
Նախ պետք է հասկանաս, որ քո ցանկությունն այս պարագայում ամենակարեւոր խոչընդոտը չէ, գուցե՝ ճիշտ հակառակը։ Քո վախը պատերազմից եւ պատերազմից խուսափելու մասին այդքան հաճախ խոսելն ավելի են մոտեցնում պատերազմը եւ ոգեւորում քո թշնամիներին։ Նրանք հասկանում են, որ պատերազմի սպառնալիքի ներքո, օգտվելով քո վախերից, նրանք կարող են ամեն օր սադրանքներ ձեռնարկել քո սահմանին եւ հաջողությամբ հասնել իրենց ուզածին։ Իսկ իրենց ուզածը, պարզ է, որ բուն պատերազմը չէ, այլ պատերազմով կամ առանց պատերազմի քեզ ոչնչացնելը, քո հողերը զավթելը, իր ուզած միջանցքը կամ ճանապարհը ստանալը եւ այլն։ Եվ երկրորդ հանգամանքը, որը գուցե այս պարագայում ավելի կարեւոր է։
Դու պատերազմ չես ուզում, բայց բռնել ես Զելենսկու եւ Ուկրաինայի ճանապարհը՝ ամեն ելույթում հրահրում ես ռուսներին, նրանց մեղադրանքներ ուղղում։ Գնում ես Գրանադա ու Ստրասբուրգ, չես գնում՝ Բիշքեկ։ Քո պարտության եւ Արցախը հանձնելու մեղքը բարդում ես Ռուսաստանի ու Պուտինի վրա։ Հանդիպում ես Բելառուսի նախագահի ոխերիմ թշնամու հետ։ Այս քայլերն աննկատ չեն անցնում։ Դու նոր՝ Ադրբեջանից ու Թուրքիայից ոչ պակաս հզոր թշնամիներ ես ձեռք բերում։ Իսկ Արեւմուտքը պատրա՞ստ է քեզ աջակցել նույնքան, որքան Զելենսկուն է աջակցում։
Կարծիքներ