Ավելի լավ է մի 100 հոգու օգնել ոտքի կանգնեն, քան ինչ որ բան բերել ու բաժանել

Ավելի լավ է մի 100 հոգու օգնել ոտքի կանգնեն, քան ինչ որ բան բերել ու բաժանել

Ամանորի տոներից հետո Հայաստանում էր Մոսկովյան «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմաիս Կամալովը։ Ֆոնդի ներկայացուցիչները հիմա էլ դեռ այստեղ են։ Անցնում են բնակավայրերով, որտեղ արցախցիներ են հանգրվանել, նրանց օգնություն են բաժանում, երեխաների համար միջոցառումներ են կազմակերպում։

Ի՞նչ գործնական առաջարկներ ունեք արցախցիների համար, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում նրանց ինտեգրումը հայաստանյան կյանքին, ի՞նչ տպավորություններ ստացաք երեք շաբաթ ապրելով Հայաստանում և շփվելով արցախցիների հետ։

Մեր հարցին պատասխանեց մեր հայրենակիցը` «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի միջոցառումների կազմակերպիչ Մարիամ Հովսեփյանը։ 

«Շատ գործեր ենք արել էս երեք շաբաթում։ Որոշել ենք ամեն ձևով ակտուալ խնդիրներում օգնել արցախցիներին, ամանորի միջոցառումներ անցկացնել, ինչպես և անցյալ տարի արեցինք։ Բեռնատարներով վերմակ, բարձեր ենք բերել` որակյալ ու բաժանում ենք մարդկանց։ Երեխաների համար ամանորյա միջոցառումներ նախկինում կազմակերպել ենք նաև Արցախում։ Այն ժամանակ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Ձմեռ Պապն էր։ Բլոկադայի ժամանակ անցյալ տարի նաև երեխաների համար միջոցառումներ անցացրեցինք, պետքական նվերներ տալով երեխաներին։ Այս տարի Արտաշատում,  Մասիսում և Հրազդանում երեխաների համար կազմակերպված միջոցառումների ժամանակ ամենատպավորիչն այն էր, որ երեխաները, որոնք բաժանվել են տարբեր տեղերով, կամ հարևանները, հանկարծ իրար հանդիպում էին Հայաստանում։ Չեմ հասկանում, եթե էս փորձանքը պետք է գար այդ մարդկանց գլխներին, ինչո՞ւ Հայաստանում նրանց համար նորմալ պայմաններ չստեղծեցին։ Հիմա ասում են՝ հայերը պետք է մնան Հայաստանում, բայց արդեն նրանց գալուց հետո շատ ժամանակ է անցել, իսկ մարդիկ դեռ վագոններում են, անմարդկային պայմաններում։ Լավ, ինչքա՞ն ժամանակ կարող են նրանք օգնությունների, այստեղից-այնտեղից ստացված միանվագ, անկանոնն աջակցությունների հույսին մնալ»։

Ըստ Մարիամ Հովսեփյանի, հիմնադրամը նաև նպատակ ունի ցանկության դեպքում օգնել արցախցիներին տեղափոխվել Ռուսաստան, բնակություն հաստատել այնտեղ և աշխատանք գտնել։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար, բարերար Արթուր Սողոմոնյանն այս մասին հայտարարեց նաև «Արմենիա» հեռուստատեսության եթերում։ «Իհարկե, ես որպես հայ ողջունում եմ հայերի Հայաստանում մնալը, բայց եթե պատրաստ չէին բոլորին, կամ գոնե մի մասին մարդավարի պայմաններ տրամադրելու, եթե կան մարդիկ, որոնք վագոններում են ապրում, անբարենպաստ պայնաններում, ՏԷՑ-երում, մանկապարտեզներում, եթե նրանց բնակեցնելու տեղ չկա, ինչու ոչ՝ մենք ունենք բիզնեսմեն հայեր, որոնք պատրաստ են մի որոշ մարդկանց Ռուսաստանում աշխատանքի ընդունել և օգնել, որ նրանք կայանան։ Ավելի լավ է, մի 100 հոգու օգնել կայանալ, որոնք կարող են հետո օգնել նաև իրենց բարեկամներին ու ընտանիքի անդամներին, քան ամեն անգամ մի ինչ որ բան բերել ու բաժանել։ Դա կարող է միայն օգնության առաջին ալիքը լինել։ Հետո պետք է արդեն աշխատատեղեր ստեղծել Հայաստանում», - ասում է Մարիամ Հովսեփյանը։ 

Հիշեցնենք՝ Արմաիս Կամալովը երբեք չի թաքցրել իր մտահոգությունը Արցախի հետ կատարվածի վերաբերյալ, նաև իր ընդդիմադիր հայացքները, իսկ 2020 թվականին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա բացահայտ խոսել է Հայաստանի կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին։