Իմ միտինգը քո միտինգին վնաս չէ

Իմ միտինգը քո միտինգին վնաս չէ

Վերջին շրջանում ակնհայտորեն սրվել են «հարաբերություններն» ընդդիմադիր տարբեր ուժերի միջեւ: «Քաղաքական խանդը» եռում է, եւ սկսվել է պայքարն «իսկական ընդդիմության» տիտղոսի համար: Որոշ ընդդիմադիր ուժեր ակնհայտորեն պայքարում են ոչ թե իշխանության, այլ՝ ընդդիմության դեմ: Վերջին ընտրությունները փաստեցին, որ հասարակության զգալի մասը՝ որպես այս իշխանությանն այլընտրանք, որպես ընդդիմադիր ուժ, ընտրում է «Հայաստան» դաշինքին: Դրանից հետո սկսվեցին մյուս ընդդիմադիրների հարձակումները «Հայաստան» դաշինքի վրա, որին սկսեցին մեղադրել կտրուկ գործողությունների չդիմելու, Փաշինյանին արագ չհեռացնելու, ռուսական կողմնորոշման համար:

Ոմանք ավելի հեռուն են գնում եւ ինչ-որ անտեսանելի կապեր են տեսնում Քոչարյանի ու Փաշինյանի միջեւ՝ դա հիմնավորելով նրանով, թե երկուսն էլ Ռուսաստանի «մարդն» են եւ կատարում են ՌԴ իշխանությունների հրահանգները: Այս թեզով հանդես է գալիս հիմնականում Ազգային ժողովրդավարական բեւեռը, որն ազգային կոչերով ու ամերիկյան դրոշներով հանրահավաքներ, երթեր է անում՝ բացահայտ ամերիկամետ քարոզչություն տանելով: ԱԺԲ-ականների պայքարը հիմնականում ուղղված է Քոչարյանի ու ՌԴ-ի դեմ: Տպավորություն է, թե Հայաստանում իշխանության գլխին ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը: Ինչ խոսք, այս ընթացքում «Հայաստան» դաշինքը չկարողացավ արդարացնել հասարակության ընդդիմադիր հատվածի սպասելիքները:

Ըստ լուրերի, առաջիկայում Փաշինյանը նոր վտանգավոր փաստաթուղթ է ստորագրելու, իսկ «Հայաստան» դաշինքը հանրահավաք է անում նոյեմբերի 8-ին: Այս դանդաղկոտությունն անընդունելի է շատերի համար, քանի որ ամեն օրը կարող է Հայաստանի պատմության համար ճակատագրական լինել:

Ինչպես ասում են՝ Զատկից հետո կարմիր ձվերն ո՞ւմ են պետք: Այս իշխանության ամեն օրը մեզ համար նշանակում է տարածքային նոր կորուստներ: Ակնհայտ է, որ ՌԴ-ն էլ շատ հարցերում Հայաստանի շահերը չի պաշտպանում այնպես, ինչպես մեզ է ցանկալի, առաջ է տանում իր աշխարհաքաղաքական շահերը: Այնուամենայնիվ, մեր թիվ 1 թշնամին ՌԴ-ն չէ, մեր երկրի «թիվ 1» կապիտուլյանտը Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը չեն: Եթե ԱԺԲ-ն դժգոհ է նրանց պահվածքից, ապա թող կոնկրետ քայլեր անի եւ ինքը լուծի իշխանափոխության հարցը, ոչ թե գիշեր-ցերեկ հարվածի նրանց եւ քարոզչություն անի, որ նրանց հանրահավաքին քիչ մարդ գնա` գնան իրենց հանրահավաքին:

«Հայաստան» դաշինքի դեմ պայքար են տանում նաեւ ՀՀԿ-ամերձ որոշ ուժեր: Եթե ընդդիմադիրների նպատակը երկիրը Փաշինյանի իշխանությունից ազատելն է եւ նոր աղետներից փրկելը, ապա, անկախ նրանից՝ ռուսամետ են, թե ամերիկամետ, սիրում են իրար, թե ոչ, բոլորը միասին պետք է պայքարեն իշխանության դեմ կամ գոնե հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ: Սա պայքար է ոչ թե հանուն Քոչարյանի կամ Սեֆիլյանի, այլ հանուն երկրի, եւ յուրաքանչյուրը պետք է պայքարի յուրովի՝ իր հնարավորությունների սահմաններում նպաստելով երկրի անվտանգության ապահովմանը: Հակառակ դեպքում, ինչպես կարապը, խեցգետինն ու գայլաձուկը, իրար կքաշքշեն, իսկ իշխանությունը կմնա իր տեղում՝ երկիրը նոր կապիտուլյացիաների տանելով: