Իրականում ինչու հեռացավ Մեսսին․ ՊՍԺ-ն պայքարում է արգենտինացու համար

Իրականում ինչու հեռացավ Մեսսին․ ՊՍԺ-ն պայքարում է արգենտինացու համար

Երեկ երեկոյան Արգենտինայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» առաջատար և ավագ Լեո Մեսսիի՝ կապտանռնագույների կազմից հեռանալու լուրը ցնցեց ոչ միայն մարզական մամուլը, այլ առհասարակ ողջ համացանցը։

«Չնայած նրան, որ ակումբն ու խաղացողը համաձայնության էին եկել ու ցանկանում էին նոր պայմանագիր կնքել, դա հնարավոր չէ ֆինանսական ու կառուցվածքային խոչընդոտների պատճառով (Իսպանիայի առաջնության կանոնակարգի)։

Այս իրավիճակից ելնելով՝ Մեսսին չի մնա «Բարսելոնայում»։ Երկու կողմն էլ խորապես ափսոսում է, որ ակումբի ու խաղացողի ցանկությունները չեն իրականանա:
«Բարսելոնան» սրտանց երախտապարտ է խաղացողին ակումբի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար և նրան լավագույնն է մաղթում ապագայում իր անձնական ու մասնագիտական կյանքում»,- ասված էր կատալոնական ակումբի մամուլի ծառայության պաշտոնական  հայտարարության մեջ։ 

Ոչ միայն արգենտինացու կամ «Բարսելոնայի» երկրպագուների , այլև ցանկցած ֆուտբոլասերի համար հաղորդագրության մեջ տեղ գտած պատճառաբանությունը համոզիչ չէր, ինչի համար էլ այժմ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիսով է հանդես գալիս։

«Մեսսին ընդառաջ էր գնացել մեզ. հաստատվել էր 2 տարվա պայմանագիր, որի աշխատավարձը վճարվելու էր 5 տարում, բայց Լա Լիգան չհաստատեց գործարքը»,- ասաց նա։

Եվ իրոք, այն մասին, որ Մեսսին իրականում չի ցանկացել լքել հարազատ ակումբը, գրում է նաև ողջ միջազգային մարզական մամուլը։

 Diario Sport-ը, օրինակ, գրում է, որ  ֆուտբոլիստը զարմացած է, թե ինչպես է զարգացել իր պայմանագրի հետ կապված իրավիճակը։ «Հինգշաբթի ժամանելով Բարսելոնա, նա կարծում էր, որ պարզապես կստորագրի պայմանագիրը և ուրբաթ նա ցանկանում էր վերադառնալ թիմի հետ մարզումներին։

Խորխե Մեսին ՝ Լիոնելի հայրը, երեկ ժամանեց ակումբի գրասենյակ ՝ ակնկալելով նոր պայմանագրի ստորագրում, սակայն «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան ներողություն խնդրեց նրանից և ասաց, որ ակումբը չի կարող գրանցել Մեսիին:

Հետո արգենտինացու ներկայացուցիչն ասաց, որ Լեոն պատրաստ է էլ ավելի կրճատել իր աշխատավարձը, որպեսզի մնա «Բարսայում»: Մեսիի ընտանիքը կատալոնական ղեկավարությանը ժամանակ տվեց իրավիճակը վերլուծելու համար: Սակայն մի քանի ժամ անց «Բարսայի» ներկայացուցիչները կապ հաստատեցին ֆուտբոլիստի հետ եւ ասացին, որ աշխատավարձի սահմանը շրջանցելու հնարավորություն չկա:

Մեսսիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ հարձակվողը պաշտոնական բանակցություններ չի վարել այլ ակումբների հետ, քանի որ համոզված էր, որ կերկարաձգի պայմանագիրը «Բարսայի» հետ: Այժմ նա պատրաստ է լսել եվրոպական ակումբների առաջարկները »,- պնդում է պարբերականը։

Ասում են՝ այժմ Մեսսին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը ֆրանսիական ՊՍԺ-ն է։ ՊՍԺ-ի ղեկավարությունը հենց այս պահին էլ ու  արդեն մի քանի ժամ է, ինչ բանակցություններ է վարում Մեսսիի հետ հնարավոր պայմանագրի շուրջ: Պնդում են   RMC Sport-ը եւ Sky Sport Italia-ն: Չի բացառվում նաև, որ Մեսսին կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։
Հիշեցնենք՝ Մեսսին «Բարսայի»  կենդանի լեգենդն է,  կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 778 հանդիպման, խփել 672 գոլ և կատարել 305 փոխանցում: