Զիջվել է տարածքների մի մասը, մյուս մասը թողնվել է հետոյին

Զիջվել է տարածքների մի մասը, մյուս մասը թողնվել է հետոյին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

- Փաստացի Ադրբեջանին է հանձնվել Տավուշի չորս գյուղերը: Ի՞նչ տեղի կունենա հաջորդիվ:




-Տեղի է ունեցել այն, ինչի մասին մեկը` ես և բազմաթիվ այլ մարդիկ զգուշացնում էինք ամիսներ առաջ: Երբ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք «Զանգ» նախաձեռնությամբ կոչ էինք անում միանալ փողոցային պայքարին ու հեռացնել Փաշինյանին՝ հենց այս վտանգավոր սցենարը կանխելու համար էինք ասում։ Բայց մեր հանրությունը հակված է արձագանքելու ոչ թե աղետից առաջ, այլ հետո, երբ ինչ-որ բան փոխելը շատ ուշ է լինում։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուղիղ բանակցությունների միջոցով, ամբողջությամբ մի կողմ
դրեցին նախկին՝ արևմտյան հարթակներում ձևավորված բանակցային տրամաբանությունը և անցան նոր տրամաբանության: Սրա համաձայն՝ Հայաստանը միակողմանիորեն հրաժարվում է այս պահի
դրությամբ ոչ անկլավային տարածքներից, իսկ հետո, հենց նույն ՀՀ ԱԳՆ հայտարարությունից
պարզ է, որ կանցնեն անկլավային տարածքների քննարկմանը: Եթե այս զիջման դիմաց Հայաստանը
կարողանար հասնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ետվերադարձին, ապա
դա այլ բան կլիներ: Բայց անգամ վարչապետի աշխատակազմի՝ «Արմենպրես»–ին տված հարցուպատասխանից
ակնհայտ է՝ Հայաստանը ոչինչ չի ստացել, ուղղակի Ադրբեջանի դիրքերն են բարելավվում: Այդ ամենից նաև պարզ է դառնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված որևէ քարտեզի շուրջ չունեն պայմանավորվածություն: Այսինքն՝ այս ամենն արվում է առանց քարտեզների ամրագրման՝ հնարավոր բոլոր վտանգներով: Կիրանց գյուղի կապն էլ Երևանի հետ դրվում է սպառնալիքի տակ:
Ադրբեջանը ստանում է հողեր ու շրջանցում է ՀՀ ԶՈՒ պաշտպանական գիծը՝ մոտենալով մեր
բնակավայրերին: Բայց եկեք ավելի խորքային նայենք գործընթացին՝ ի՞նչ պատահեց: Ալիևն ու Փաշինյանը շատ
լավ մտածված համատեղ տեղեկատվական օպերացիա իրականացրեցին հայ հանրության դեմ: Պատերազմի
սպառնալիքների, կեղծ տեղեկատվության, հնարավոր հարձակման մասին լուրերից ու հայտարարություններից
հետո, մեկ էլ արագորեն գնացին պայմանավորվածության՝ փաստի առաջ կանգնեցնելով հայ հանրությանը:
Ասեմ նաև, որ քարտեզը, որը ներկայացնում է հայկական կողմը, շատ տարբեր է այն քարտեզից,
որը ներկայացնում է ադրբեջանական կողմը: Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ Ալիևին զիջվել է տարածքների մի մասը, մյուս մասը թողնվել է հետոյին։ Դեռ մի հատ էլ հիբրիդային հարձակում կանեն Ալիևն ու Փաշինյանը՝ կասեն, եթե չհանձնվենք, պատերազմ կլինի ու կանցնեն գործի։ Ալիևը պարզ տեքստով ասել է քայլերի հաջորդականության մասին, սկզբից պահանջում է ոչ անկլավային տարածքները, հետո՝ անկլավայինները, հետո՝ ճանապարհներ մեր տարածքով դեպի անկլավներ։ Փաշինյանն էլ պատերազմը կանխելու կեղծ պատրվակի ներքո պատերազմը մոտեցնում է մեզ՝ ավելի խոցելի դարձնելով մեր պետությունը՝ հնարավոր ագրեսիայից առաջ։




-Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը անցնո՞ւմ է ադրբեջանական վերահսկողության տակ:

-Այս պահի դրությամբ, այդ խնդրահարույց հատվածը շրջանցել են, վստահ եմ՝ դա թողել են հետագայում։ Բայց ակնհայտ է՝ փուլ-փուլ փորձում են իրագործել Հայաստանի շրջափակման ծրագիրը։ Շատ նման է Արցախի սցենարին։ Սկզբում՝ ստրատեգիական դիրքերն են վերցնում, հետո արդեն պլանավորում հարձակումը։ Սա ոչ թե պատերազմի կանխման, այլ դրա արագացման ծրագիր է։ Կամ մենք հեռացնում ենք Փաշինյանին ու կանխում այս սցենարը, կամ հետևանքները աղետալի են լինում բոլորիս համար։