Գյուղացիական ջոկատներ՝ սահմանապահ ծառայության փոխարեն

Գյուղացիական ջոկատներ՝ սահմանապահ ծառայության փոխարեն

«Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում» եռալեզու ցուցանակ, իրանական պետհամարանիշներով բեռնատարները մեր տարածքում ապօրինաբար կանգնեցնող, զննող եւ վարորդներից գումար շորթող ադրբեջանցի ոստիկաններ, Տեղ գյուղից ավտոմեքենա առեւանգող թշնամական զորք։ Սա Հայաստանի հարավային դարպասի՝ Սյունիքի վերջին մի քանի օրերի քրոնիկոնն է։

Ստացվում է՝ մեր պետության ողնաշարը, միջնաբերդն ու հիմնասյունը՝ Սյունիքը, նրա խոշոր քաղաքներից երկուսը՝ Գորիսն ու Կապանը կապող մայրուղին, մարզկենտրոն Կապանի մատակարարումը թողնված են թշնամու մեծահոգությանը։

Ո՞վ է այսօր հիշում եւ խոսում ավելի քան 4 ամիս առաջ երկու ուղղությամբ Հայաստանի սահմաններ ներթափանցած թշնամու զորախմբերի, օրեցօր նրանց ամրապնդման, դիրքեր եւ մատակարարման ճանապարհներ կառուցելու մասին։ Ինչ-որ մեկը պատրա՞նք ունի, թե առաջիկա սահմանագծման պարագայում Ադրբեջանը կամովին հետ է քաշվելու իր ձեւավորած կամայական բնագծից։ Որեւէ մեկը կարծում է, որ եթե Հայաստանի վարչապետն ինքն է բացել անկլավների հանձնման թեման, հնարավո՞ր է լինելու դրանից խուսափել։

Մինչդեռ որքա՜ն վրդովված էին մի շարք մանրումեծ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, երբ մայիսի 12-ին, տեւական հերքումներից հետո, հաստատվեց, որ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի ուղղությամբ թշնամին մոտ 3 կմ առաջ է եկել եւ նոր դիրքեր փորել եւ ամբողջական նշանառության տակ են հայտնվել տարածքի արոտավայրերը եւ խոտհարքները, նույնը՝ Սեւ լճի եւ Իշխանասարի մոտակայքում։ Եվ ո՞ւմ հոգն է այսօր Հայաստանի խաթարված տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի քարտեզից նվազագույն պատկերացում ունեցողն էլ շատ լավ հասկանում է, որ Սյունիքի առանձնահատուկ թիրախավորումն ունի մեկ նպատակ՝ միջանցք կտրել Հայաստանի հարավով (ինչի համար էլ ներխուժել են ամենանեղ լայնքով հատվածից), որից հետո Սյունիքի, գուցե նաեւ Վայոց Ձորի մարզերի հաղորդակցությունը կտրել Հայաստանի կենտրոնի եւ հյուսիսի հետ։ Հոգեբանական տեռոր բանեցնելով՝ թշնամին ամեն ինչ անում է Սյունիքն անկլավացնելու եւ հայաթափելու նպատակով։

Վերջերս զավթված Քաշաթաղում ավարտվեցին թուրք-ադրբեջանական հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները։ Օկուպանտ բանակի ստորաբաժանումները թուրք հրահանգիչների մասնակցությամբ վարժանքներ էին անցկացնում ռուս խաղաղապահների անմիջական հարեւանությամբ։ Հընթացս՝ Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համատեղ «Երեք եղբայր-2021» զորավարժությունը, թուրքական Կոնիայում՝ «Թուր-Ազ Բազե-2021» վարժանքը՝ Ադրբեջանի մասնակցությամբ։ Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը եւ Թուրքիան շատ յուրօրինակ են պատրաստվում կայուն խաղաղության դարաշրջանին, որի մասին այդքան սիրում է թմբկահարել Նիկոլ Փաշինյանը։

Պայմանական հակառակորդի, իմա՝ Հայաստանի դեմ խաղարկվող արդեն որերորդ զորավարժության ֆոնին մեր իշխանությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Հայաստանի տարածքում տեղակայված թշնամական պետության ոստիկանական կետի կամ իրանական պետհամարանիշներով բեռնատարների ճակատագրի մասին հոդաբաշխ տվյալ չունեն ո՛չ Սյունիքի մարզպետը, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ ԱԱԾ-ն։

Սրանք, ի դեպ, այն կառույցներն են, որոնք պարբերաբար հորդորում են կեղծ լուրեր չտարածել, բայց բոլոր այդ լուրերն արդյունքում հաստատվում են, պատկան կառույցների կողմից մանիպուլացման փորձերը՝ ձախողվում։ Տեղեկատվական միակ աղբյուրը մնում են համայնքապետերը, որոնք մի ձեռքով ստիպված են հաստատել ամենօրյա դարձած սահմանային միջադեպերի մասին տվյալները, մյուս ձեռքով՝ բանակի անգործության ֆոնին ձեւավորել գյուղացիական ջոկատներ եւ զգոն լինել իրենց համայնքների բնակիչների անվտանգության եւ ունեցվածքի անձեռնմխելիության հարցում։ Զգոն լինել այնքան, մինչեւ իշխանությունը չկալանավորի նրանց:

Դավիթ Սարգսյան