Երևանի «բանալիներն» ո՞վ տվեց թշնամուն

Երևանի «բանալիներն» ո՞վ տվեց թշնամուն

Նորություն չէ, որ ադրբեջանցիները 44-օրյա պատերազմից հետո անարգել մտնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, բնավորվում, ճանապարհ վերցնում, անցակետեր դնում, թունել կառուցում, մի խոսքով՝ անում են այն, ինչ ուզում են: Իսկ մեր երկրի իշխանավորները կատարում են նրանց փաստաբանի ու «իրավունքների պաշտպանի» դերը եւ սկսում արդարացնել, թե մարդիկ մտել են Սովետական Ադրբեջանի իրենց տարածք, այդ ճանապարհներն ու տարածքները ժամանակին իրենցն են եղել, մենք խլել ենք, հիմա հետ ենք վերադարձնելու, որ խաղաղ ապրենք: Եվ առհասարակ` բացել ենք խաղաղության դարաշրջանը, այլեւս ոչ մի պատերազմ: Մեր երկրի սահմաններ ներխուժածներով չեն զբաղվում ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո՛չ ԱԱԾ-ն, որը վարչապետին արդարացնում, հաստատում է նրա ասածը՝ ոտնձգությունների ենթարկված տարածքներն անվանելով ադրբեջանական տեղանուններով։ Ո՛չ ԱԳՆ-ն, որը գրեթե լուծարված վիճակում է եւ կենդանության նշույլներ ցույց չի տալիս անգամ Արարատ Միրզոյանի նախարար նշանակվելուց հետո: Ոստիկանությունն էլ զբաղված է Փաշինյանի անձնական անվտանգությունն ապահովելով ու նրա մասին ֆեյսբուքյան վատ գրառումների հեղինակներին փնտրելով, որ գտնի պատժի: Մի խոսքով, Հայաստանն իր սահմաններով անտեր վիճակում է, դարձել է, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, որբի գլուխ, ով որտեղից հասնում՝ խուզում է: 

Հայաստանում այսօր վտանգված են ոչ միայն սահմաններն ու այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը, այլեւ հենց հանրապետության սրտում՝ Երեւանում ապրողների անվտանգությունն ապահովված չէ: Նորություն չէ, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստան եկան շատ օտարերկրացիներ, ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Կարծես թե պետական ծրագիր կա՝ փոխելու Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը: Դա չեն թաքցնում նաեւ իշխանավորները՝ ասելով, որ եթե հայերը չեն ուզում ապրել Հայաստանում, ապա այստեղ կապրեն արաբները, էժան աշխատուժ հանդիսացող հնդիկները, անգամ թալիբներին են հրավիրում Հայաստան: Բայց եթե արաբների ու հնդիկների հետ մենք չունենք որեւէ խնդիր, գենետիկ թշնամանք, ապա նույնը չի կարելի ասել մայրաքաղաքում ազատորեն զբոսնող ադրբեջանցիների մասին: Նրանց մի մասը ծպտյալ է եւ չի բացահայտում իր ինքնությունը: Շատերն էլ բացահայտ ցույց են տալիս, որ, այո, իրենք ադրբեջանցիներ են եւ եկել են «իրենց հայրենի Էրիվան»: Մեր փողոցներում երբեմն բարձրաձայն ադրբեջաներեն խոսք է լսվում` ադրբեջաներենին տիրապետողներն են պնդում, նրանք հիմնականում փորձում են երկխոսության մեջ մտնել հայուհիների հետ...

Մայրաքաղաքի կենտրոնում գործող մերսման սրահներից մեկի սեփականատերը մեզ հետ զրույցում ասաց, որ հարկադրված է եղել փակել իր սրահը, քանի որ վերջին շրջանում աշխատելն ուղղակի անհնար է դարձել. «Նախկինում երբեք մեր սրահում նման խնդիրներ չեն եղել: Մենք մեր այցելուներին սպասարկում էինք ըստ մեր գործառույթի, նրանք էլ իրենց հասանելիք սպասարկումը ստանում, գումարը վճարում ու դուրս էին գալիս: Բայց այս՝ հեղափոխություն կոչվածից հետո տարբեր ազգությունների մարդիկ են գալիս, որոնց պահվածքը բավականին դուրս է պարկեշտության սահմաններից: Շատերը ներկայանում են որպես սփյուռքահայեր: Բայց մենք նման սփյուռքահայեր նախկինում չենք տեսել: Իսկ պատերազմից հետո արդեն գալիս են ադրբեջանցիներ եւ իրենց բավականին լկտի են պահում: Նրանց խոսելաձեւն այսպիսին է՝ դուք պարտավոր եք մեզ մասաժ անել: «Ես ադրբեջաներեն հասկանում եմ եւ նրանց շուտ եմ ճանաչում: Երբ տեսնում էի, որ ադրբեջանցի է, ասում էի, որ ազատ տեղ եւ ժամ չունենք, չէի ընդունում: Իսկ երբ տեղում չէի լինում, եւ իմ աշխատակիցներն առանց ճանաչելու նրանց ընդունում էին, ապա սպասարկման կեսից նրանք սկսում էին իրենց անվայել պահել եւ անվայել պահանջներ ներկայացնել աշխատակցուհուն: Անգամ վերջինիս պատկառելի տարիքը նրանց չէր զսպում: Այլեւս աշխատելն անհնար էր, ու ես ստիպված փակեցի սրահը»: 
Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք «գունագեղ» միջոցառման համար Հանրապետության հրապարակում բեմի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Երեկ համացանցը ողողված էր լուսանկարներով. բեմի դեկորացիան ու երկաթյա կոնստրուկցիաները բերվել են թուրքական բեռնատարներով: Սա բավականին մտորելու եւ ամենատարբեր հետեւությունների տեղիք է տալիս… Մեր անկախության տոնը թուրքակա՞ն «հանդերձանքով» ենք նշելու, ի՞նչ բիզնես կամ քաղաքական գործարքի արդյունք է սա… Անկախության, զոհերի հիշատակին նվիրված «գունագեղ տոնակատարությանն» ընդառաջ թուրքական բեռնատարները գրավել են Հանրապետության հրապարակը: Սա ազգային անվտանգության լուրջ խնդիր է, որով զբաղվող չկա:

Մինչ հիմա փաշինյանական իշխանությունը պարտությունների, Արցախը հանձնելու, Մեղրիով թշնամուն ճանապարհ տալու մեղքը բարդում էր նախկինների վրա. Մեղրին Քոչարյանն է տվել, Արցախի տարածքները՝ Սերժը, Գեղարքունիքի, Սյունիքի քարտեզները նախկինները վարչատարածքային բաժանման ժամանակ մերը չեն համարել: Հիմա ակնհայտ է, որ Երեւանի դարպասները լայնորեն բացվել են թշնամու առաջ: Իսկ ո՞վ տվեց Երեւանի «բանալիները» թշնամուն։