Հո քեզ  չե՞ն ասելու՝ գերագույն հրամանատար

Հո քեզ  չե՞ն ասելու՝ գերագույն հրամանատար

2018 թվականի հունիսի 30-ին, երբ հանրապետական առանցքային դեմքերից մեկը շնորհավորել էր Սերժ Սարգսյանի ծննդյան օրը, գրելով՝ շնորհավոր ծնունդդ Գերագույն գլխավոր հրամանատար, արբունքի ու մեղրամսի մեջ գտնվող ՔՊ- ական անփորձ, անտաղանդ, նոր-նոր պաշտոնի նշանակվածները վրա էին տվել՝ ո՞նց թե գերագույն հրամանատար, ի՞նչ իրավունքով եք նման բան գրում։ Քննադատություններով ու անպարկեշտ արտահայտություններով ողողել էին մամուլը, օնլայն հարթակը։

Ինչպե՞ս կարելի է Նիկոլից բացի մեկին գերագույն հրամանատար կոչել։ Նրանք նույնիսկ չգիտեին, որ արարողակարգի կանոնների համաձայն նման բարձրաստիճան կոչումները նախկին չեն լինում և կարող են գործածվել նաև պաշտոնանկությունից հետո։ Արարողակարգը արարողակարգ, բայց հանրությունը  գերագույն հրամանատար է անվանում նրան, ով իր երկրին հաղթանակներ է բերում։ Ինչքան էլ գերագույն հրամանատարը արարողակարգային լինի, որը նաև պահպանվում է պաշտոնը թողնելուց հետո, մեկը պատկերացնու՞ մ է, որ երկիրը կապիտուլյացիայի, խայտառակ պարտության տարած Նիկոլ Փաշինյանին՝ պաշտոնը թողնելուց հետո, գերագույն հրամանատար են ասելու։ Նույնիսկ այսօր, երբ նա տիրապետում է պետական բոլոր լծակներին և «սուրը աջ էլ է կտրում, ձախ էլ» , թխսաճտերն են անգամ  ամաչում, այո, այո, ամաչում ասել գերագույն հրամանատար։ Եթե Փաշինյանը, նրա թիմակիցները մի փոքր մտածեին, թե իրենց պաշտոններում չլինելուց հետո ինչպես է ժողովուրդը անվանելու իրենց, այսօր այն որակումները, որ արվում է նրանց հասցեին, բնական կընդունեին։ Կընդունեին՝ այն ինչ ցանել են, հնձում են։  

Կփորձեին հասկանալ, որ Արցախը Ադրբեջանին հանձնած, Հայաստանը փոքրացրած, տարածքները հանձնած ղեկավարին ու նրա թիմակիցներին ինչպե՞ս է անվանելու սերունդը։ Այսօր պաշտոնի են, մարդիկ ինչ- ինչ առումներով լռում են, վաղը նրանք  ի՞նչ են անելու, ու՞ր են փախչելու երկրի տերերից։ Հո  չե՞ն ասելու ՝ գերագույն հրամանատար, թիմիդ անդամներիդ էլ հրամանատարներ։ Նույնիսկ դա դուք չեք պատկերացնի։