«Հրապարակ». Մհեր Բիշարյանից ուզում են ազատվե՞լ, թե՞ քննիչների համար միեւնույն է՝ ում վրա գործ կհարուցեն

«Հրապարակ». Մհեր Բիշարյանից ուզում են ազատվե՞լ, թե՞ քննիչների համար միեւնույն է՝ ում վրա գործ կհարուցեն

Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի շուրջ օրերս պայթած քրեական սկանդալը նրա գործընկերներից ոմանք համարում են ներիշխանական ինտրիգների հետեւանք։ Բիշարյանը համակարգի հին կադրերից է։ Գնման համար մրցույթը, որի ընթացակարգը խախտելու համար մեղադրում են նրան, իրականացվել է 2021 թ. հունվարին, երբ առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն էր։ 

Հիշեցնենք․ պրոֆեսորին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի համար (Քրoր․ 441-րդ հոդված), այն բանի համար, որ նա գենետիկական փորձաքննության համար նախատեսված սարքավորումը ձեռք է բերել 285 մլն դրամով՝ 10 մլն դրամ ավելի վճարելով, որ սարքը հնարավորինս արագ Հայաստան բերվի։ Բիշարյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասում է, որ Բիշարյանը չի եղել գնումն իրականացնողը, որ մի բան էլ սխալ գին ներկայացներ։ «Եղել է 2 գնառաջարկ, որոնցից մեկը մյուսից 10 մլն դրամով բարձր էր։ Էժան առաջարկն ընտրելու դեպքում սարքավորումն ուշ էր գալու, եւ Բիշարյանը նախընտրել է բարձր գնային առաջարկը` սարքն օր առաջ Հայաստան հասցնելու համար»,- ասում է նա։

Մհեր Բիշարյանի կոլեգաները չեն բացառում, որ հենց նախարարությունից դուրս եկած լինի նախնական տեղեկությունն այն մասին, որ Բիշարյանն իբր գնումների ընթացակարգ է խախտել։ Մյուսներն էլ հայտնում են, որ քրգործը նոր չէ հարուցված, այլ մոտ մեկ տարի առաջ, դրա շրջանակում վաղուց են հարցաքննություններ իրականացվել, նախարարության աշխատակիցներ են կանչվել՝ ցուցմունք տալու։ Տեղեկությունը, որ քրգործը հարուցվել է մեկ տարի առաջ, հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ի դեպ, 2021 թ. հունվարի սկզբին, երբ ԴՆԹ իդենտիֆիկացման նոր սարքի ձեռքբերման գործարքը կնքվում էր Անահիտ Ավանեսյանը դեռ Արսեն Թորոսյանի առաջին տեղակալն էր, եւ ինքն էր դեղորայքի եւ սարքավորումների գծով գնումների կուրացիան իրականացնում։
Մեզ հետ զրույցում առողջապահության նախարարության նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը, ով ղեկավարում էր Պետական առողջապահական գործակալությունը եւ ի պաշտոնե տեղյակ էր ծախսերից, պատմում է. «Բիշարյանի հիմնարկը ՍՊԻԴ-ի կենտրոնից էր մի սարք վերցրել` ժամանակավոր, դե, նրանք էլ են ԴՆԹ հետազոտություններ կատարում։ Դատաբժշկական կենտրոնն ուներ մեկ հատ շատ հին սարք, որը չէր համապատասխանում ոսկրերի իդենտիֆիկացիայի պահանջներին, խորքային հետազոտությունների համար։ Դրան գումարած՝ կար թողունակության խնդիր։ Մարդիկ բողոքում էին, որ փորձաքննությունը դանդաղ է արվում, կենտրոնի առաջ ահռելի հերթեր էին, հնարավոր չէր կենտրոնին մոտենալ։ Ռազմի դաշտից բազմաթիվ մասունքներ էին հավաքել, բերել։ Հարազատներին կորցրած, դժգոհ ու ծանր վիճակում հայտնված մարդիկ իրենց հույզերը հենց այդտեղ արտահայտում էին։ Շատ ծանր ժամանակ էր։ Կար կառավարության որոշում, որ պետք է գնվի այդ սարքը։ Գումարը` սարքը գնելու համար, մոտ 300 մլն դրամ, տրվել էր լրացուցիչ, որովհետեւ Բիշարյանի հիմնարկը չէր կարող իր եկամուտներից գնել այդ թանկարժեք սարքը` իր կոմպլեկտացիայով։ Կենտրոնն իր մարզային մասնաճյուղերով բյուջեից տարեկան ստանում էր ընդամենը 450 մլն դրամ։ Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ նաեւ մյուս հաստատություններն օգնեցին ձեռք բերել այդ սարքը՝ ՊՆ-ն, օրինակ, որովհետեւ շատ կարեւոր էր ունենալ նաեւ դատախազության, քննիչների համար։ Կարծում եմ, այս դեպքում հրատապ ընթացակարգով գնումն անելն արդարացված էր»։ 

Նա ուսանողական տարիներին սովորել է Մհեր Բիշարյանի հետ եւ վստահեցնում է՝ Բիշարյանն ամեն ինչի հասել է ինքնուրույն, իր տանջանքով, երկար տարիներ դատաբժիշկ է աշխատել, պրոռեկտոր է եղել։ «Վերջին տարիներին մեր երկրին պատուհասած բոլոր արհավիրքների ժամանակ նա 24 ժամ ռեժիմով աշխատողներից է եղել՝ քովիդի օրերին, 44-օրյա պատերազմի։ Անձամբ գնացել է մարտի դաշտ։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալ է ստացել, ու հանկարծ ինչ-որ 10 մլն-ով փորձում են նրան անվանարկել, անունը կեղտոտել։ Կարծում եմ, նա հերթական մարդն է, որին ուզում են ազատել աշխատանքից եւ ընտրել են այս ձեւը», - ասում է Վարդանյանը։ 

Հիշեցնենք․ Ծաղիկ Վարդանյանին Անահիտ Ավանեսյանն ազատեց 2022 թվականին, նա դատարանով վերականգնվեց պաշտոնում, ապա դիմում գրեց։ Քովիդի, նաեւ հետպատերազմական ծանր ժամանակաշրջանում պաշտոնավարողներից էր նաեւ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը, ով նույնպես ամիսներ առաջ դիմում գրեց ու ազատվեց պաշտոնից։ Ըստ տարածված խոսակցությունների, նա էլ լարված հարաբերություններ ուներ Անահիտ Ավանեսյանի հետ։ 

Մհեր Բիշարյանի ղեկավարած կենտրոնից ավանդաբար շատ մեծ դժգոհություններ են լինում` տարբեր գործերով, քանի որ դատավճիռների հիմքում դրվող փորձագիտական եզրակացություններն այս հիմնարկն է տալիս: Ժամանակին այս հիմնարկի ղեկավար Շոթա Վարդանյանը քայլող կոռուպցիայի սիմվոլն էր երկրում, եւ բնական է, որ հիմա էլ շատ դժգոհություններ կլինեն: Բայց այդ բողոքները լուրջ քննության ենթարկելու փոխարեն դատախազությունը, քննչական մարմիններն աղմուկ ու շոու են սարքում մի անհեթեթ ու անհեռանկար թեմայով, ինչպիսին նույնականացման սարքի ձեռքբերման գործարքն է։ Կանցնի ժամանակ, մեղադրանքը կփլվի, գործը ծածուկ կփակեն, բայց «նստվածքը» եւ վիրավորանքը կմնան։