«Հրապարակ». Ինչու է Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին «մաքրում»

«Հրապարակ». Ինչու է Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին «մաքրում»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է դառնալ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հանցակիցը եւ աջակցել Արցախն Ադրբեջանին հանձնելու եզրափակիչ օպերացիային։ Վերջին օրերին  անում են ճիշտ նույն բանը, ինչ անում էին 44-օրյա պատերազմի օրերին, մանիպուլյատիվ հայտարարություններով, ստի ու կեղծիքի միջոցով կոծկում են իրականությունը, Նիկոլ Փաշինյանի հակազգային, հակահայկական քայլերի համար պարարտ հող ստեղծում, բթացնում մարդկանց զգոնությունը, որպեսզի չխանգարեն այս նենգ ծրագրի իրականացմանը։ Արայիկ Հարությունյանի վրա դրված է արցախցիներին համոզելու, նրանց դիմադրությունը կոտրելու պարտականությունը։

Եվ նա հավատացնում է արցախցիներին, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու նպատակ չունի, հիմնավոր չեն հայաստանյան ընդդիմության պնդումներն ու կասկածները։ Հարությունյանն այդ նպատակով եւ Փաշինյանի հրահանգով հանդիպումներ է նախաձեռնում տարբեր շրջանակների հետ եւ փափուկ բարձ դնում արցախցիների գլխի տակ, որ նրանք չմասնակցեն հայաստանյան ընդդիմության սկսած պայքարին, եւ տապալվի այս դիմադրության շարժումը։ Որ ՀՀ իշխանությունների համար կոմֆորտ զոնա ստեղծեն, եւ վերջիններս առանց խոչընդոտի իրականացնեն իրենց ծրագրերը։

Դիցուք՝ նախօրեին Արցախի նախագահը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել ու շեշտել, թե առանց արցախցիների Արցախի հարցը չի լուծվելու․ «Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որեւէ փաստաթուղթ չի քննարկվում, եւ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի կարծիքի հետ»։

2 օր առաջ էլ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում՝ փակ ֆորմատում է Գյուլնազ տատի հեքիաթները պատմել, որի մասին մենք գրել էինք։ Հարությունյանն ասել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար», եւ խաղաղության պայմանագիրը կապ չունի Արցախի կարգավիճակի հետ։ Այն պարագայում, երբ ընդամենը շաբաթներ առաջ՝ կառավարության անցած տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելիս, Փաշինյանը գաղտնազերծել էր Արցախի հարցով իր ծրագրերն ու հստակ շեշտել, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի իջեցում, եւ խաղաղության պայմանագիրը կնքվելու է Ադրբեջանի 5 կետանոց ուլտիմատումի շրջանակներում։

Նաեւ սկսեց քարոզել նշաձողի իջեցման օգտին՝ դա ներկայացնելով իբրեւ խաղաղության դարաշրջանի առհավատչյա։ Փաշինյանին ձայնակցեցին իր ուսապարկերը եւ վերջինիս ներկայությամբ գրեթե բառացի հայտարարեցին, թե ո՞վ ասաց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ինչպեսեւ սպասվում էր, Հայաստանում ու Արցախում բուռն արձագանքեցին Փաշինյանի եւ ուսապարկերի այդ հայտարարություններին: Արցախի ժողովուրդը՝ ի դեմս Արցախի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, մերժեց Նիկոլի մոտեցումները՝ հանդես գալով հայտարարությամբ ու կոչով՝ առ իշխանություն, որ հրաժարվեն իրենց վտանգավոր օրակարգից։ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական առողջ ուժերն ու հանրության լայն շրջանակները եւս «ոչ» ասացին Նիկոլ Փաշինյանի օրակարգին, եւ դա ազդակ դարձավ, որ մեկնարկեն ընդդիմության փողոցային ակցիաները։ Կարելի է ասել՝ Հայաստանում եւ Արցախում ստեղծվեց «Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» վիճակ։

Բնական է, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չէր կարող ձեռքերը ծալած նստել եւ սկսեց անիվը հետ պտտել՝ նախորդ ասածները հերքելով եւ որպես գործիք օգտագործելով նաեւ Արցախի նախագահին։ Մեզ ասացին, որ ԱՀ խորհրդարանի հայտնի հայտարարությանը պետք է հաջորդեր նաեւ Արցախի նախագահի հայտարարությունը, սակայն հենց նույն օրը Փաշինյանը շտապել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին գործուղել Արցախ եւ կանխել այդ գործընթացը։

Գաղտնիք չէ, որ Արայիկ Հարությունյանի անվան հետ են կապվում մի շարք բիզնեսներ, եւ Աբազի միջոցով, հավանաբար, կոմպրոմատների փաթեթ են դրել Հարությունյանի առաջ՝ վախեցրել եւ իրենց ծրագրի մասնակից դարձրել։ Սակայն սրանով հարցը չի փակվել․ անցած շաբաթ՝ խորհրդարանական հայտնի աղմկահարույց հայտարարություններից հետո, Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իր նկատմամբ բողոքի ալիք է բարձրանում, Հայաստան է կանչել Հարությունյանին եւ նոր հանձնարարություններ տվել, որոնք էլ նա իրականացնում է վերջին օրերին։

Փաշինյանի «գծած» սցենարն իր որոշած հունով առաջ է գնում։ Արայիկ Հարությունյանը զբաղված է Փաշինյանին «մաքրելու» գործով, արցախցիներն ասում են՝ ինչպես պատերազմի ժամանակ էր զինվորների հետ սուրճ խմելով խաբում, թե իբր ամեն ինչ լավ է, այնպես էլ՝ հիմա։

Մեր աղբյուրը հիշեց նաեւ, որ պատերազմի ժամանակ Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը հոկտեմբերի սկզբներին նամակով դիմել էր Փաշինյանին, որ ամեն գնով կանգնեցնի պատերազմը, սակայն վերջինս որոշեց պատերազմը չդադարեցնել, մինչեւ Շուշին չհանձնվի Ադրբեջանին։ Իսկ երբ պատերազմից հետո կրկին դիմադրության շարժում էր բարձրացել, ու Արցախից պնդում էին, թե նման նամակով դիմել են Փաշինյանին, Արայիկ Հարությունյանը հերքեց այդ նամակի գոյության փաստը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, արձագանքելով շրջանառվող խոսակցություններին, թե Արցախի նախագահը նամակով դիմել է Մինսկի խմբի համանախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու պատերազմը, եւ անհապաղ նստել բանակցությունների, հոկտեմբերի 20-ին ասել էր․ «Դա աբսուրդ է, ոչ մեկին ոչ մի նամակ չենք ուղարկել: Դա ինֆորմացիոն հերթական դիվերսիան է»։