Տուն՝ արցախցուն․ մանկապարտեզում բնակվող երեխաները տեղափոխվել են

Տուն՝ արցախցուն․ մանկապարտեզում բնակվող երեխաները տեղափոխվել են

6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը, որը Ստեփանակերտից դուրս գալուց հետո Արարատի մարզի Գետազատ գյուղի մանկապարտեզում էր ապրում, մեծ կռիվ-պատերազմից հետո վերջապես նոր տուն ունի։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Գետազատի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Ստեփան Հովսեփյանը։ 

«Բարերարներից մեկը նրանց համար բնակտարածք է գնել Եղեգնավան գյուղում, եւ նրանք ընտանիքով տեղափոխվել են այնտեղ»,- հայտնեց գյուղապետարանի ներկայացուցիչը։ 
Հիշեցնենք․ ընտանիքի հայրը՝ Ռոմիկ Դարբինյանը, բնիկ արցախցի չէ։ Նա ծնունդով Արարատի մարզի Նորակերտ գյուղից է, բայց ժամանակին չէր կարողացել կենցաղային հարցերը լուծել, եւ 2011 թվականին վերաբնակեցման ծրագրով տեղափոխվել էր ԼՂՀ,  Քաշաթաղի շրջան։ 
Պատերազմի օրերին Ռոմիկի տունը մնացել էր Ադրբեջանին, եւ Ռոմիկը, ընտանիքն առած, հետ էր գնացել Արարատ, ապրում էր մանկապարտեզում։ 

Բազմազավակ ընտանիքի շուրջ աղմուկ բարձրացավ մոտ 10 օր առաջ, երբ արարատցիները տեսախցիկների ու ԶԼՄ-ների առաջ դժգոհեցին, թե արցախցի փոքրիկների պատճառով իրենց երեխաները չունեն մանկապարտեզ, որ մամաներն ու պապաները նրանց ստիպված իրենց հետ դաշտ են տանում, որ արցախցիներին պետք է վռնդել, քանի որ նրանք ընդհանրապես արցախցի էլ չեն, այլ Արցախ մեկնած հայաստանցիներ են, քանի որ երեխաները մանկապարտեզի վարագույրները պատառոտել են, գույքը փչացրել եւ այլն։ 

Գյուղապետարանի ներկայացուցիչը պատմեց, որ այսօր ամեն ինչ  կարգավորվել է, բոլորը գոհ են՝ ե՛ւ գետազատի մայրիկները, ե՛ւ Ռոմիկը, ե՛ւ Ռոմիկի ծեր մայրը։ Գետազատի բնակիչները կարգի են բերում ավերված մանկապարտեզի գույքը, իսկ Ռոմիկն ու երեխաները մեկի փոխարեն երկու տուն ունեն՝ բարերարի նվիրածը եւ Ռոմիկի մայրիկի հին ու կիսախարխուլ տունը Նորակերտում, որտեղ Ռոմիկի մայրն արդեն տասը տարի մենակ էր ապրում։ 
Այսպիսի «Հեփի ենդ»-ի 44-օրյա պատերազմից հետո անտուն մնացածներից քչերն են հասել։ Ավելի շատ են տեղահանվածները, որոնք մինչ օրս սեփական անկյուն, ապրելու գոնե 10 քմ տեղ են փնտրում ու չեն գտնում։ 

Հանրապետությունում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ պատերազմի օրերին Արցախից տեղահանված բնակիչներից 25 հազար մարդ գտնվում է ՀՀ-ում։ Նրանց մեծ մասը Երեւանում է։ Օպերատիվ շտաբը համակարգում է նաեւ Արցախ վերադարձը, կազմակերպում ճանաչողական այցեր։ Մինչ այս պահը 57 ընտանիք տեղափոխվել է Արցախ՝ 283 անձ։ Արցախի Հանրապետությունը միջոցներ չի խնայում սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։ Սոցիալական աջակցության մոտ 20 ծրագիր կա, որոնց համար մարդիկ արդեն «դրամական» անուններ են հորինել՝ «30 հազարների ծրագիր», որով Հայաստանում արցախցիներին հյուրընկալող ընտանիքների յուրաքանչյուր անձի համար 30 հազար դրամ է տրամադրվում, կամ «68 հազարի ծրագիր», որով Արցախում հաշվառում ունեցողներից յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ է հատկացվում։ 

«Այս ծրագրերը ժողովրդին թմրեցնելու, իրենց կողմ քաշելու ծրագրեր են։ Ոչ ոք անվտանգության խնդիրներ չի դնում։ Պետությունը հայտարարել է, որ մինչեւ 23 թիվը բոլորին բնակարաններով ապահովելու է։ Բանկերից պարտք է անում, երկրորդական շուկայից էժան տներ է գնում։ Սա պետությունը քանդելու ու պարտքերի մեջ խրելու ճանապարհ է։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պարտքերից մի վախեցեք, պետք լինի, էլի կվերցնենք․ նույն կարգախոսով են շարժվում։ Նույնն էլ անում են Արցախում»,- նշում է Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։ 

Սոցիալական ծրագրերի իրականացմանը, դրանցով իրականացվող ֆինանսական հոսքերի բաշխմանը մասնակցում են բացառապես իշխանական քաղաքական թիմերը՝ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի մարդիկ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն այդ սոցիալական ծրագրերում չեն ներառվում։ «Օգնության բաշխումը թափանցիկ չի կատարվում։ Օրինակ՝ վարկերի փոխհատուցումը, որի մասին բազմիցս հայտնել ենք,  աջակցության կարգով պետք է վարկերը փոխհատուցվեին, բայց եթե ընտանիքից մեկը պահեստազորի հրահանգով չի ներկայացել, իրենց չի հասնում փոխհատուցում։ Միեւնույն ժամանակ, չկա մի քրեական գործ՝ զինկոմի կանչին չներկայանալու դեպքով հարուցված»,- ասում է Դավիթ Գալստյանը։ Ըստ նրա՝ հումանիտար օգնության բաժանման գործընթացն այսօր շատ բազմազան է, կան մեծ դժգոհություններ, ինչը բնական է։

«Չես կարող բոլորի սրտով շարժվես, միջոցները սուղ են։ Օրինակ, գալիս է մասնավոր բարերար, բերում է 100 հատ վերմակ Ֆրանսիայից, 101-րդ մարդուն չի հասնում, աղմկում է, որ միայն իրենց ծանոթներին են բաժանում»,- ասում է պատգամավորը։ 

Եթե միջոցներն են սուղ, ինչպե՞ս է որոշում ընդունվում, որ եթե մարդը երկու տուն ունի, պետությունը մեկն առնում է։ «Հրապարակի» հարցին պատգամավորը պատասխանեց․ «Մենք չգիտենք, թե ինչպես է ընդունվել այդ որոշումը, առհասարակ՝ կառավարության որոշումներն ընդունելիս ընդդիմադիր պատգամավորներին տեղյակ էլ չեն պահում։ Կառավարության բազում որոշումներ կան, որոնք իրենք իրենց մեջ քննարկում ու որոշում են։ Կառավարությունից ուղարկում են ԱԺ, իսկ այնտեղից խմբակցություններ չի հասնում, մենք մամուլից ենք իմանում, որ այս կամ այն որոշումն է ընդունվել»։