Անում է նույնը, ինչ Էրդողանը, բայց, ցավոք, Հայաստանի պարագայում հակառակ պատկերն է

Անում է նույնը, ինչ Էրդողանը, բայց, ցավոք, Հայաստանի պարագայում հակառակ պատկերն է

«Նա լավ է սերտել երեւակայական համայնքների վերաբերյալ դասը, որ ազգերը, ժողովուրդները ոչ թե այնպիսին են, ինչպիսին կան, այլ այնպիսին են, ինչպիսիք իրենք իրենց երեւակայության մեջ իրենց պատկերացնում են: Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Հայաստանում տեղի է ունենում հայ ժողովրդի ինքնությունը փոխելու, ուրիշ ժողովուրդ դարձնելու տրանսֆորմացիան»: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած  «Ու՞ր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է հասարակական-քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանը։

«Հիմա տեղի է ունենում հայ ժողովրդի վերափոխում: Խոսքը արժեքների մասին է, պատմության մասին է, խորհրդանիշների մասին է: Սա արտահայտվում է նաեւ պետական տարբեր ինստիտուտների ինքնավարության նվազմամբ, սա նաեւ դրսեւորվում է ժողովրդավարական ինստիտուտների հետընթացով, որպեսզի ինքնության փոփոխությունները տեղի ունենան շատ ավելի սահուն ու հեշտ։ Նույնը կարողացավ անել Էրդողանը 15 տարիների ընթացքում։ Թուրքական հասարակությունը, թուրքական գերատեսչությունները, որոնք առաջ իրենց մեջ կրում էին աշխարհիկ պետության առանցքը, Թուրքիայի աշխարհիկ պետության իմիջը, դա հիմա փոխվել է ու դրա փոխարեն իսլամիստ-ազգայնական ինքնություն է հիմա ներարկվում, որն էլ առաջ է բերում ավելի հավակնոտ արտաքին քաղաքականություն: Հայաստանի պարագայում, ցավոք, դրա հակառակն է տեղի ունենում, ավելի կրավորական, ավելի համաձայնողական, հանձնվողական արտաքին քաղաքականության է բերում ինքնության փոփոխության գործընթացը: Այդ գործընթացը կարեւոր հանձնարարությունն է ձեր նշած անձի եւ դա է նրա առաքելությունը»,- նշել է Սողոմոնյանը։