Ադրբեջանը չի բացելու ճանապարհը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Ադրբեջանը չի բացելու ճանապարհը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

- Հաագայի դատարանն ի նպաստ Հայաստանի որոշում կայացրեց: Սա մեզանում ոգեւորություն է առաջացրել, առաջին հայացքից այն ի նպաստ հայերի եւ Հայաստանի է, բայց կարծիք կա, որ որոշումն անթերի չէ: Ձեր գնահատմամբ` ի՞նչ որոշում է կայացվել, կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը:

- Կարծում եմ՝ ոչ մի որոշում չի թողնի որեւէ ազդեցություն: Նմանատիպ միջազգային որոշումները գրեթե միշտ ձեւական բնույթ են ունեցել: Ժամանակին ՄԱԿ-ը չորս բանաձեւ էր ընդունել՝ Հայաստանի հետ կապված, սակայն անտեսվեց: Այժմ նույն բանն անելու է Ադրբեջանը, եթե հայ հասարակության մոտ իլյուզիա կա, որ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելով եւ Հաագայի դատարանի վճռով Լաչինի միջանցքը բացվելու է, ապա շատ կարճ ժամանակ անց մարդիկ կտեսնեն, որ այդ ամենը կապ չունի իրականության հետ: Այդ հարցը լուծվելու է քաղաքական, այլ ոչ թե իրավական ճանապարհով: Հակառակ դեպքում, երբեք ճանապարհը չի բացվելու:

- Ո՞րն է հարցի լուծման քաղաքական ճանապարհը:

- Լաչինի միջանցքը փակվեց այն բանից հետո, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Նախքան Պրահայի հանդիպումը, Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ճակատագիրն անորոշ էր: Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ պետք է այդ հարցերը քննարկվեին եւ հետագայում լուծում ստանային, ռուսական խաղաղապահ ուժերն էլ պետք է վերահսկեին ճանապարհը, մինչեւ հարցը ստանար լուծում, սակայն երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնեց, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում, հանրությանն էլ ասում էր, թե իբրեւ այդ ամենի մեղավորները նախկին իշխանություններն են, նախ ասաց՝ 1991 թվականին Տեր-Պետրոսյանի իշխանավարման ժամանակվանից է սխալը եկել, հետո ասաց՝ 2008-ին Ռոբերտ Քոչարյանն է սխալ ուղղությամբ տարել հարցը, դրանից հետո էլ ասաց, որ 2010-ին է նման որոշում կայացվել: Այսինքն` անգամ նա իր ասածների մեջ շփոթվում էր: Ի վերջո` Փաշինյանը համոզում էր հասարակությանը, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, սա ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ նույն Փաշինյանն արդեն միջազգային հարթակներում համաձայնել էր Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարն ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ գործ ունեն այնտեղ ռուսները, ինչո՞ւ պետք է ռուսական զորքն այնտեղ լինի, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

- Ասում եք, որ Լաչինի միջանցքն ամեն դեպքում չի բացվելու: Այդ դեպքում ի՞նչ քայլեր կհաջորդեն դրան:

- Երկու տարբերակ կա, որ միջանցքը կարող է բացվել: Կամ Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես պետք է հայտարարեն, որ պատրաստ են ինտեգրվել Ադրբեջանի հետ, լուծարելով Ղարաբաղի պետականությունը, համաձայնելով, օրինակ, Ջավախքի պես ինչ-որ մի շրջան դառնալ: Պետք է ադրբեջանցիներին հրավիրեն Ստեփանակերտ, արդեն` Խանքենդի, կամ պետք է փոխվի Հայաստանի դիրքորոշումը, սակայն Հայաստանի դիրքորոշումը չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Այսպիսով՝ Հայաստանին մեծ քաղաքական փոփոխություններ են անհրաժեշտ, այլ տարբերակ չկա: Մնացած բոլոր տեսակետները խաբեբայություններ են, կամ էլ գուցե անգրագետ են, եթե երրորդ տարբերակ են փնտրում: Անգամ եթե Բայդենը, Պուտինն ու Մակրոնը՝ ամեն մեկն առանձին, իր կողմից առանձնահատուկ կոչով հանդես գա, միեւնույն է՝ Ադրբեջանը չի բացելու ճանապարհը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Ողջ խնդիրը սա է:

- Արարատ Միրզոյանն էլ օրեր առաջ Թուրքիայում էր: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները խոսեցին Անիի կամրջի նորոգման եւ հայ-թուրքական սահմանի բացման մասին: Ի՞նչ հանդիպում էր սա, եւ ի՞նչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին:

- Շատ պարզ է: Թուրքիան ասում է` Հայաստան, համաձայնիր Ադրբեջանի բոլոր պայմաններին, որպեսզի ես բացեմ սահմանը քեզ հետ: Հայաստանի քաղաքականությունը մուրացկանի քաղաքականություն է: Թուրքիայի հետ մուրացկանի կարգավիճակից է հայկական կողմը հանդես գալիս: Այս իշխանությունը ոչ մի ձեռքբերում չունի, «պռավալ» է տվել ողջ արտաքին քաղաքականությունը, Հայաստանի պետականությունը կազմաքանդել է մինչեւ վերջ, ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղը: Ուղղակի ծիծաղելի է խոսել այն մասին, որ այս նվաստացումների ու բացթողումների դիմաց բացվում է հայ-թուրքական սահմանը: Առավել ծիծաղելի է, որ հասարակության ինչ-որ մի հատված կարող է հույս ունենալ, որ Թուրքիայի հետ սահմանը բացելով, կարող են որոշ խնդիրներ լուծվել։ Չկա նման բան:

- Ի՞նչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը հայկական կողմին:

- Ոչ մի բան չի տա Հայաստանին, փոխարենը նոր պահանջներ է առաջ քաշելու Թուրքիան: Այստեղ մեղքը նաեւ ընդդիմությանն է, քանի որ ընդդիմությունը ներկայացրել է, թե իբրեւ սա աջարիզացիա է, իսկ մարդիկ մտածում են, դե՝ ի՞նչ վատ բան կա աջարիզացվելու մեջ որ, սակայն Թուրքիան երբեք Հայաստանի հանդեպ աջարիզացիայի քաղաքականություն չի վարել: Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է Հյուսիսային Կիպրոսի քաղաքականություն: Փաստացի առաջ է քաշելու նոր պահանջներ: Մինչեւ որ խեղդվի Հայաստանը, եւ Հայաստանի հանդեպ որեւէ կոնստրուկտիվ քաղաքականության մոդել չմնա: Հասարակությունն այդ մասին կիմանա այն ժամանակ, երբ արդեն ուշ կլինի:

- Ի՞նչ պահանջներ կարող է Թուրքիան Հայաստանին ներկայացնել:

- Բազմաթիվ: Թուրքիան ունի մեծ խաղաթուղթ, ասում է՝ Հայաստանի հետ հարաբերությունները կզարգացնեմ այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն: Դա նշանակում է՝ բավարարել Ադրբեջանի պահանջներն, իսկ դրանք անսպառ են, անվերջ: Ադրբեջանը ոչ մի բանի առաջ չի կանգնելու: Այսօր Ղարաբաղն է ուզում, վաղը՝ Սյունիքը, մյուս օրը` Տավուշն ու Սեւանը, իսկ այն մյուս օրն էլ Երեւանն է ուզելու եւ ճիշտ է անելու: Եթե մի երկիր պատրաստ է մուրացկանի քաղաքականություն վարել, իսկ ժողովուրդն էլ վախեցած ընդունում է մուրացկանի կարգավիճակը, ապա այդ երկիրը դատապարտված է ոչնչանալու: