ՄԻԵԴ-ն ընդունեց ԿԳՄՍ նախկին փոխնախարարի իրավունքների խախտման փաստը

ՄԻԵԴ-ն ընդունեց ԿԳՄՍ նախկին փոխնախարարի իրավունքների խախտման փաստը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի իրավունքների խախտման փաստը: Այս մասին հայտնում  են AM փաստաբանական ընկերությունից։

Լոռեցյանի փաստաբանը Լևոն Սահակյանն է։ Պաշտպանյալի շարունակական ապօրինի կերպով կալանքի տակ պահելը ՀՀ դատարանները պատճառաբանում էին միայն առաջադրված մեղադրանքի ծանրությամբ:

«Գ. Լոռեցյանին ներկայացված քրեական մեղադրանքի առնչությամբ չէր ապահովվում վերջինիս արդար դատաքննության իրավունքն այն իմաստով, որ այն չէր իրականացվում ողջամիտ ժամկետում, և Գ. Լոռեցյանը շարունակում էր մնալ կալանքի տակ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների դիրքորոշումը հակասում էր Եվրոպական դատարանի բազում նախադեպային որոշումներին` սպառելով ներպետական միջոցները փաստաբան Լևոն Սահակյանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվեց գանգատ:

Եվրոպական դատարանի կողմից բավարարվեց փաստաբանի գանգատը: Դատարանը եզրահանգեց, որ առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ազատության իրավունքի խախտում:

Դատարանը, արձանագրելով նշված խախտումը, որոշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամսվա ընթացքում Գ. Լոռեցյանին վճարի 2250 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որը համարվում է նմանատիպ գործերով փոխհատուցման ենթակա գումարի ողջամիտ չափ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Գ. Լոռեցյանի դեմ քրեական գործի քննությունը դեռևս շարունակվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ: