Լավ է ուշ, քան ուշացած

Լավ է ուշ, քան ուշացած

Հայաստանյան հանրության քաղաքական ու տնտեսվարագիտական հատվածը, որի որոշ մասն իշխանության կրող է, չտեսնելով կամ չտեսնելու տալով իր իսկ ստեղծած հանրային զանցառուական միջավայրը, կամա-ակամա շարժվում է դեպի հանցառուական միջավայր: Իշխանության այն մոտեցումը, թե վերեւներում կոռուպցիա չկա, բոլորովին չի արդարացնում ներքեւներում դրանց տարատեսակների դրսեւորումները:

Միջին պաշտոնյան պարտադրված է ինչ-ինչ հնարքների կիրառմամբ, այսուհանդերձ, հարցերը լուծել, քանզի մեզանում անհնարին է անգամ 250 հազար դրամ ընտանեկան բյուջեի պարագայում հիմնականում ներկրված բարձր գին ունեցող ապրանքատեսակներից օգտվել: Տեղական արտադրության արդյունաբերական ու պարենային ապրանքների ու հումքի գրեթե իսպառ բացակայությունը ոչ միայն աշխատուժի անիմաստ ավելցուկի է հանգեցնում, այլեւ աշխատանքն ու աշխատելն է արժեզրկում. 5 հազար դրամ օրավարձն իշխանությունը դրական արդյունք է դիտարկում, երբ այն 4 անձից բաղկացած ընտանիքի մեկ օրվա համեստ սննդակարգի ծախսն էլ չի փակում: Հայոց պետականությունը նման փաստի առաջ կանգնեցնելը հղի է անցանկալի-անկանխատեսելի հետեւանքներով: Գաղջից էլ առավել այս նոր միջավայրի կազմավորումը հայաստանաբնակը տեսնում-զգում է յուրաքանչյուր ակնթարթի, իր ողջ առօրյայում: Պատասխանատուները կոչված են սթափվել, քանզի այլ լուծումը կարող է ողբերգական լինել, եթե զավեշտա-ողբերգակերպից ինչ-որ հրաշքով խուսափենք:

Գեղամ  ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ