Ծնողներն իրենց աղջիկներին չեն թողնում, որ մասնակցեն դաշտային պարապմունքներին

Ծնողներն իրենց աղջիկներին չեն թողնում, որ մասնակցեն դաշտային պարապմունքներին

Նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման նոր մեթոդը դպրոցների զինղեկներին անհանգստանալու տեղիք է տվել : 

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է փոխել դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դասավանդման մեթոդը՝  դասընթացները իրականացնելով  նաև զորանոցային, ճամբարային պայմաններում:

Գյումրու ավագ զինղեկ, ավագ լեյտենանտ Սուրեն Ավետիսյանի խոսքերով՝ դիմում-հարցում են հղել նախարարությանը, քանի որ զինղեկներն իրենք էլ հստակ պատկերացում չունեն իրենց հետագա անելիքների հետ կապված : «Իրարամերժ խոսակցություններ ենք լսել,անհանգստացած ենք,քանի որ քիչ բան չենք արել: Նախարարությունը հիմնավորում է,որ ներկայիս ՆԶՊ դասավանդման վիճակը չի բավարարում իրենց: Չեմ հերքում, կան թերություններ, բայց չեմ կարող ասել, որ ոչինչ չենք արել: Ունենք մեծ արդյունք,դա ՀՀ զինված ուժերն է,պահեստային զորանոցը»,-Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում  նշում է ավագ զինղեկը:

Գյումրու թիվ 20 հիմն. դպրոցի զինղեկ Վաչագան Սարգսյանը, ով նաև Շիրակի մարզի պատանի երկրապահների համակարգողն է, ճամբարային դասընթացներ անցկացնելու փորձ ունի, սակայն գտնում է ,որ սխալ ռազմաքաղաքականություն է առարկան դասավանդել՝ հենվելով  միայն ճամբարի վրա: «Մենք կողմ ենք բարեփոխումներին, բայց կողմ ենք՝ տեսական գումարած նաև գործնական  տարբերակին:10-20 օրվա մեջ հնարավոր չէ այդ  նյութերն այնպես մատուցել,որ երեխայի մեջ հայերանասիրություն դաստիարակվի»:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանն էլ վստահեցնում է, որ հերոսների կենսագրություններին ծանոթանալը, հասկանալ, թե ինչ պայմաններում է խաղաղությունը մեզ տրվել, աշակերտների զգայական դաշտը ձևավորելու, հայրենասիրություն դաստիարակելու առաջին նախապայմաններից է: Ժորան,որ նախագահում է եղբոր հիշատակին կազմավորված «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ը, ևս քաջ  ծանոթ է ճամբարային պրակտիկաներին: Իր խոսքերով՝ մի փոքր դժվարությամբ է պատկերացնում,թե ինչպես են աշակերտները հաղթահարելու այն ֆիզիկական դժվարությունները, որոնց հանդիպելու են ճամբարում, քանի որ ռազմական ճամբարներ հիմնականում դիմում են կամավորները: «Ճամբարն արդյունք կտա, բայց արդյունավետ կլինի,եթե տեսական գիտելիքներով զինված լինես:ՆԶՊ-ի հետ կապված կարևոր է,որ որևէ բան չհանվի,այլ ավելացվի՝ հաշվի առնելով մեր պատերազմական վիճակը»,-ընդգծում է նա: 

«Ախր հայկական մենթալիտետը ուրիշ է:Մենք տարին մեկ անգամ դաշտային պարապմունք անցկացնում ենք:Շատ ծնողներ իրենց աղջիկներին չեն թողնում, որ մասնակցեն:Եթե դարձնեն ճամբարային, նրանցից շատերը չեն գա:Նախ հայրենասիրություն,հետո նոր՝ դաշտային պարապմունքներ….»,-այս կարծիքին է փոխգնդապետ,Գյումրու  «Ֆոտոն» վարժարանի զինղեկ Սամվել Խաչատրյանը: