Կամակատարների ինստիտուտը

Կամակատարների ինստիտուտը

Հարցը բոլորովին այն չէ, որ մենք կանխակալ վերաբերմունք ունենք Կարեն Անդրեասյանի կամ Վահագն Հովակիմյանի նկատմամբ: Այս նշանակումները քննադատողներին, անշուշտ, կարելի է հանդիմանել` մարդիկ դեռ չեն անցել իրենց պարտականությունների կատարմանը, իսկ դուք չարագուշակ հետեւանքներ եք կանխատեսում: Հարցն այն է, որ անկախ մարմինները կուսակցականացնելով, անարժան կամակատարներին դնելով՝ իշխանությունը հստակ խնդիր է լուծում` այդ համակարգերը ոչնչացնել, իր շահերին ծառայեցնել, կուսակցական կառույցներ դարձնել: Եվ չկա գեթ մեկ տոկոսի երաշխիք, որ այս մարդիկ կկայանան որպես անկախ կառույցների ղեկավարներ եւ երբեւէ կհանդգնեն չկատարել իրենց նշանակողի կամքը: Մարդը, ով չի կայացել որպես մասնագետ, նախորդ կյանքում զրկանքներ է կրել, հալածվել է, ունի բազում կոմպլեքսներ եւ վրեժ` իր բոլոր անհաջողությունների համար, չի կարող անկախ, ազատ եւ ինքնուրույն լինել: Չի կարող հաղթահարել անհայտությունից, մերժված ու չարքաշ կյանքից իրեն ազատողի հանդեպ անհուն երախտագիտությունը եւ հասկանալ իր ղեկավարած ինստիտուտի արժեքը:

Նման մարդիկ, իհարկե, կարող են լավ կատարողներ լինել, բայց ՀՀ նախագահի, ՄԻՊ-ի, ՍԴ-ի, ԲԴԽ-ի, ԿԸՀ նախագահի պաշտոնում հայտնված անձը միայն շեֆի հանձնարարությունները չի կատարելու: Երբեմն պարտավոր է լինելու նաեւ ինքնուրույն որոշումներ կայացնել: Երբեմն չի հասցնելու այդ որոշումները համաձայնեցնել շեֆի հետ: Երբեմն ստիպված է լինելու ելույթներ ունենալ եւ հարցազրույցներ տալ, եւ շեֆը չի հասցնելու ուղղել ու հուշել, թե ինչն ինչպես ասի: Մանավանդ՝ երբեմն շեֆն ինքն էլ լավ չի կողմնորոշվում, թե ինչ ասի, ինչպես իրեն պահի տարբեր իրավիճակներում: Համակարգը, իհարկե, կաշխատի, բայց ամեն օր՝ ավելի ու ավելի դժվար եւ խափանումներով: