«Հրապարակ». Ինչու էր ատոմակայանի տնօրենն ԱԺ եկել

«Հրապարակ». Ինչու էր ատոմակայանի տնօրենն ԱԺ եկել

Երեկ խորհրդարան էին այցելել ԱԱԾ նախկին, ներկայում ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ ատոմակայանի մի խումբ աշխատակիցներ, որոնք փակ հանդիպման մասնակցեցին մի խումբ պատգամավորների եւ փոխնախարարների հետ։ Հանդիպումից հետո Մարտիրոսյանը թեեւ չասաց, թե որն է այցի նպատակը՝ ասելով միայն, որ ընդհանուր հարցեր են քննարկել, սակայն մենք պարզեցինք, որ ՀԱԷԿ-ի աշխատակիցներն ԱԺ էին եկել գնումների խնդրով։ Նրանք պատգամավորներին դժգոհել են, որ շատ հաճախ հրատապ գնումների կարիք է առաջանում, սակայն օրենքը թույլ չի տալիս, որ մեկ անձից գնումներ կատարեն, որոնք ավելի արագ են, առանց մրցույթի եւ ավելի սեղմ ժամկետներում են իրականացվում։

Պատգամավորների եւ կառավարության անդամների հետ քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ գործող օրենսդրությունում բաց չկա, որեւէ փոփոխություն չեն կարող անել, ուստի առաջարկել են համապատասխան որոշմամբ թույլատրել, որ նման դեպքերում հնարավորություն տրվի մեկ անձից գնում կատարելու՝ պայմանով, որ ղեկավարությունը պատշաճ կհիմնավորի անհրաժեշտությունը։